Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մենք գործող ընդդիմություն չունենք: Խորհրդարանում ունենք 2 խմբակցություն, որոնք չունեն օրակարգ, չունեն ասելիք, որոնք իրենք իրենց մեջ հաշտ չեն. Ալեն Սիմոնյան. Parliament Monitoring

Փետրվար 09,2022 13:12

parliamentmonitoring.am Հարցազրույց ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ։ 

Ձեր՝ նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո նախագահականից հեռացավ Արմեն Գիչյանը, որը Արմեն Սարգսյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ Նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն էր: Նա հեռացավ, որովհետև չուզե՞ց աշխատել Ձեզ հետ, թե՞ Դուք չուզեցիք աշխատել նախկինների թիմակից պրոֆեսիոնալի հետ:

-Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ:

Դուք Գիչյանին խնդրեցիք հեռանալ, որովհետև ինքը ձեր թիմի՞ց չէր: Վստահության խնդի՞ր կար:

-Ո՛չ։ Մենք քննարկել ենք պատճառը, և պատճառը բոլորովին դա չէր: Գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված:

ԱԺում Ձեր օգնական Դավիթ Առաքելյանն էլ նշանակվեց Նախագահի աշխատակազմի ղեկավար, բայց մեկ ամիս անց Դուք թողնելու եք Նախագահի պաշտոնը: Ստացվում է, որ այս մեկ ամսում չեք վստահում այն թիմին, որն աշխատում էր Արմեն Սարգսյանի հետ:

-Այո՛, և Դավիթ Առաքելյանն ինձ հետ վերադառնալու է Ազգային ժողով: Ես մեծ մասամբ այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, և, բնական է, պետք է կարողանամ վերահսկել 100-ից ավելի աշխատակից ունեցող անձնակազմին, պետք է տեղեկացված լինեմ ամեն ինչից։ Այստեղ ինձ կօգնի իմ օգնականը, և լիազորությունների ավարտից հետո ինձ հետ կվերադառնա ԱԺ: Միաժամանակ, ես առաջին օրը հայտարարել եմ, որ այս ժամանակահատվածում շատ քիչ տեղաշարժեր պետք է ինձ թույլ տամ, որպեսզի նոր ընտրված Նախագահն ինքը որոշի, թե ինչ գործողություններ անի:

Ընդդիմությունը հայտարարել է, որ որևէ ձևով չի մասնակցելու Նախագահի ընտրությանը, մինչդեռ ՀՀԿի ժամանակ Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց մի քանի խմբակցությունների կողմից, բոլոր ուժերն էլ մասնակցեցին հարցի քննարկմանը: Այսինքն, հիմա ունենալու ենք նախագահ՝ ընտրված միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից: Սա չի՞ նվազեցնի վստահության աստիճանը Ձեր թեկնածուի նկատմամբ:

-Ճիշտ հակառակը, այսօր մենք գործող ընդդիմություն չունենք: Խորհրդարանում ունենք երկու խմբակցություն, որոնք չունեն օրակարգ, չունեն ասելիք, որոնք իրենք իրենց մեջ հաշտ չեն: Ես դա ասում եմ որպես խորհրդարանական: Երկու թեկնածու ենք տեսել ընդդիմության կողմից, մեկը Վազգեն Մանուկյանն էր, և հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է հիմա Վազգեն Մանուկյանը: Եվ երկրորդ թեկնածուն իրեն թույլ էր տվել ոգելից խմիչք օգտագործած գալ Ազգային ժողով և մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին ու այնտեղ սկանդալ հրահրել (նկատի ունի Ռուբիկ Հակոբյանին): Սա է ընդդիմության թեկնածուների շրջանակը: Ինչ վերաբերում է մեկ ուժի կողմից ընտրված լինելուն, իսկ ո՞վ է ասում, որ պետք է բոլորը քվեարկեն: Ընդհակառակը, օրենքն ասում է ավելի վատ բան, որ ինչ-որ փուլում կարող է Նախագահն ընտրվել նույնիսկ 54 ձայնով: Այսինքն, քվեարկությունը տեղի է ունենում այնքան ժամանակ, և պահանջն այնքան է իջնում, մինչև Նախագահն ընտրվի, և նա կարող է ընտրվել անգամ 4 ձայնով: Դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է:

Օրերս սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջին նիստն արեց, բայց տպավորություն է, որ չկա հստակ որոշում, թե ինչ է լինելու փոխվելո՞ւ է կառավարման համակարգը, թե՞ ոչ: Դուք անձամբ ի՞նչ տեսակետ ունեք:

-Չկա լավագույն մոդելի ձևաչափ և միանշանակ վերաբերմունք: Կան նախագահական երկրներ, որոնք ձախողվում են, և կան նախագահական երկրներ, որոնք հաջողում են: Նույն տրամաբանությամբ, կան խորհրդարանական երկրներ, որոնք հաջողում են, և կան, որոնք ձախողվում են: Դրանց օրինակները բազմաթիվ են: Ես անձամբ շատ եմ սիրում նախագահական կառավարման ձևը, բայց մեր տարածաշրջանի իրադարձությունները խորհրդարանական երկրի պարագայում այլ դրական արտահայտումներ ունեցան: Օրինակ, պատերազմից հետո, նոյեմբերի 10-ից սկսած, տեղի ունեցան տարբեր իրադարձություններ, և մենք տեսանք, որ ստաբիլության և կարմիր գծերը չհատելու գործում խորհրդարանական կառավարման ձևն իր դրական դերը խաղաց: Այդ նույն նեգատիվը, այդ նույն հարցադրումները տարածվեցին ամբողջ կառավարման համակարգի վրա, ամբողջ համակարգը այդ հարվածն իր վրա վերցրեց ու դիմակայեց: Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե մենք լինեինք նախագահական երկիր, ու այդ ամբողջն ուղղվեր մեկ ուղղությամբ: Ինքս նախագահականի կողմնակից եմ, բայց սա օրինակ է, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց:

