Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների տուն․ ոչ ֆորմալ կրթություն ապահովող բացառիկ մոդելը՝ Գավառում

Դեկտեմբեր 03,2021 00:05

ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ 2022 թվականին Գավառում «Երիտասարդների տուն» հիմնելու մասին:

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն այն աննախադեպ համագործակցություն է որակում։

Միջազգային կառույց-ՏԻՄ-հասարակական կառույց համագործակցության շնորհիվ Գավառում նոր ենթակառուցվածք է ստեղծվում, նոր աշխատատեղեր են բացվում, թեթևացնում են պետության հոգսը՝ աջակցելով դեռահասության շրջանում գտնվող երեխաների շահերի պաշտպանության, նրանց ժամանցի կազմակերպման, զբաղվածության ապահովման, մասնագիտական կողմնորոշման հարցերում։

Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին «Երիտասարդների տունը» հիմնվել է Գյումրիում՝ 2018 թվականին,՝«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ Եվրամիության աջակցությամբ։ Այն տարեկան 750-800 երեխաների ու պատանիների է ծառայություններ տրամադրում։

Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը երիտասարդական աշխատանքի հատուկ մեթոդաբանությամբ աշխատող կառույց է, որը ստեղծվել է եվրոպական զարգացած երկրների փորձի հիման վրա, Հայաստանում մոդելի հեղինակը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն» է։

Այն Եվրամիության նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու ամենասիրելի վայրերից էր, նա հաճախ էր լինում այնտեղ, շփվում պատանիների հետ։

«Երիտասարդների տուն» մեկ տարի առաջ բացվել է նաև Սպիտակում։

Գավառի «Երիտասարդների տան» շինարարությունը կմեկնարկի հունվար ամսից, իսկ գարնանը պաշտոնապես կբացվի։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գավառի «Երիտասարդների տուն»-ը ոչ ֆորմալ կրթություն է ապահովելու Գավառում ու հարակից գյուղական բնակավայրերում ապրող առնվազն 350-500 պատանիների։

«Կենտրոնահեն երիտասարդական աշխատանքից բացի, մեր նպատակն է նաև շարժական երիտասարդական աշխատանք կատարել այն պատանիների համար, որոնք կենտրոն չեն կարողանա այցելել։ Այս դեպքում ծառայություններն են տարվում սակավ հնարավորություններ ունեցող գյուղական համայնքներ, թաղեր, կառույցներ։

Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու Արցախից Գավառ տեղափոխված ընտանիքների երեխաներին ներգրավելու, նրանց հետ երիտասարդական աշխատանք իրականացնելու, մասնավորապես նրանց սոցիալականացմանը օգնելու։ Մեր նպատակը հավասար հնարավորությունների ընձեռումն է»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Նա նաև նշեց, որ Գավառում դեկտեմբերի կեսերին մեկնարկելու է «UP-SHIFT» միջազգային ծրագիրը, որի նպատակը Գավառի ու հարակից համայնքների մոտ 300 պատանիների ստեղծագործ ունակությունները զարգացնելը, համայնքների զարգացմանը ուղղված նրանց գաղափարները իրականություն դարձնելն է։

«Գավառը խիտ բնակեցված, մեծ թվով երիտասարդներ ունեցող տարածք է ու պատանիներին ծառայություններ տրամադրող կառույցներ գրեթե չկան։ Այն Հայաստանում թվով 3-րդ «Երիտասարդների տունն է»,- ասաց Արթուր Նաջարյանը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի անակնկալը Գավառով չի սահմանափակվում․ մեր տեղեկություններով, շուտով «Երիտասարդների տներ» կունենան նաև Արմավիր և Էջմիածին համայնքները։ Այս երեք կենտրոնները միասին շահագործման կհանձնվեն։ Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունում կգործեն թվով 5 «Երիտասարդների տներ»։

Արթուր Նաջարյանի տեղեկացմամբ, 15 նոր աշխատատեղեր կբացվեն։

«Մեր նպատակն է համայնքային ծառայություն տրամադրող մեր կենտրոնները Եվրոպական Միության երիտասարդական կենտրոնների ցանցին միացնելը, կապեր ստեղծելն է»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Ինչպես տեղեկանում ենք հուշագրի ստորագրման մասին տարածված մամլո հաղորդագրությունից, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը իր ելույթում ասել է․«Գավառում հարյուրավոր դեռահասներ և երիտասարդներ են ապրում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից, ում համար համայնքի զարգացմանը մասնակցելու և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու հնարավորություններ պետք է լինեն: Նրանք բոլորն ունեն անհրաժեշտ ստեղծարար միտք, ներուժ և խնդիրների լուծման հմտություններ և կարող են նպաստել Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այս երիտասարդների տան միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի նրանց, հատկապես ամենախոցելիներին և հաշմանդամություն ունեցողներին, օգտվելու համայնքային ծառայություններից և աջակցությունից, զարգացնելու կյանքի հմտություններ և ներուժ քաղաքացիական մասնակցության, նորարարության և ձեռներեցության ոլորտներում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031