Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ քաղաքական վենդետայի ենթարկեցին, բայց պայքարում ենք». անակնկալ զարգացումներ՝ Ախուրյանի ՏԻՄ ընտրություններում

Նոյեմբեր 30,2021 19:35

Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ընտրապայքարից դուրս մնացած «Իկիլիկյան դաշինք»-ը գլխավորող Վարդան Իկիլիկյանը՝ Ազատան համայնքի ղեկավարը, այսօր հանդիպում ունեցավ ազատանցիների ու հարակից գյուղերի բնակիչների հետ՝ նրանց որոշակի պարզաբանումներ ներկայացնելով հետագա քայլերի մասին։

Վարդան Իկիլիկյանին այսօր միացել էին նաև Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող երկու մրցակիցները՝ դաշնակցականներ Արծրուն Իգիթյանը, որը գլխավորում է «Ախուրյան դաշինք»-ը և Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը՝ «Հաղթանակ» դաշինքի թեկնածուն։

Վարդան Իկիլիկյանը ներկաներին մեկ անգամ ևս պարզաբանեց, որ իրենց դիտավորյալ դուրս են թողել ընտրապայքարից, հանձնաժողովն իր աշխատանքը պատշաճ չի կատարել։

Ըստ Ազատանի գյուղապետի, իրենց սկզբում մոլորեցրել են, փաստաթղթերը ընդունելիս՝ նշել, որ «Իկիլիկյան դաշինք»-ը օրենքով սահմանված կարգով, ճշգրտորեն պահպանել է ավագանու ցուցակում բնակավայրերից թեկնածուների ընդգրկվածության համամասնությունը, սակայն հետագայում գրանցումն անվավեր է ճանաչել ու գցել դատական քաշքշուկների մեջ։

Սկզբում «Իկիլիկյան դաշինք»-ն է դատի տվել հանձնաժողովին ու շահել դատը, այնուհետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է դատարանում վիճարկել «Իկիլիկյան դաշինք»-ի գրանցումը, զրկել վերջինիս ընտրապայքարից։

Դրանից հետո «Իկիլիկյան դաշինք»-ը նորից դիմել է վարչական դատարան՝ դատի տալով հանձնաժողովին ու նորից մերժել են գրանցումը։

Վարդան Իկիլիկյանն այս ամենը ՔՊ-ի կողմից իրենց նկատմամբ «քաղաքական վենդետա» որակեց։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճնշում գործադրեց վարչական դատարանի վրա՝ մեր թիմին զրկելով ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց։ Սա ես համարում եմ քաղաքական վենդետա մեր թիմի նկատմամբ, դրանով ոտնահարվեցին թե՛ մեր թեկնածուների և թե՛ մեր ընտրողների իրավունքները։ Չկարողացանք դատական կարգով վերականգնել մեր մասնակցելու իրավունքը, բայց և մեր պայքարը չենք դադարեցնելու», -հայտարարեց Վարդան Իկիլիկյանը։

Նա նշեց, որ ՏԻՄ ընտրություններում, թեև «Իկիլիկյան դաշինք»-ին հանեցին քվեաթերթիկից, սակայն իրենք կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին՝ սատարելով «Ախուրյան» ու «Հաղթանակ» դաշինքներին։

«Ազատանն Ախուրյանի սիրտն է, և Ազատանն անպայման պիտի իշխանության մեջ ներկայացված լինի, որպեսզի յուրովի կարողանանք մեր հարցերը ներկայացնել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեթև ձեռքով դուրս մնացինք, կարողացան հասնել այն նպատակին, որ Ազատան համայնքն ու հարակից համայնքները ներկայացնող «Իկիլիկյան դաշինք»-ը դուրս բերեցին ընտրապայքարից, միգուցե համոզված լինելով, որ կարող ուժ ենք, հիմնավորումները թող մնան իրենց վրա։

Մենք այսօր պայմանավորվածության մեջ ենք «Ախուրյան դաշինք»-ի և «Հաղթանակ դաշինք»-ի հետ, որպեսզի անկախ նրանից՝ կանք, թե չկանք քվեաթերթիկի մեջ, կարողանանք Ախուրյան համայնքի նոր ձևավորվող իշխանության մեջ ունենալ նաև Ազատան համայնքի ներկայացվածությունը։

Այսինքն՝ պայմանավորվածությունը հետևյալն է, որ յուրաքանչյուրս մեկ երրորդ, գրեթե 30 տոկոսով ձևավորելու ենք մեր իշխանությունը, որպեսզի կարողանանք յուրաքանչյուր բնակավայրից ներկայացված աշխատակիցներ ունենալ աշխատակազմում և կարողանանք բոլոր հարցերը ներառել և կառավարման գործը կազմակերպել։ Այս երկու դաշինքները մեզ ներառել են ընտրապայքարի մեջ և մինչև վերջ գնալու ենք իրար հետ»,- ասաց Վարդան Իկիլիկյանը։