Դուք աշխատանքային այցով ԱՄՆ եք մեկնել բիզնես դասի ավիատոմսով, որի համար պետբյուջեից վճարվել է 3 միլիոն 375 հազար դրամ: Եվս կես միլիոն դրամ փոխանցվել է ձեր գիշերակացի համար, իսկ օրապահիկի համար հատկացվել է շուրջ 250 հազար դրամ: Չէ՞ր կարելի ավելի համեստ ծախսեր անել։

-Կարելի էր ընդհանրապես մասնավոր ինքնաթիռով գնալ, կարելի էր ընդհանրապես վրանում ապրել և ընդհանրապես չգնալ: Ես համարում եմ, որ այդ խոսակցությունն այլևս տեղին չէ, որովհետև ԱՄՆ ժամանելուց հետո հենց առաջին ժամերին ունեցել եմ գործնական հանդիպումներ: Ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ համարում, որ երկրի ղեկավար կազմը աշխատանքային այց անելիս պետք է լինի 16 ժամ ինքնաթիռում չքնած ու դրանից հետո գնա բանակցի: Ես համարում եմ, որ դա ճիշտ է, և ուզում եմ ասել, որ բոլոր այն աշխատանքային կամ պաշտոնական այցերը, որտեղ թռիչքը երկար է լինելու, ունենալու են պայմաններ, որտեղ հնարավոր է լինելու աշխատել: Օրինակ, երբ Մոսկվա ես թռչում, դրա կարիքը չկա, որովհետև կարճ է թռիչքը: ԱՄՆ մեր ուղևորությունը տևել է 24 ժամ, այսինքն, մենք 24 ժամ ճանապարհին ենք եղել: Այստեղից մեկ այլ երկիր ենք գնացել, այնտեղ սպասել ենք, հետո շարունակել ենք: Բայց ես ԱՄՆ-ում պետք է հանդիպումներ ունենայի և ես չէի կարող հանդիպումների ժամանակ քնել: Ինչ վերաբերում է գիշերակացին, այն որևէ ձևով չի տարբերվում հասարակ միջին գիշերակացից: Ընտրվել է միջին դասի հյուրանոց, որևէ արտառոց բան դրա մեջ չեմ տեսնում: Համարում եմ, որ ավելի լավ պայմաններ պետք է ստեղծվեն, որ այն մարդիկ, որոնք գնում են աշխատելու, հնարավորություն ունենան նաև հանգստանալու:

-8-րդ գումարման Ազգային ժողովի այս 8 ամիսների ընթացքում աննախադեպ շատ միջադեպեր են գրանցվել՝ շիշ նետել, ոտքով հարվածել, վիրավորել, հայհոյել, ամբիոնի մոտից հեռացնել պատգամավորին, բռնությամբ դահլիճից դուրս հանել, պատգամավորների օգնականների մասնակցությամբ ծեծկռտուք: Ի՞նչ պետք է անել օրենսդիր մարմնում այս երևույթները կանխելու համար:

-Մենք չէինք կարող խուսափել այդ երևույթներից, որովհետև նախընտրական ժամանակահատվածը աչքի է ընկել շատ ավելի վատ երևույթներով և շատ ավելի վատ հայտարարություններով: Ընդդիմությունը և ընդդիմադիր տարբեր գործիչներ չեն խորշել գնդակահարություններ բեմադրել, չեն խորշել անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնել և, բնական է, որ փողոցային պայքարի ամբողջ բացասական էներգիան եկել ու պարպվել է այդ փոքր դահլիճի մեջ: Բնական է, որ այդ լարվածությունը պետք է ինչ-որ ձևով արտահայտվեր և արտահայտվում է: Ես ցավում եմ այդ միջադեպերի համար:

Դրանից խորհրդարանի աշխատանքի որակը չի՞ ընկնում:

-Բնական է՝ հանրությունը վատ է վերաբերվում դրան ու ճիշտ է անում, որովհետև իրենք դրա համար չէ, որ պատվիրակել են պատգամավորներին: Բայց ներողություն եմ խնդրում, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է շիշը նետել ելույթ ունեցողի ուղղությամբ, ոչ թե հակառակը:

Երբ խոսվում է միջոցներ ձեռնարկելու մասին, միջոցներից մեկն էլ ԱԺ կանոնակարգով սահմանված էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է: Ինչո՞ւ ՔՊն հանդես չի գալի էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, և այդ հարցերը միանգամից կտեղափոխվեին հանձնաժողովի դաշտ:

-Իմ համոզմամբ՝ դա որևէ բան չէր փոխի: Այսինքն, ի՞նչ, Սեյրան Օհանյանին կանչեինք Էթիկայի հանձնաժողով, ասեինք՝ եթե ելույթ ունեցողի հետ համաձայն չես, ինչո՞ւ ես շիշ նետում իր ուղղությամբ, ի՞նչ էր դա փոխելու: Էթիկան պետք է ներքին լինի: Երբ մարդիկ գալիս են ԱԺ և փորձում են իրենց այնտեղ լինելը արդարացնել նման գործողություններով, այլ ոչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալով, ի՞նչ էթիկայի հանձնաժողով: Իրենք գալիս են իրենց ընկերների, որոնք իրենց բնորոշմամբ, քաղաքական առումով հետապնդվում են, առջև արդարանան, ասեն՝ տեսեք, մենք այստեղ գործ ենք անում, պայքարում ենք ձեզ համար: Այդտեղ ի՞նչ էթիկայի մասին է խոսքը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28