Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ծամոնը Եռաբլուրի կամարից ներս չմտած գցել եմ… Թող այդ պահանջողները հլը գնան գլուխը քարը տան, անեն իմ չափ հայրենիքի համար». Հակոբ Ասլանյան

Փետրվար 02,2022 13:20 Share

«Ես ստամոքսի պրոբլեմ ունեմ, հետո ես Եռաբլուրում ներս մտած ժամանակ չեմ ծամել ծամոն: Ես դրսում եմ ծամել եւ այդքան թող խելք ունենան, նախ հասկանան, թե ինչ է եղել: Թող այդ պահանջողները հլը գնան գլուխը քարը տան, անեն իմ չափ այնքան, ինչքան ես եմ արել հայրենիքիս համար»,- ահա այսպես արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԱԺ շենքի մոտ իր հրաժարականը պահանջող ցուցարարներին, որոնք դժգոհել էին Բանակի տոնին Եռաբլուրում ՔՊ-ականի պահվածքի՝ մաստակ ծամելու համար:

Ասլանյանի խոսքով՝ «ծամոն ծամելով չէ, որ հայրենիք են սիրում». «Այդ գրողները թող նախ հասկանան, թե իրենք ինչ են պահանջում: Ուղղակի չեմ ուզում իջնեմ, մանրանամ այդ աստիճանի: Ես հայրենիքիս համար արել եմ ամեն ինչ: Միայն այն, որ իմ նման մարդը երեք անգամ առաջնագծում է եղել ու 3 անգամ պատրաստ է եղել իր կյանքը տալու ու այդ Եռաբլուրում կոնկրետ իմ վաշտի 7 ընկերներն են պառկած, ես չէի կարող այդպես լինել: Մենք դրսում էինք կանգնած»:

Փոխանցեցինք 44-օրյա պատերազմում զոհված հերոս Տիգրան Խանումյանի քրոջ՝ Գոհար Խանումյանի դժգոհությունը, որ այդ նույն վայրում են ծնողները պատգարակի վրա դրված իրենց որդիներին վերջին հրաժեշտը տվել, դա սրբատեղի է: Ասլանյանը պատասխանեց. «Ես ինքս եղել եմ 2 անգամ այնտեղ, այն կողքից, որտեղ որ կան, այո այնտեղից եղել է: Գիտեք ինչ կա, ուղղակի շատ եմ ցավում, որ դառնում են որոշակի մարդկանց ձեռքի գործիքներ եւ իրենց ցավը օգտագործում են քաղաքական նպատակներով: Սիրելիներս, բացարձակապես դրանով չի որոշվում հայրենանվիրությունը, դուք մի հատ բացեք նայեք՝ այս մարդը ինչ ճանապարհ է անցել, ինչ է արել հայրենիքի համար, ուր է գնացել, երբեւէ հայրենիքի հաշվին լավ ապրե՞լ է, երբեւէ հայրենիքի գրպանը մտե՞լ է, երբեւէ հայրենիքի ցավը թողել ու իր հաճույքների հետեւի՞ց է գնացել: Մարդ, ով հայրենիքի ցավով ապրել է»:

Փոխանցեցինք, որ ըստ ցուցարարների, եթե սա նախադեպ չդառնա ու էթիկայի հանձնաժողովը չքննի ձեր վարքը, շատ վատ հետեւանքներ կունենա՝ Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Թող էթիկայի հանձնաժողովը քննի, ես պատասխան կտամ, եղա՞վ: Վերջին պատերազմում ես ստամոքսի պրոբլեմ ունեմ: Մարսողական պրոբլեմ ունեմ, կամարից դեռ չմտած՝ ես այնտեղ գցեցի, նոր մտանք: Եթե իրենք այդքան խելացի են, թող փորձեին ինձ Եռաբլուրի ներսում տեսնեին՝ ծամե՞լ եմ, թե՞ չեմ ծամել: Իհարկե, չեմ ծամել, ես ինձ թույլ չէի տա»:

Հարցրեցինք՝ հետեւաբար ձեզ համար հավանաբար ընդունելի է նաեւ կամարից դուրս Եռաբլուրում լավ տրամադրությունը, ծիծաղը՝ Ասլանյանը արձագանքեց. «Ոչ, ընդունելի չէ: Խոսքը վերաբերվում է ինձ եւ իմ առողջական վիճակին: Մեկ տարի է՝ ես բուժվում եմ: Ես ուրիշ փաստ ասեմ պահանջողներին, ափսոս, մեր սիրված Արկադի Իվանիչը՝ «Կոմանդոսը» չկա, երբ ես Մուրացանի հոսպիտալում պառկած էի, արտասահմանից ինձ 500 դոլար ուղարկեցին՝ բուժմանս օգնելու կապակցությամբ: Ես այդ հիվանդ պայմաններում չեմ պահել ինձ, տարել տվել եմ Արկադի Իվանիչին, որ ցանցեր էին գործում: Կարող են հետաքրքրվել ու տեսնել, որ նույնիսկ այդ ծանր պայմաններին ինձ բուժման համար եկած փողը ես տվել եմ, որպեսզի բանակի համար որեւէ լավ բան լինի: Թող մի քիչ հասկանան: Ես շատ եմ ցավում, որ մարդիկ գուցե խաղալիք են դառնում»:

Դիտարկմանը՝ իրենք պնդում էին, որ քաղաքական որեւէ կողմնորոշում չունեն եւ կուսակցություններից չեն ուղղորդվել՝ Հակոբ Ասլանյանը պատասխանեց՝ այդ դեպքում 4000 զոհ ունենք, ո՞նց մյուսների հարազատները չեկան ցույց անելու, հենց այդ մի քանի հոգին եկան. «Դա նշանակում է, որ մնացածը ճիշտ են հասկացել: Մնացածը ե՛ւ ճանաչել են, ե՛ւ գիտեն, թե ես ինչպիսի տանջանքների միջով եմ անցել: Եթե այնտեղ շատ չէ, գոնե մի 200 մարդ հավաքված լիներ, ես լուրջ մտածելու տեղ կունենայի: Շատ եմ ցավում, որ մարդիկ գործիք են դառնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28