Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի ցուցակում՝ «Մոգո»-ի կառավարիչ, «Հայրենիքի» ցուցակում 18 թեկնածուից 15-ը գործազուրկ, ՀՅԴ-ի ցուցակում 18-ամյա ուսանողուհի

Նոյեմբեր 29,2021 18:04

«Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները Աշտարակում կմասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք կայանալու  են այս տարվա դեկտեմբերի 5-ին:

ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է այդ կուսակցության անդամ Կարապետ Առաքելյանը, որը չի աշխատում: Ցուցակի ամենատարեց թեկնածուն 70-ամյա Ալեքսանդր Բաբայանն է, որը ԿԳ աշխատողների Աշտարակի տարածաշրջանի արհմիության նախագահն է: Ամենաերիտասարդ թեկնածուն 18-ամյա ուսանողուհի, ՀՅԴ-ական Թամարա Բաղդասարյանն է: Դաշնակցության ցուցակում 3 ուսուցիչ կա, «Տելեկոմ Արմենիա»-ի աշխատակից, Նոր Եդեսիայի համայնքապետարանից, անհատ ձեռներեց «Շամիրամ ՋՈ»-ից: Ընդհանուր առմամբ՝ ցուցակում ընդգրկված է 28 թեկնածու, որից 10-ը իգական սեռի ներկայացուցիչ: ՀՅԴ-ի դեպքում, գրանցվել, ապա փաստաթղթերը հետ է վերցրել 1 թեկնածու՝ Արտաշես Շահնազարյանը:

«Հայրենիք» կուսակցությունը նախնական գրանցել է 21 թեկնածու, որից 2-ը՝ Անահիտ Ֆարիզյանն ու Օֆելյա Հովհաննիսյանը ինքնաբացարկ են հայտնել, մեկ թեկնածու էլ՝ Ռենե Բադալյանը փաստաթղթերը հետ է վերցրել: Այս կուսակցության ցուցակի 18 թեկնածուներից 5-ն են իգական սեռի ներկայացուցիչներ: Կուսակցության ցուցակի առաջին տեղում 32-ամյա Ազատ Զաքարյանն է, որի «զբաղվածությունը» տողի դիմաց գրաված է՝ չի աշխատում: «Հայրենիքի» 18 թեկնածուներից 15-ը չեն աշխատում, գործազուրկ են: Ցուցակից տեղեկանում ենք, որ թեկնածուների թվում է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի պահակը, Աշտարակ հայրենակցական միության հիմնադիր տնօրենը՝ Սարիբեկ Օվոյանը, Ավանի մշակույթի տան աշխատակից Մնացական Մկրտչյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Աշտարակի ընտրություններում ի սկզբանե գրանցել է 81 թեկնածու, որից միայն մեկը՝ Ելենա Մարտիրոսյանն է փոշմանել եւ ինքնաբացարկի դիմում ներկայացրել: ՔՊ-ն ցուցակում ունի 26 կին թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՔՊ-ական Թովմաս Շահվերդյանը, որը Աշտարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է:

Ուշագրավ է, որ Աշտարակում պայքարող 3 կուսակցությունների ցուցակը գլխավորում են տղամարդ թեկնածուները: Երեք քաղաքական ուժերի դեպքում էլ կանայք ցուցակի երրորդ եւ հաջորդող հորիզոնականներում են:

ՔՊ-ի 80 հոգանոց ցուցակում 7 թեկնածուն Աշտարակի եւ մերձակա համայնքների համայնքապետարանների աշխատակիցներ են: ՔՊ-ի թեկնածուներից միայն 16-ը չեն աշխատում: Այս կուսակցության ցուցակում է «Ֆասթ կրեդիտ»-ի գանձապահը, «Անի Պլաստ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը, Օշական համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արամ Ներսիսյանը, Աշտարակի համայնքապետարանի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Շանթ Վահանյանը, «Արագածոտն» ՋՕԸ-ի տնօրեն Գոռ Արշակյանը, «Մոգո» ՈՒՎԿ, մասնաճյուղի կառավարիչ Ալբերտ Դատումյանը, Կոշ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դասախոս Գալուստ Թադեւոսյանը, Փարպիի միջնակարգ դպրոցի տնօրեն Բավական Հարությունյանը, Օշականի Մ․ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց, ուսուցչուհի Սոնյա Բադալյանը, հանդիսավար Բաբկեն Վարդանյանը, ֆիզիկ Ռիտա Դավթյանը, Աշտարակ համայնքի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ-մենեջեր Արմեն Մանուկյանը, անվտանգության աշխատակից Դավիթ Ասատրյանը, Նոր Եդեսիա համայնքապետի տեղակալը, գյուղատնտես Շիրակ Հակոբյանը, անգամ Աշտարակի ՀԷՑ-ի տեղամասի պետն ու «Կարմիր խաչի» աշխատակից Նարե Խաչատրյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930