Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյանը՝ որպես ուսուցիչ. Մեկ մարդու գաղափարը՝ հանրային փոփոխության հիմքում

Նոյեմբեր 05,2026 17:17 Share
Աջակցեք aravot.am-ին

«Օրհնվի այն մարդը, ով ինձ առաջնորդեց բեմ և բացատրեց, որ նույն բարձրության վրա են բեմն ու խորանը․․․». Գագիկ Գինոսյան 

«Այն ժամանակ ոչ մի բան չունեինք, մագնիտոֆոն չունեինք։ Գինոսյանը այսպես՝ «տարա-րիրա-րի-րարան, տան տարարամ», այ այդպես, առաջին պարապմունքները այդպես ենք արել։ Առանց ոչ մի բանի։ Հետո մի դհոլահար կար՝ Դավիթ անունով, ինքը եկավ, միացավ։ Հետո այդպես մի դուդուկահար եկավ։ Մի խոսքով, այդպես կամաց-կամաց սկսեց խումբը հավաքվել». Գագիկ Գինոսյանի ընկերն ու գաղափարակիցը՝ Մեսրոպ Քամալյանը, այսպես է հիշում «Կարին» ազգային պարի խմբի ձևավորման առաջին փորձերը։

Գինոսյանի նախաձեռնած աշխատանքի առանցքում ազգային պարը վերհանելու և դա կենցաղ վերադարձնելու գաղափարն էր, որը ձևավորվել էր դեռ Արցախյան առաջին պատերազմի տարիներին։

Հայրենասիրական ու գոյաբանական հարցադրումների կողքին Գինոսյանի համար ազգային պարը դարձավ ազգային ինքնությունն ու տեսակը վերագտնելու, ինչպես նաև այն հանրությանը փոխանցելու միջոց։

«Իր համար հիմնական ձևակերպումը այսպես է եղել, որ պարը ոչ թե նպատակն է, այլ պարը միջոցն է, որը պիտի մարդուն օգնի գտնել իր արմատները, վերադառնալ դեպի ինքնություն, դառնալ ինքնաճանաչ, հայրենասեր․ այդ է հիմնական նպատակը»,- «Առավոտի» հետ զրույցում նշում է դուստրը՝ Անի Գինոսյանը։

Նրա խոսքով՝ հայրը համոզված էր իր ընտրած ճանապարհի կարևորության մեջ և պատրաստ էր երկարատև աշխատանքի՝ առանց արագ արդյունքներ ակնկալելու․ «Ինքը հենց սկզբից էլ իր գաղափարի մեջ եղել է պինդ և մնացել է այդպես, այսինքն՝ ինքը սկզբից էլ հավատացել է, որ թեկուզ դանդաղ քայլերով, բայց պետք է անել այն, ինչ ինքը անում է»։

Հանրային անտարբերությանը կամ չհասկացված լինելուն Գինոսյանը վերաբերվում էր զուսպ ու վերլուծական մոտեցմամբ։ Մեսրոպ Քամալյանը նշում է, որ Գինոսյանը խորապես հասկանում էր հասարակության մտածողության պատմական պատճառները:

«Նա մարդկանցից չէր նեղանում, ոչ մի այդպիսի բան չուներ, որովհետև շատ լավ հասկանում էր, որ 70 տարի մարդկանց լրիվ ուրիշ բան են ասել, ուրիշ ձևով են կրթել։ Ինքը գիտեր, որ մարդիկ մեղավոր չեն, որ չգիտեն իրենց պարը, ու դրա համար էլ չէր սպասում, որ մարդիկ միանգամից ընդունեն»,-պատմում է ընկերը:

2009 թվականին՝ 4 տարեկանում, առաջին անգամ մայրիկի հետ «Նարեկացի» արվեստի միություն մտած, հետագայում «Ծովակի», իսկ այժմ «Կարինի» ամենակրտսեր մասնակից Նանե Քալաշյանի խոսքով՝ այդ ժամանակ հազիվ 50 մարդ էր հավաքվում, և նույնիսկ մարդկանց այդ փոքրաթիվ մասնակցությունն էր զարմանալի թվում։

Նանեի հիշողություններում Գինոսյանի կերպարը կապված է ոչ միայն պարի ուսուցման, այլ փորձերի ընթացքում ստեղծված ջերմ մթնոլորտի հետ։ Նա պատմում է, որ Գինոսյանը երբեմն ուշանում էր փորձերից։ Մի անգամ, ձմռանը, երբ մեքենան սահել ու հարվածել էր, նա փորձասրահ էր մտել իրեն բնորոշ կատակով՝ «Բա չիմացաք՝ ինչ եղավ․․․»։ Կատակն անմիջապես թուլացրել էր լարվածությունը։

Նրա խոսքով՝ փորձերից առաջ միասին սուրճ խմելն ու կատակելը «Կարինում» ձևավորված սովորույթներից էին, որոնք պահպանվում են նաև այսօր։

Տարիների չդադարող աշխատանքի արդյունքում ազգային պարի շուրջ ձևավորված հետաքրքրությունն աստիճանաբար մեծացավ։ Անի Գինոսյանը վերհիշում է, որ խմբի գործունեության մեջ վճռորոշ ու բեկումնային դարձավ 2011 թվականին միջազգային հարթակում գրանցած հաջողությունը։ Անիի դիտարկմամբ՝ այդ հաջողությունից հետո ազգային պարով հետաքրքրվողների վերաբերմունքն աստիճանաբար փոխվել է․

«Երբ որ ես միացել եմ, արդեն բավականին շատ մարդ կար, որ գալիս էին, պարում էին։ Երևի թե մեր պարագայում բեկումնային եղավ այն պահը, երբ որ մենք Իսպանիայում փառատոնի առաջին տեղը զբաղեցրեցինք․ 11 թիվն էր, դրանից հետո շատ մարդու վերաբերմունք փոխվեց»։

Այս հաջողություններին զուգահեռ՝ հասարակությունն աստիճանաբար ավելի լավ ճանաչեց սեփական մշակույթն ու դարձավ պահանջատեր։ Անտարբերության փոխարեն ձևավորվեց հանրային լայն հետաքրքրություն։

Մեսրոպ Քամալյանի դիտարկմամբ՝ Գինոսյանի հիմնական դժվարությունը ոչ թե հասարակությանն արթնացնելն էր, այլ պաշտոնական օղակների դիմադրությունը կոտրելը։ Նա հիշում է, որ ազգային պարի տարածմանն ուղղված համերգներն ու հրապարակումները տարիների ընթացքում նպաստել են հանրային հետաքրքրության աճին․

«Այնքան հոդվածներ, այդքան նյութեր, այդքան համերգներ․․․ ոնց որ ասենք այս բռունցքով հա բետոնի պատ ջարդես, ու վերջում սկսեց ճաքեր տալ այդ պատը։ Հանրությունն էլ ավելի պահանջատեր էր, արդեն հանրային շատ մեծ ճնշում կար, ստիպված «Ազգային երգ ու պար» առարկան հաստատեցին»։

«Ազգային երգ ու պար» դպրոցական ծրագրի հաստատումից հետո Գագիկ Գինոսյանն ու «Կարինի» անդամները լայնամասշտաբ վերապատրաստումներ իրականացրեցին Հայաստանի տարբեր մարզերում՝ ուսուցիչներին ու աշակերտներին փոխանցելով ազգային պարի հիմնական պարաքայլերը։

Մեսրոպ Քամալյանը յուրահատուկ է համարում Գինոսյանի՝ որպես ուսուցչի մեթոդաբանությունը:

«Սովորեցնելն էլ իր մակարդակն ունի․ դպրոցի ուսուցիչը ինչ-որ մի մակարդակի է սովորեցնում, համալսարանի դասախոսը՝ ուրիշ։ Գինոսյանը սովորեցնում էր մարդուն այնպես, որ այդ մարդը հազարների կարողանա սովորեցնի։ Ինքը սովորեցնելու այդ հմտությունը հասցրել էր այն աստիճանի, որ դա առանձին սանդղակ է․ դու մարդուն այնպես ես սովորեցնում, որ ինքն էլ գնա ու հազարավորների սովորեցնի»,- նշում է նա։

Գինոսյանի ուսուցչական կերպարը սաները հիշում են նաև նրա անմիջականության ու անհատական վերաբերմունքի շնորհիվ։ Նանե Քալաշյանը վերհիշում է Գինոսյանի անմիջականությունն ու այն ապահովության զգացումը, որ նա տալիս էր իր սաներին․

«Նրանից այնքան ջերմություն, սեր եմ ստացել՝ անկեղծ։ Ամեն փորձից առաջ ես այսպես սրտատրոփ սպասում էի, որ շուտով դուռը կբացվի ու ընկեր Գինոսյանը ներս կմտնի։ Իր հումորներով, իր սիրուն խոսքերով խրախուսում էր, կատակներ էր անում, տրամադրություն էր բարձրացնում։ Նա փոքրի հետ փոքր էր, մեծի հետ մեծ էր։ Եթե մենք ինչ-որ մի բան այն չանեինք, գիտեինք, որ ինքը կա ու մեր բոլորի խնդիրները կլուծի, հիմա էլ է այդպես․ պատասխանատու պահերին ես զգում եմ նրա ներկայությունը թիկունքումս»։

