Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը եւ կնոջ իրավունքները

Փետրվար 16,2022 14:30

Վերստին ցանկանում եմ անդրադառնալ նոր Սահմանադրության ընդունման հրատապ խնդրին: «Սահմանադրություն, թե որոգայթ փառաց» հոդվածում («Առավոտ», 3.9.2021) խոսելով նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, առաջարկել էի քննարկել ՀՀ Սահմանադրությունը «Որոգայթ փառաց» անվանելու հարցը, չանդրադառնալով բովանդակության հետ առնչվող որեւէ հարցի, ինչը բնականաբար կարեւորագույն հիմնախնդիր է:

Այժմ ցանկանում եմ հակիրճ անդրադառնալ բովանդակության հետ առնչվող մի հարցի: Խոսքը վերաբերում է սահմանադրական սկզբունքներին: Սահմանադրությունը իր բնույթով լինելով արեւմտաեվրոպական քաղաքակրթության ծնունդ, մշակել եւ ամրագրել է մի շարք սկզբունքներ, որոնք էլ դարձել են արդի սահմանադրությունների ելակետային սկզբունքները: Դրանցից են օրինակ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանությունների բաժանում (տարանջատում), մարդու իրավունքներ եւ այլն:

Այդ սկզբունքները ներկայումս արդի ժողովրդավարության համար էական են եւ համարվում են բարձրագույն արժեքներ: Ընդ որում՝ դրանք համարվում են համամարդկային եւ դուրս են նեղ-ազգային շրջանակներից: Այս առումով հարց է հղանում, կարո՞ղ է, արդյոք, որեւէ ժողովրդավարական համարվող պետություն ունենալ սահմանադրական այնպիսի սկզբունք, որը բնույթով ազգային է:

Ազգայինի հետ կապված հարցում կարծում եմ ելակետայինն այն է, որ կարեւորը ոչ թե ազգայինն է, այլ այն, թե որքանով է ազգայինը դուրս գալիս իր նեղ, ազգային շրջանակներից եւ վերածվում համամարդկայինի: Օրինակ, «ազատություն, հավասարություն, եղբայրություն» բանաձեւը լինելով ֆրանսիական, վերածվեց համաեվրոպականի, ապա նաեւ համամարդկայինի: Իսկ արդյո՞ք հայերս ստեղծել ենք այնպիսի սահմանադրական սկզբունք, արժեք, որը կարող է ընդունելի ու հասկանալի լինել քաղաքակրթական այլ արժեքներ կրող ժողովուրդների համար, անգամ դառնալ համամարդկային: Այս հարցը թեեւ չունի դյուրին պատասխան, սակայն ավելի լայն` քաղաքակրթական ըմբռնմամբ եղել է որոշ հայ մտածողների քննախույզ հայացքի ներքո: Ի՞նչ ենք տվել մենք մարդկությանը հարցի պատասխանի որոնումներում ոմանք առանձնացրել են քրիստոնեության պետականորեն ճանաչման փաստը, էական մասնակցությունը Եվրոպայում քրիստոնեության տարածման գործում, թարգմանչաց շարժումը, միջնադարյան ճարտարապետությունը, հակակղերական ու հակաեկեղեցական գաղափարներն ու ապստամբությունները, «հայկական վերածննդի» կոնցեպտը: Բոլորն էլ ուրույն, բացառիկ ու ազգային երեւույթներ: Դրանցով են սնվել ազգային պատկանելությամբ հպարտանալու մեր զգացմունքներն ու մտայնությունները, ամրացրել մեր ազգային ինքնության հիմքերը: Խորհելու եւ վերլուծելու նյութ շատ կա, հասկանալու համար, թե իրո՞ք մարդկության ընդհանուր ժառանգության գանձարան են մտել հայոց մշակույթի, գիտության, ազատականության այս առկայծումները, թե՞ ասուպի պես երեւացել ու անցել են քաղաքակրթության բազմաստղ երկնակամարում: Մեր համեստ պրպտումները բերում են կրկին սահմանադրության դուռը եւ մեր առջեւ բացում կնոջ հասարակական դերի, նրա իրավական կարգավիճակի զուտ հայկական ըմբռնումների աշխարհը:

Ելնելով նշված մոտեցումից, ցանկանում եմ ընդգծել մի կարեւոր ազգային արժեք, որը եվրոպական պատկերացումներին հնազանդ, հանիրավի մոռացության ենք մատնել:

Խոսքը վերաբերում է հայ կնոջը: Ցանկացած հասարակության խնդիրն է գտնել այնպիսի բարոյական եւ իրավական, սոցիալական արդարության հաստատման սկզբունքներ, որոնք ապահովեն հասարակության ներդաշնակ գոյությունը եւ առաջընթաց զարգացումը: Եվ այս գործընթացում անհիշելի ժամանակներից սկսած իր անուրանալի ներդրումն է ունեցել հայ կինը:

Թե ինչի են ընդունակ «փափկասուն տիկնայք Հայոց աշխարհի» հայ ժողովրդի համար բեկումնային ժամանակաշրջանում, փայլուն նկարագրել է 5-րդ դարի պատմիչ Եղիշեն.

