Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանագծումն ու սահմանազատումը այս օրերին տեղի է ունենում ամենաստոր ձեւով՝ հայ զինվորի արյան միջոցով». Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 25,2021 12:51

Այսօր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ լսումներին հրավիրվել են ԱԺ բոլոր խմբակցությունները, նախկին զինվորականներ, արտախորհրդարանական ուժեր, փորձագետներ, վերլուծաբաններ:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը հիմնական զեկուցողն էր, ասաց, որ այս իշխանությունները անտեսելով, քայքայելով, զրոյացնելով բանակցային, միասնական ժողովրդական ներուժը, խախտելով ներպետական, միջազգային որոշումների ընդունման ընթացակարգերը՝ պարտության տարան Արցախին՝ Արցախի ժողովրդին թողնելով աշխարհագրական անկլավային վիճակում, ստորագրեցին կապիտուլյացիոն փաստաթուղթը: Չգիտակցելով, որ ինչ-որ պահի սահմանների ճշտում պետք է իրականացվի, անտեսելով մեր աշխարհագրական առավելությունները, մարտական գործողությունները կանգնեցնելուց հետո, առանց հիմքի, իրավական նորմերի, քարտեզների, հատուկ բացատրագրերի, Արցախը Հայաստանին միացնող կարեւորագույն ռազմավարական տարածքները, սահմանային կարեւոր կետերը, ճանապարհները հանձնեցին հակառակորդին՝ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներին գցելով Ադրբեջանի կողմից մեզ վրա անընդհատ ճնշման ճիրանները»:

Ըստ Սեյրան Օհանյանի, հակառակորդի ցանկությունները՝ միջանցքի բացումը կանխելու համար մեր իշխանությունները արագ չկահավորեցին սահմանագիծը, քայլեր չձեռնարկեցին, միգուցե բանավոր պայմանավորվածությամբ ու երկիրը կանգնեցրին այս աղետի առջեւ: Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները, փոխանակ հանրությանը համախմբելու քայլեր ձեռնարկեին, հանդես են գալիս խաղաղության դարաշրջան բացելու կեղծ օրակարգով. «Անհասկանալի է ում շահերն են պաշտպանում, դիվանագիտական եւ բանակցային ռեսուրսի թերի գործադրումով եւ ռազմավարական գործընկերների հետ ոչ սկզբունքային, անհետեւողական հարաբերություններ հաստատելով»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղությանը եւ սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների, ժամանակավրեպ՝ ի հաշիվ Հայաստանի եւ Արցախի շահերի կորստի: Նա նշեց, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ իրականացնելիս պետք է բացառել Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում. «Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկմանը, մենք կողմ ենք դրան, բայց ոչ ի հաշիվ մեր երկրի անվտանգության ապահովման եւ ինքնիշխանության մակարդակի նվազեցման: Թուրք-ադրբեջանական նախապայմաններն անընդունելի են: Իսկ մենք տեսնում ենք, որ մեր երկրի իշխանությունները կատարում են այդ թելադրանքները: Պաշտոնական Երեւանից հնչող մուրացկանային  խաղաղասիրության կոչերը ավելի են գրգռում թշնամու ախորժակն ու առաջացնում նոր խնդիրներ: Նորություն չէ, որ սահմանագծումն ու սահմանազատումը այս օրերին տեղի է ունենում ամենաստոր ձեւով՝ հայ զինվորի արյան միջոցով: Նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը դրա ապացույցն է»:

Օհանյանը դժգոհեց, որ պաշտոնական մակարդակով պատշաճ բացատրություններ չեն տրվել, թե ինչու տեղի ունեցավ այդ մեկօրյա պատերազմը, որի արդյունքում ունեցանք զոհեր, վիրավորներ, գերիներ իսկ Ադրբեջանը մտավ ՀՀ ինքնիշխան տարածք, այսինքն, տեղի ունեցավ սահմանագծում՝ արյունով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930