Հանդիպումն անցավ որոշակի միջադեպերով, վիճաբանություն սկսվեց հարց տվող մի երիտասարդի ու ներկաների մեջ։ Երիտասարդը հետարքրքված էր, թե «Իկիլիկյան դաշինք»-ը ՔՊ-ին մեղադրելուց առաջ չունի՞ արդյոք իր մեղքի բաժինը՝ փաստաթղթերը օրենքով, պատշաճ ներկայացնելու հարցում։ Ազատանի համայնքապետը պարզաբանեց, որ գրանցման ավարտից հետո թեկնածուներին անակնկալ են մատուցել․ պարզվել է Ախուրյան խոշորացված համայնքում ոչ թե 33, այլ 35 բնակավայր են ներառվելու, իսկ այս մասին տեղյակ չեն պահել անգամ մյուս ընդդիմադիր թեկնածուներին։ Հանձնաժողովն էլ միտումնավոր չի բարեհաճել ստուգել թերությունները ու տրամադրել 48 ժամ, որպեսզի ուղղեն այդ փաստաթղթերը։

Երիտասարդը պարզաբանումը լսելուց հետո ասաց՝ եթե հանձնաժողովը Վարդան Իկիլիկյանին մոլորեցրել է, ապա վաղը մյուս օր ինչ պիտի աներ նա, եթե դառնար 33 կամ 35 համայնքի ղեկավար։

«Ավագանու չորս թեկնածուի ավել ներկայացնեիք, չէինք մոլորվի, այս խնդրի առջև էլ չէինք կանգնի, ազատանցին էլ կգնար, իր թեկնածուին կընտրեր»,- նկատեց երիտասարդը։

Դահլիճից նրան հակադարձեցին. «Դու ե՞րբ ես կողմ եղել որ, այ տղա՛»։ Սա դարձավ թունդ վիճաբանության թեմա, նույնիսկ փորձեցին դուրս գալ՝ հարցեր պարզելու։

Իհարկե, Ազատանի գյուղապետը շատ արագ կարողացավ հանդարտեցնել իրավիճակը։

Դրանից հետո ձայն խնդրեց տարեց մի կին՝ հարց տալու, սակայն փոխարենը նախատեց գյուղապետին՝ ասելով, որ 30 տարի շարունակ աշխատել է մշակույթի տանը, սակայն համայնքի ղեկավարը միտումնավոր «Նիկոլ ընտրելու համար» իրեն աշխատանքից ազատել է։ Տիկինն ասաց, որ Ազատանը մեծ բյուջե ունի, սակայն ոչ մեկը չի օգտվում, հետևաբար և գյուղապետի «գնացքն անցել է»։

Կինը նախատեց ու հեռացավ։

Գյուղապետը հարցրեց․ «Հիմա հարցդ ո՞րն է, որ պատասխանեմ»։ Տիկինը բացականչեց՝ ես պատասխանեցի։

Վարդան Իկիլիկյանը ներկաներին առաջարկեց հյուրերին ճանապարհելուց հետո մնալ, խոսել, նա հորդորեց չանձնավորել հարցը, քանի որ այս պահին խոսքը վերաբերում է Ազատան համայնքի բախտին։

Ելույթ ունեցան նաև «Ախուրյան դաշինք»-ի թեկնածու Արծրուն Իգիթյանն ու «Հաղթանակ դաշինք»-ի թեկնածու Կարեն Արշակյանը՝ հավաստիացնելով, որ իրենց ընտրվելու դեպքում «Իկիլիկյան դաշինք»-ը ընդգրկված կլինի նոր ձևավորվող Ախուրյանի ՏԻՄ-ում, Ազատանի շահերը պաշտպանված կլինեն, Վարդան Իկիլիկյանն էլ ընդգրկված կլինի աշխատակազմում։

Վարդան Իկիլիկյանն էլ, իր հերթին, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, ասաց՝ իր սիրտը ցավում է, որ Ախուրյանում շինծու ՔՊ է ձևավորվում, քանի որ նրանցից ոչ մեկը հեղափոխության ակունքներում կանգնած չի եղել, մինչդեռ իր համար ցանկալի կլիներ պայքար մղել իրական ՔՊ-ի հետ։

Նշենք, որ Ախուրյանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորում է Առափի համայնքի երկարամյա ղեկավար Ալբերտ Այվազյանը, որը, ըստ մյուս թեկնածուների, իրենց մոտ՝ վաղեմի ընկերն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930