Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Քոչինյան. Մինչև այս պահը Հայաստանը արել է ամեն հնարավորը՝ տապալելու համար կարգավորման գործընթացը. «Անալիտիկոն»

Հունվար 09,2022 11:33

44-օրյա պատերազմը փոխեց իրավիճակը Հարավային Կովկասում և հայտնի չափով կասեցրեց Հայաստանի տարածաշրջանային ազդեցության աճը՝ մրցակցությունից դուրս թողնելով հայկական պետությունը տարածաշրջանային մրցավազքում։ Սրա բոլոր կորուստները և բացասական կողմերը թվարկելու կարիք, կարծում եմ, չկա։ Արհավիրքի մեջ գտնվող պետությունը շատ կորուստներ ու դառնություններ է զգալու, բայց անգամ այս իրավիճակում ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է նոր հորիզոններ օգտագործել։ Ներկայիս Հայաստանն այլևս, անգամ՝ տեսական մակարդակում, վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար, ավելին՝ հավերժական չեզոք Հայաստանը շահավետ է Թուրքիային, առավել շահավետ, քան Ռուսական հիպերաճած ազդեցության ներքո գտնվող Հայաստանը։ Բացի այդ, եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում ունենալ կայուն ու երկարաժամկետ ազդեցություն, այն պետք է նորմալ հարաբերություններ ունենա տարածաշրջանային բոլոր երեք պետությունների հետ։ Հակառակ դեպքում Իրանը, Ռուսաստանը և Արևմուտքը մշտապես ունենալու են դիրքային առավելություններ Թուրքիայի նկատմամբ։

Թուրքիան կարող է, օգտվելով ստեղծված իրավիճակից, չգնալ վերոնշյալ երկարաժամկետ գործողությունների տրամաբանությամբ, այլ փորձել առավելագույնը քաղել ստեղծված իրավիճակից, միևնույն ժամանակ՝ իրական քայլեր չձեռնարկելով կարգավորման ուղղությամբ ու գժտեցնելով Հայաստանին Ռուսաստանի հետ։ Այն պահից, երբ Հայաստանը սկսի իրական քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ, այն արժանանալու է ռուսական ակտիվ հակազդեցության, և սա մեծ ռիսկ է, մանավանդ, երբ մենք չունենք երաշխիքներ, որ Թուրքիան անցնելու է ճանապարհի իր կեսը։ Բայց այստեղ էլ շատ բան կախված է մեզանից։ Լուրջ խաղ և լուրջ բանակցություններ տանում են լուրջ խաղացողի հետ, երբ տեսնում են, որ դիմացինն ինքնիշխան է ու իր շահերի տեսանկյունից մարտնչող։ Սա իր հերթին երևում է ամեն ինչում՝ այդ թվում և բանախոսի ընտրությամբ։ Մինչև այս պահը ես գտնում եմ, որ Հայաստանը արել է ամեն հնարավորը՝ տապալելու համար կարգավորման գործընթացը․ Ռուսաստանի միջնորդացում, անփորձ ու քաղաքական կշիռ չունեցող բանագնաց և այլն։

«Բանակցություններ» կամ «Կարգավորում» հասկացությունները շատերը հասկանում են իբրև խորը ինտեգրացիա՝ սահմանի բացում, առանց կարգավորումների միգրացիա, բայց դա, բնականաբար, աբսուրդ է։ Այս փուլում խոսքը կարող է լավագույն դեպքում գնալ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և, բնականաբար, պետական օրենսդրությունների ու մաքսային վերահսկողության ներքո կումունիկացիայի՝ ճանապարհի կամ երկաթգծի շահագործման մասին։ Ասել է թե՝ բանակցությունները դեռ չեն նշանակում քաղաքական ամուսնություն, բայց բանակցում են հենց հակառակորդի հետ։ Կարևոր է նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսել առանց միջնորդների․ լինի դա Ռուսաստանը, թե Միացյալ Նահանգները։ Այդ գործընթացը հնարավորություն ունի հաջողելու միայն մի դեպքում․ երբ դրանում լինեն բացառապես ՀՀ-ն և Թուրքիան։

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ կարգավորումը հնարավոր է և առաջ բերի որոշ տնտեսական ռիսկեր, բայց չէ՞ որ հենց պետության դերն է դրանք հնարավորինս արդյունավետ չեզոքացնելը։ Ավելին՝ տնտեսական ռիսկերի արդյունավետ չեզոքացման ճանապարհը ինքնամեկուսացումը չէ։ Եվ վերջապես՝ մեր առջև ծառացած գլխավոր խնդիրն ամենևին էլ տնտեսական ռիսկերը չեն, Արցախի ապագա կարգավիճակը չէ, սահմանային վեճերը չեն, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» չէ, այլ՝ պետականության կորուստն է։

Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31