Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր գիտության ոլորտը կաղում է բարոյականությունից

Դեկտեմբեր 12,2021 23:00

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Հարություն Կարապետյանի հետ

-Վարչապետը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՀՀ 2022 թ. պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021-ի նկատմամբ կաճի շուրջ 85 %-ով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ: Նա նշել էր, որ դա իրենց քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ, ձեր տպավորությամբ իսկապե՞ս գիտության հանդեպ պետական մոտեցում է փոխվել:

-Որոշել էի գիտության ոլորտի մասին այլևս հրապարակային կարծիք չհայտնել ու, եթե տեղի չտայի, ապա իմ վերջին հրապարակային կարծիքը կմնար «Նիկոլ Փաշինյանը գիտության համար ավելի վատ է, քան Սերժը» վերնագրով հարցազրույցս: Բայց դե կյանքն ավելի բազմազան է, քան մեր պատկերացումներն ու ակնկալիքներն են, որն էլ ստիպում է որոշ դեպքերում շրջանցել մեր իսկ որոշումները: Ինչևէ, հատուկ ընդգծելով, որ առ այսօր չեմ փոխել վերը նշված հարցազրույցի վերնագրում արտահայտած կարծիքս, անդրադառնանք Ձեր կոնկրետ հարցին:

Նախ, թվերի մասին: Մարդը, տնօրինելով պետական բյուջեն, գրել է՝ դա փաստ է: 2022 թ․-ին մնաց մի քանի օր՝ կապրենք, կտեսնենք: Դե պոպուլիզմի փուլում ենք գտնվում՝ հասկանալի է: Կարճ, խոստացված թվերը պատկառելի չեն: Օրինակ, շեֆի հայտարարության համաձայն` ավագ գիտաշխատողի «տուն տարվող» աշխատավարձը պետք է կազմի մոտ 150 հազար դրամ, այն դեպքում, որ հանրապետությունում պետական աշխատողների (հիշենք այս կարգավիճակը, երևի պետք կգա) միջին աշխատավարձը, ինչքան գիտեմ, մոտավորապես նույնն է:

Այսինքն, վերջապես ոլորտը համարել են պետական և գիտաշխատողներին տվել են պետական աշխատողի կարգավիճակ և ոչ ավելին՝  ի տարբերություն եղածի: Մի գուցե հենց էս փաստն էլ նկատի ունի «շեֆը»՝ «քաղաքական վերաբերմունք» ասելով: Իսկ, եղածի առումով հիշեցնեմ, որ վերջինը Հովիկ Աբրահամյանի կառավարության վերաբերմունքն էր, երբ հայտնի «կուտակայինը» կուտակելու համար գիտաշխատողները նույնպես համարվեցին պետական աշխատողներ:

Բայց հետագայում՝ պետաշխատողների աշխատավարձերի բարձրացման ժամանակ բավարարվեցին գիտաշխատողների արձակուրդների երկարացմամբ միայն: Այդ որոշումը, անխոս, խիստ նվաստացուցիչ «քաղաքական վերաբերմունք» էր, որին «ադաբրյամբս» էին արել կառավարության անդամներ՝ ԳՊԿ-ի և ԳԱԱ նախագահներ Սամվել Հարությունյանն ու Ռադիկ Մարտիրոսյանը: Իրենք ու իրենց մերձավոր-սիրելիները կուշտ էին, նույնիսկ գերկուշտ հատկապես, որ 2000թ.-ից սկսած, այսինքն բարեփոխումները տապալելուց հետո,  ՀՀ ԳԱԱ նախագահությունը պետբյուջեից ուներ իր փայաբաժինը:

Իսկ տապալված բարեփոխումները բարձր էին գնահատվել միջազգային մասնագիտական կառույցների կողմից և մեր մոդելն առաջարկել էին հարևան երկրներին: Դա էլ է փաստ: Հետո, 2000թ.-ին, եկավ ձմեռը՝ ընդունված օրենքի տեսքով: Մի քիչ էլ հետո եկավ 2007թ.-ը, երբ ստեղծվեց ԳՊԿ-ն, որի ստեղծման համար անձամբ ես՝ առաջարկություն եմ հրապարակել 2006թ.-ին: Գիտեմ, որ նույնը առաջարկել է նաև ընկերս՝ Սասունը Գևորգյան, բայց չունեմ հղումը (ինքը թող հիշեցնի, եթե հարկ համարի): Ինչևէ, եթե մինչ 2007-ը կային ոլորտում կոռուպցիան մարմնավորող անհատներ՝ ի դեմս նախարար Ա.Պետրոսյանի, փոխնախարարներ Ա.Շահինյանի ու Սահրադյանի, վարչության պետ, հետագայում ԲՈՀ-ի նախագահ  Ա.Թռչունյանի, ապա 2007թ.-ից սկսած կոռուպցիան գիտության ոլորտում ընդունեց խիստ համակարգված և կանոնավոր բնույթ՝ ի դեմս Սամվել Հարությունյանի: Այ, եթե ամենայն հայոց դիկտատոր Նիկոլ Փաշինյանը կամ գոնե իր գերագույն գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը (26.06.2018 և  12.06.2018) իրենց խոստմանը համաձայն անարձագանք չթողնեին առնվազն գոնե իմ բաց նամակը, ապա կարելի էր խոսել «պետական մոտեցման» մասին:

Գիտական գործունեության հանդեպ պետական մոտեցման փոփոխության մասին հայտարարողը պետք է պատկերացնի առկա խնդիրները և չառաջնորդվի Բայրաքթարի «հաջողություններով»: Իսկ «ձյաձա ջան, փող տուր» շարժումների գաղափարախոսը պետք է տարրական բարոյականության կրող լիներ և ոչ թե կեղտոտ ինտրիգների արգասիք՝ սողացողը երբեք չի կարողանա ճախրել աքսիոմայով: Բայց կա մի հանգամանք, որին չեմ կարող դրական չարձագանքել, չնայած, որ չեմ կարծում, որ դա «շեֆի» ու իր գերագույն խորհրդականի խելքի արդյունքն է: Դա, թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարների 2,5 անգամ և ոչ թե 85 տոկոս ավելացումն է: Կարող եմ ենթադրել, որ այս փաստի հեղինակը ԳՊԿ-ի նոր նախագահն է, ով ի տարբերություն նախորդ արհեստավարժ կոռուպցիոների, հասկացել է, թե որտեղից պետք է ակնկալել գիտական՝ ստեղծագործական բնույթի արդյունքը: Անկեղծ, այս հանգամանքն է պատճառը, որ դրժեցի գիտության մասին այլևս չխոսելու որոշումս:

Ճիշտ է վեկտորի ուղղությունը, պարզապես: Նորից եմ պնդում, բազային ֆինանսավորումը պետք ուղղված լինի միայն ու միայն ենթակառուցվածքային գործունեությանը: Եթե, այն հնարավորություն է տալիս իբր գիտական գործունեության աջակցությանը (ինչպես Սամվելի օրոք), ապա դա կոռուպցիա է, որից շատ լավ օգտվեցին հենց Սամվել Հարությունյանը, Վարդան Սահակյանը, իրենց տղերքը եւ իգական սեռի որոշ ներկայացուցիչներ:

-Դեկտեմբերի 17-ին ԵՊՀ ռեկտորի ընտրություններ են: Միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ փոխվարչապետ Պապիկյանը: Արդյոք կանխորոշվա՞ծ չեն ընտրությունների արդյունքները:

-Ես շատ ավելի բարդ սխեմաների եմ ծանոթ: Էն, որ խոպանչի ասֆալտ փռող սևագործներին Պապիկյանը քաղաքական նպատակներով արդյունավետորեն օգտագործեց դեռ ոչինչ չի նշանակում: Ապրի էդ տղեն, որ ամեն ինչ արեց խոպանչիներին տունը մնալու, ինչպես նաև դիկտատորին՝ դիկտատոր դարձնելու համար: Իր ճաշակն ու մտքի թռիչքն է: Ի՞նչ անենք: Մենք ժողովրդավարական դիկտատուրա ենք կառուցում, չէ՞: Իսկ, հոգաբարձուների բոլոր նախկին խորհուրդներն էլ նույնն են եղել: Ավելին, ինձ համար Պապիկյանը շատ ավելի ընդունելի է, քան նախկինը՝ Սերժ Սարգսյանն իր Արամ Սիմոնյանով: Բայց, էս անգամ ես դեռ հույս ունեմ ու սպասում եմ , որ իր հեղինակավոր ու մասնագիտական ու սկզբունքային ձայնը կբարձրացնի Մխիթարը՝ Հայրապետյան ու միակի «որոշումը» կկայացվի, անկասկած, այն էլ ապաքաղաքական: Մեր Հովիկը կուսակցական չէ, բայց շեֆին չդավաճանող (եկեք բազմակետերով բավարարվենք, այլապես…) …է:

Հիմա ավելի լուրջ ու շատ կարճ: Թող լապշա չկախեն հանրության ականջներից ժողովրդավարություն խաղալով՝ դիկտատուրա են կառուցու՞մ, թող ասեն: Էդ էլ է տարբերակ: Բայց, որ կրթությունից են սկսել, լրիվ անընդունելի է: Չի կարելի: Էն, որ Հովհաննես Հովհաննիսյանին պատրաստում էին ինչ-որ իբր չքաղաքականացված պաշտոնի համար՝ պարզ էր նույնիսկ դեպքերին հետևող տխմարներին: Նկատի ունեմ Դիկտատորի կողմից նրան վստահված պաշտոնները՝ փոխնախարար, պատգամավոր, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի՝ անՄխիթարի տեղակալ: Բոլորն էլ անկուսակցական կարգավիճակով:

Այսինքն, պարզ էր, որ նրան պահպանակում են ինչ-ինչ նպատակների համար: Հետո պարզվեց, որ մեր ժողովրդավար դիկտատուրան ավելի ժողովրդավար է (ականջդ կանչի Օրուել), և խմբագրեցին ԵՊՀ կանոնադրությունը, գիտությունների դոկտորի պայմանի մասով: Էդ ժամանակ դեռ մեր Հովիկն ընդամենը Աստվածաբանության մասնագետ էր: Հետո, ֆերման, այսինքն ամենաժողովրդավարները տեսան, որ ինչ որ չի հնչում՝ Մայր բուհ ու ընդամենը Աստվածաբանության մասնագետ  ու անցան գործի:

Ըստ ամենայնի՝ Դիկտատորի հանձնարարությամբ կազմվել է հանձնաժողով, իրականում թայֆա՝ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ և ԲՈԿ-ի չափազանց սկզբունքային նախագահ, ընդամենը 2 h-ինդեքսով գիտությունների դոկտոր  Սմբատ Գոգյանի հանձնառությամբ, որոնք և ի կատար են ածել «շեֆի» կամքը: Նախ, սկզբունքային Սմբատի թույլտվությամբ ու Հայագիտության մասնագիտական խորհրդի մոտ բարեխոսելու միջոցով Աստվածաբանությունը որակվել է որպես Հայագիտություն, որի համար նորից չգիտես ինչու սահմանված են եղել ավելի մեղմ պայմաններ (երևի արաբ հայագետների համար): Հետո ապագա ԵՊՀ ռեկտորը պաշտպանել ու հաստատվել է որպես հայագիտության դոկտոր: Հետո, որտեղից-որտեղ, պատահականորեն հայտնվել է ֆիզիկոս Սասուն Գևորգյանն ու հանրայնացրել, որ Հայագիտության դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականն օրինական չէ՝ բացահայտ կեղծարարություն է, որի պատասխանատուն խիստ սկզբունքային ԲՈԿ-ն է: Հետո, ԲՈԿ-ի նորընտիր նախագահ Քեռյանը, ով նույնպես երիտասարդ դոկտոր է մաթեմի բնագավառում, ստանձնել է  Հունան Ավետիսյանի դերն ու ջրում է հարցումները, իսկ մնացած սկզբունքային խրոխտները փառքով սուրը դնում են պատյան՝ ի դեմս վարչական, թե վճռաբեկ դատարանի՝ ԵՊՏՀ-ի ռեկտորի գրագողության հարցով որոշումների:

-Մի՞թե չեք արժևորում դատարանի վճռով տարված հաղթանակը:

– Անկասկած, արժևորում եմ, քանի որ գրագողությունը չարիք է հատկապես իմ՝ գիտության ոլորտում: Բայց, հիմնավոր կասկածներ ունեմ, գրեթե համոզված եմ, որ տվյալ դեպքում ԲՈԿ-ի նախկին նախագահի կողմից տարված հետևողական հետապնդումը ԵՊՏՀ-ի ռեկտորի դոկտորացմանն ունի անձնական և ոչ սկզբունքային բնույթ: Քանի որ նույն նախագահը հեշտությամբ մարսեց ԳՊԿ-ի նախագահ Սամվել Հարությունյանի բացահայտ գրագողության փաստը, երբ Սամվելը, մարսելով իր կողմից իրականցված և բացահայտված կոռուպցիոն դեպքերը, աջակցություն ստացավ« շեֆի» ու «շեֆի» գլխավոր խորհրդականի կողմից:

-Ձեր կարծիքով այսօր ամենից շատ ի՞նչ է անհրաժեշտ գիտական ոլորտին

– Եթե փիլիսոփայորեն, ապա շատ կարճ՝ ազնվություն ու մի քիչ էլ բարոյականություն: Անկախ տիտղոսներից մեր գիտության ոլորտը կաղում է բարոյականությունից: Դա փաստ է: Իսկ, եթե գործնական, ապա պետք է կողմնորոշվել, թե որ ուղղությամբ ենք զարգանալու՝ իրեն սպառած ակադեմիական, թե՞ համալսարանական ուղղությամբ, որն իրեն արդարացրել է ամբողջ աշխարհում: Իսկ համալսարանական գիտությանն արգելափակող օղակը, չափազանց խիստ հասկանալի պատճառներով, գիտության հետ բացարձակապես կապ չունեցող ՀՀ ԳԱԱ նախագահությունն է: Օր առաջ պետք է լուծարել գիտության վզին նստած այդ ձրիակերների ակումբը: Թացը չորից տարբերակելու համար պետք ընդունվի, ի դեպ ԲՈԿ-ի կողմից (քանի որ գիտության ոլորտի որակավորման պատասխանատուն է), ըստ մասնագիտությունների տարբերակված անցումային շեմեր ցմահ հավելավճարի և ոչ թե պատվովճարների համար: Օրինակ, եթե մարդը ֆիզիկոս, քիմիկոս կամ կենսաբան է և իր h-ինդեքսը 50 կամ ավելին է, պահպանեք ցմահ հավելավճարը որպես պատվովճար, եթե ո՛չ, ապա ոչ մի լումա: էս, օրինակի համար եմ ասում: Թող ԲՈԿ-ը զբաղվի, դրա համար է կոչված:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031