Այսօր «Կարինի» անդամներն իրենց վրա են վերցրել նույն առաքելությունն ու ազգային պարի ուսուցում են իրականացնում տարբեր խմբերում, կրթական հաստատություններում ու հանրային հարթակներում։

Մեսրոպ Քամալյանը պատմում է, որ ազգային պարի ազդեցությունն առավել նկատելի է դարձել այն ժամանակ, երբ իրենք սկսել են այն սովորեցնել երեխաներին․

«Դա այնպիսի ազդեցություն ունի մարդու վրա, որ մենք այն ժամանակ էլ այդքան չէինք հասկանում, բայց երբ սկսեցինք երեխեքին սովորեցնել, զգացինք՝ երեխան ոնց է սկսում փոխվել։ Օր օրի է փոխվում․ ինչքան խորանում է, ինչքան այդ պարը ավելի կատարյալ է սկսում պարել, ինքը որպես մարդ, որպես հայ այնքան է փոխվում»։

Հանրային վերաբերմունքի փոփոխությունը նկատել է նաև Նանե Քալաշյանը։ Նա հիշում է, որ նախկինում ազգային պարով հետաքրքրվելը երբեմն իր հասակակիցների համար անհասկանալի էր, մինչդեռ տարիներ անց նրանց մի մասին հանդիպել է հենց հանրային պարուսուցման ժամանակ․

«Անցած անգամ, Կասկադում պարուսուցում անելիս, տեսնում եմ նույն դասընկերներիս․ այն մարդիկ, որ ասում էին՝ «քեզ հնին ես տվել», հիմա եկել են Կասկադ ու սովորում են պարել»։

Մեսրոպ Քամալյանը, որ Գագիկ Գինոսյանի կողքին է եղել նրա կյանքի տարբեր փուլերում, ուսուցչի կերպարն ու հանրային մեծ առաքելությունը ամփոփում է հենց այդ «հեղափոխության» գիտակցմամբ․

«Այն, ինչ Գինոսյանն արեց, մաքրամաքուր էր․ ինքը չվախեցավ ուղղակի բեմից իջնել ու հասարակ մարդուն կանգնեցնել, ասել՝ արի սովորեցնեմ քեզ։ Սա քո պարն է, սա այն պարը չէ, որ մենակ բեմի վրա են պարում, սա քո պապը պարել է, ուղղակի դու մոռացել ես, որովհետև 70 տարի քեզ ուրիշ բան են ասել։ Սա քո պապան հաստատ պարել է, ուղղակի դու չգիտեիր դրա մասին։ Այդ իմաստով Գինոսյանի արածը լրիվ հեղափոխություն էր ընդհանուր հայկական պարարվեստի մեջ․ ոչ մեկ ռիսկ չէր արել այդպիսի բան անել»։

Գինոսյանի սկսած աշխատանքի շարունակությունն այսօր իր վրա է վերցրել նաև նրա դուստրը՝ «Կարին» ազգային պարի խմբի ղեկավար Անի Գինոսյանը։ Նրա խոսքով՝ հոր կուտակած փորձն ու գիտելիքը փոխանցելը մեծ պատասխանատվություն է, և այդ ճանապարհին դժվարություններն անխուսափելի են․

«Դժվար բաներ իրականում շատ կան, որովհետև այն, ինչ ինքն անում էր՝ տարիների կուտակված փորձ էր, իմաստություն էր, իր կյանքի փորձն էր, բացի մասնագիտական փորձից։ Այնպես որ դժվարություններ եղել են ու կլինեն, կարծում եմ։ Բայց քանի որ ես ու ոչ միայն ես, նաև մերոնք՝ խմբի երեխեքը, մեզ համարում ենք իր աշակերտ, այդ դժվարությունները մեզ հիմնականում չեն ընկճում»։

Գինոսյանի նպատակների իրականացման մասին խոսելիս Անի Գինոսյանը նշում է, որ այդ ճանապարհը դեռ ավարտված չէ․

«Չեմ կարծում, որ վերջնականապես հասել է, որովհետև այդ նպատակը շատ մեծ է սահմանված էլի, բայց մենք քայլում ենք էլի այդ ճանապարհով»։

Այսօր Հայաստանի տարբեր համայնքներում, դպրոցական բակերում ու հրապարակներում երիտասարդները պար են սովորում ու պարում։ Մեկ մարդու գաղափարով ու հետևողական աշխատանքով սկսված նախաձեռնությունը տարիների ընթացքում ընդլայնվել է՝ ընդգրկելով կրթական ծրագրեր, պարային խմբեր և հանրային պարուսուցումներ։ Գագիկ Գինոսյանի սկսած գործն այսօր շարունակում են նրա աշակերտներն ու գաղափարակիցները՝ այն փոխանցելով նոր սերունդներին։

 

Մարիետա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30