Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Արեշեւ. «Եթե Ռուսաստանը, ինչպես որոշ պրոպագանդիստներ Հայաստանում հայտարարում են, պաշտպաներ Ադրբեջանի շահերը, ապա, վստահեցնում եմ, Ղարաբաղ այլեւս չէր լինի». «Հրապարակ»

Դեկտեմբեր 01,2021 10:35

Ռուս քաղաքագետ, արեւելագետ Անդրեյ Արեշեւը 2020-ի դեկտեմբերին գրել էր «Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են հայկական հողերի բաժանմանը» խորագրով հոդված։

– Սահմանազատման գործընթաց է սկսվում՝ ԽՍՀՄ քարտեզների հիման վրա, զուգահեռաբար Պուտինը հայտարարում է, թե քանի որ խորհրդային շրջանում չեն եղել սահմաններ, պարզ չէ, թե որ կետից սկսել։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե Ռուսաստանն ավելորդ գլխացավանք չի ուզում, կփորձի թուլացած Հայաստանի հաշվին առավելություններ տալ Ադրբեջանին ու նաեւ՝ Թուրքիային։

– Ես կարծում եմ, որ ՌԴ-ն կփորձի գործել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմի շահերն առաջ տանելով։ Եթե Ռուսաստանը, ինչպես որոշ պրոպագանդիստներ Հայաստանում հայտարարում են, պաշտպաներ Ադրբեջանի շահերը, ապա, վստահեցնում եմ, Ղարաբաղ այլեւս չէր լինի։ Եվ այն հատվածը, որում ռուս խաղաղապահներն են, դա էլ չէր լինի։ Կարող եմ մեկ այլ օրինակ բերել․ նոյեմբերի 16-ի իրադարձությունները, երբ ադրբեջանական առաջխաղացումը կանգնեցվեց, հիմնականում միայն ռուսաստանյան զինվորականների մասնակցությունից հետո։

Եվ եթե նայեք վերջին եռակողմ հայտարարությունը, ապա այնտեղ ասվում է, որ կողմերը պետք է ստեղծեն երկկողմանի հանձնաժողով, որը կարող է դիմել, կողմերի ցանկության դեպքում, երրորդ կողմի խորհրդատվական աջակցությանը։ Ինձ թվում է, որ սա բավականին բարդ գործընթաց է լինելու, բայց, ըստ իս, Հայաստանում ոչ ոք, այդ թվում՝ գործող վարչապետը, չի առարկել սահմանազատման ու սահմանագծման գործընթացի դեմ։ Իսկ թե ինչ իրավիճակում են կողմերը մոտենում դրան, հարցի մյուս կողմն է, որը, ըստ իս, ավելի շատ կապ ունի Հայաստանի քաղաքականության հետ, հատկապես՝ վերջին 3 տարվա, եւ ոչ Կովկասում ՌԴ արտաքին քաղաքականության, որի միակ չափանիշն ու, ըստ էության, առաջնահերթությունն այն է, որ այստեղ հակամարտություններ չբռնկվեն։

– Եթե Հայաստանն առավել արմատական դիրքորոշում որդեգրի սահմանազատման գործընթացում, իր տարածքային ամբողջականության տեսանկյունից ելնելով՝ որոշ պնդումներ անի, ՌԴ-ն կաջակցի՞, թե՞ դիտորդի կեցվածք կընդունի։

– Տեսնենք, թե ինչ դիրքորոշում կունենա Հայաստանը, եւ նոր միայն դատողություններ անենք։ Ինձ համար բարդ է ասել, թե բանակցությունները կոնկրետ ինչպես կտարվեն, բայց, կրկնեմ, Ռուսաստանը չի կարող հանդես գալ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերի տեսանկյունից։ Կարծում եմ՝ հիանալի գիտեք, թե ինչու։

– Մեզանում կարծիք կա, որ Արցախում, հիմա արդեն՝ Սյունիքում, ռուս խաղաղապահների առկայությունն առավել ուժեղ Ռուսաստանի համար է։ Այսինքն՝ Ռուսաստանն ինչ-որ հրաշքով Ադրբեջանի սահմանին մոտեցրեց իր զորքերը։ ՌԴ-ն ունի՞ նման կայսերապաշտական, գուցե՝ Սովետական Միություն ստեղծելու ծրագրեր։ Նաեւ ուզում է այստեղ ներկա լինել։

– Խաղաղապահներ ուղարկելու որոշումը հարկադրված էր եւ ուղղված էր հայկական կողմի վերջնական ջախջախումը կասեցնելուն։ Եթե համարում եք, որ սրանք կայսերապաշտական նկրտումներ են՝ խնդրեմ, բայց, մյուս կողմից, եթե Հայաստանն ունի այստեղ ռուսական ներկայությունից ազատվելու ցանկություն, կարող եք դա անել ամեն պահի։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031