«Այո, ճանապարհը գիշերը փակվել է, որ նոր մաքսակետեր տեղադրվեն։ Կար մեկ մաքսակետ։ Երկու ամիս շարունակ ԱԺ ամբիոնից ասում էի, որ շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում, անվտանգության խնդիր կա՞։ Եվ միայն երեկ ԱԽՔ-ն ժամեր առաջ ասում է, թե մաքսակետ են դնելու։ Ո՞ւմ համար։ Մտածե՞լ են, թե այդ ճանապարհով անցնող մարդիկ ի՞նչ անվտանգություն են ունենալու։ ԱԽՔ-ը կարո՞ղ է բացատրել»,-կառավարության դիմաց այսօր Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսային անցակետերի ապօրինի տեղադրման դեմ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հարցադրումներ արեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց․ «Այդ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունք է։ ԱԱԾ-ն ինձ պատասխանել էր, որ հայկական եւ ռուսական սահմանապահ զորքերի միջեւ տեղի է ունեցել բանավոր համաձայնություն՝ ճանապարհի անխափան երթեւեկությունն ապահովելու համար, բայց այսօր այդ ճանապարհին անվտանգ չեն երթեւեկում։ Կապան-Ճակատեն ճանապարհը, որտեղ ադրբեջանցիներն են, անվտանգ չէ։ Գիշերն անհանգիստ է եղել, հավելյալ տեղեկություններ չեմ կարող այս պահին ասել։ Հանձնեցին մեր սեփական միջպետական ճանապարհը եւ հպարտանում են, որ այլընտրանքային ճանապարհ կա։ Բարձրավանը, Որոտանը եւ Շուռնուխը հայտնվեցին շրջափակման մեջ։ Այդ ճանապարհների այլընտրանքը կառուցված չէ։ Մի տարի առաջ ճանապարհը հանձնեցին եւ մի տարի չէին մտածում, թե ինչ են անելու։ Մի տարի առաջ Սուրեն Պապիկյանին ասացի, պատասխանեց, որ կկառուցեն։ Մի տարի՝ չկառուցեցին»։
Աննա Գրիգորյանի բնորոշմամբ՝ առհասարակ հնարավոր չի լինելու ադրբեջանական մաքսակետերով անցնել․ «Այսօր կգնամ այդ ճանապարհով, որպեսզի հասկանամ իրավիճակը։ ՔՊ-ն այսօր Կապանում հավաք է անելու։ Իրենց կառաջարկեի փորձել։ Թող Սուրեն Պապիկյանի՝ Տաթեւով ճանապարհը փակեն, որ պատկերացնի՝ քաղաքացու ճանապարhն ինչպե՞ս է անցնելու։ Առանց որեւէ իրավական հիմքի ադրբեջանցիները մեր տարածքում են, մաքսակետեր են տեղադրում»։
Կարդացեք նաև
Պատգամավորը նաեւ հայտնեց, որ գուցե ԱԺ հրատապ նիստ հրավիրելու հարցը քննարկեն։
Աննա Գրիգորյանը պնդեց, որ ադրբեջանական մաքսակետերի տեղադրումն անսպասելի որոշում չի եղել․ «Արմեն Գրիգորյանն իր խոսքում ասաց, որ մենք էլ ենք աշխատում այդ ուղղությամբ։ Վերջերս էլ ԱԺ-ում փակ նիստի ժամանակ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ինձ ասաց՝ ունեմ կարծիք, բայց չեմ կարող հիմա ասել։ Այսինքն, նրանք գիտեին, որ ադրբեջանցիները դնելու են մաքսակետեր։ Երբ որպես պատասխան քայլ հայկական մաքսակետեր ենք դնում, ստացվում է, որ ընդունում ենք, որ այդտեղ է մեր սահմանը։ Դա անթույլատրելի է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































Իհարկե տհաճ է, որ մաքսակետ են դրել: Սովետական Հայկական քարտեզներում մեր Պետական ավտոմայրուղին / եթե այդ նեղլիկ ճանապարհը հնարավոր է մայրուղի անվանել/ մոտ 5կմ մտնում է ադրբեջանի տարածք և իրենք իրենց տարածքում, կրկնում եմ իրենց տարածքում կուզեն մաքսակետ կդնեն, կուզեն տանգո կպարեն, դա իրենց գործն է: ԵՎ լավ կլինի ընդդիմադիր պատգամավորը չփորձի շփոթեցնել անտեղյակ հանրությանը: Խաբելով շատ առաջ չես գնա, ստի ոտքերը կարճ են: