Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստի դիմած զինծառայող Վլե Ֆերոյանին ժամեր անց կհանձնեն ոստիկանությանը

Փետրվար 04,2022 12:08

Հունվարի 31-ին բանակ զորակոչված ու մեկ օր անց զորամասից փախուստի դիմած, ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանն արդեն Երեւանում է, ժամեր անց կհանձնվի ոստիկանությանը։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա տատիկը՝ Ռոզա Ֆերոյանը:

«Երեխեն հասել է Երեւան, դիմավորել եմ, օրվա մեջ էլ կտանեմ ոստիկանություն կհանձնեմ՝ միայն մեկ պայմանով, որ երեխուն էլ հետ չեն ուղարկի էդ զորամաս: Թեթեւ վնասվածքներ ունի, բայց դրան չեմ ցանկանում անդրադառնալ: Իրեն զորամասում նեղել են, նույնիսկ հաց չեն տվել, չմաքրելուց հետո ամբողջ օրը սոված են թողել, ոչ հաց, ոչ՝ ջուր: Էդպես են վերաբերվել եզդի լինելու համար, ասել են՝ պետք է անես, դու եզդի ես, քեզ բանի տեղ ես դնում, պիտի չանե՞ս: Երեխեն ասել է՝ կապ չունի, թե ինչ ազգի եմ, չեմ անի: Նույնիսկ հրամանատարն իր սենյակ էլ է տարել, թե իմ սենյակն էլ պիտի մաքրես: Թոռնիկս մեջքի, ողնաշարի խնդիրներ ունի, դոշերը ռախիդի նման է, նույնիսկ էդ չի նայել, դոշին ու մեջքին է խփել: Թոռանս հետ մի ծառայող եզդի էլ է եղել, նրան էլ են ծեծել, ձեռք բարձրացրել վրան, էդ երեխեն զանգել է իր ծնողին՝ հասեք, իր ծնողն արդեն ամսի մեկին էնտեղ է եղել, այնպես են սարքել, որ էդ երեխեն կանգնել, ասել է՝ նման բան չի եղել, էնպես են արել, որ նման ցուցմունք չտա »,- պատմեց Վլե Ֆերոյանի տատիկը:

Մեր հարցին, թե զորամասում հավաքարար չի՞ եղել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ թոռնիկը մի օրվա զորակոչված էր, տեղեկություն չունի:

Կապանի զորամասի հրամանատարը Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի փորձագետներին այլ բան է պատմել. զինվորին միայն հորդորել են մաքրել իրեն հատկացված տարածքը, հրամանատարն անձամբ օրինակ է ցույց տվել, մաքրել է իր սենյակը։ Զինվորը բոլորի ներկայությամբ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում մաքրություն անել։ Այս տեղեկությունը զինվորի տատիկը հերքեց՝ պնդելով, որ ստիպել են զուգարան ու հրամանատարի սենյակը մաքրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28