«Հայոց աշխարհի փափկասուն տիկինները, որոնք փափուկ կյանքով ու քնքուշ մեծացել էին բազմոցների ու գահավորակների մեջ, շարունակ բոբիկ ոտքով էին գնում աղոթատները, խնդրելով, որ կարողանան դիմանալ այն մեծ նեղությանը: … մեծ ուրախությամբ խոտեղեն կերակուր էին ընդունում վայրենիների նման եւ ամենեւին չէին հիշում իրենց սովորական փափուկ կյանքը: … Մոռացան իրենց կանացի տկարությունը եւ առաքինի տղամարդիկ դարձան պատերազմի մեջ, կռիվ արին ու մարտնչեցին ծայրագույն մեղքերի դեմ»:

Մեզանում ընդունված է հայկական արժեքների թվում հաճախ իրավացիորեն հիշատակել հայ ընտանիքը, մոռանալով, որ այդ ընտանիքը ընտանիք է նախ եւ առաջ կնոջ շնորհիվ, որը եղել է եւ է ընտանիքի պահապան հրեշտակը: Նա իր բոլոր «դեմքերով»՝ Աղջնակ, Օրիորդ, Կին, Մայր, Մեծ մայր, նպաստել է հայ ընտանիքի ամրապնդմանը, դրանով իսկ ապահովելով ամբողջ հայ հասարակության առաջընթացը: Հասարակությունն իր հերթին գնահատել է կնոջ դերը եւ, որպես կանոն, մեծարել է նրան, փայփայել, հոգացել նրա կարիքները: Մեզանում երբեք կնոջը չեն նսեմացրել, անտեսել, նա միշտ եղել է եւ կա ուշադրության կենտրոնում: Այդպիսի վերաբերմունքի վկաներից մեկը հայոց լեզուն է: Եթե հիշենք, որ լեզուն տվյալ ժողովրդի համընդհանուր ստեղծագործության, արարման արդյունք է, որում արտահայտվում է այդ ժողովրդի զարգացման ողջ ընթացքը, նրա աշխարհընկալումն ու աշխարհայացքը, ապա կհասկանանք, որ պատահական չէ, որ լեզուն մեզ համար «մայրենի» է, որ հայրենիքը «մայր հայրենիք» է: Ամենեւին պատահական չէ, որ հայոց լեզվում չկա «իգական» եւ «արական» սեռերի բաժանում: Ի դեպ, հայերենում հայտնի «ունի» վերջածանցը արհեստականորեն ներմուծվել է ոչ վաղ անցյալում եւ ունի շատ մասնավոր կիրառություններ: Եթե համեմատենք հայերենը, ասենք՝ ֆրանսերենի հետ, ապա պարզ կդառնա, թե հասարակությունը ինչպիսի վերաբերմունք է ունեցել կնոջ նկատմամբ: Եվրոպական քաղաքակրթությունը, որը համարվելով թեեւ առաջադիմական, այնուամենայնիվ կնոջ եւ նրա իրավունքների նկատմամբ չի ցուցաբերել անհրաժեշտ ուշադրություն:

Այդ մասին են վկայում Օլիմպիա դը Գուժի կազմած «Կնոջ եւ քաղաքացուհու իրավունքների հռչակագիրը» (1791), սուֆրաժիզմի, ֆեմինիզմի եւ նմանատիպ բազմաթիվ այլ շարժումների առկայությունը: Ի դեպ, այդ շարժումները երբեմն հասնում են ծայրահեղությունների, որին հակադարձվում են արդեն տղամարդու իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ձեւավորումն Արեւմուտքում: Հայ իրականությունում արդեն իսկ առաջին պետականության ստեղծումից անմիջապես հետո լուծվեց կանանց ընտրական իրավունքի խնդիրը, ինչպես նաեւ պետական պաշտոններ զբաղեցնելու հարցը, որի վառ արտահայտությունը առաջին կին պատգամավորներ են, Դիանա Հովհաննես Աբգարի նշանակումը Ճապոնիայում դեսպանի պաշտոնում: Մշտապես մեծ ուշադրություն է դարձվել կանանց կրթական իրավունքին՝ գործել են օրիորդաց դպրոցներ ու վարժարաններ: Արդեն 8-րդ դարից հիշատակվում են օրիորդների համար գործող տնային դասընթացները (առաջին հիշատակությունը վերաբերում է շարականագիր-բանաստեղծուհի Սահակդուխտին): 19-րդ դարում բազմաթիվ օրիորդաց դպրոցներ ստեղծվեցին հայաշատ քաղաքներում՝ Կ Պոլսում (1821), Թբիլիսիում (1830), Իզմիրում (1838), Շուշիում (1864), Բաքվում (1866) եւ այլուր:

Կարծում եմ ամենեւին պատահական չէր, որ 90-ական թվականների սկզբին Հայաստանում գործում էր «Շամիրամ» կուսակցությունը: Ցավում եմ, որ այն դադարեցրեց իր գործունեությունը: Համոզված եմ, որ ներկայումս մեր երիտասարդ կանայք կարող են անել ավելին, քան իրենց նախորդները: Դժբախտաբար, մեր տղամարդիկ ի զորու չեղան ստեղծել արդյունավետ կառավարման համակարգ: Ժամանակն է կանայք լրջորեն միջամտեն այդ հրատապ ու կարեւորագույն խնդրի լուծմանը: Իմիջիայլոց, կարող է շատ տարօրինակ թվալ, բայց կանանց քաղաքական իրավունքների դեմ ամենախիստ եւ դաժանն էին հանդես գալիս հենց կանայք: Հետո հասկացա, որ դա ոչ թե զարմանալի է, այլ շատ տրամաբանական ու օրինաչափ, որովհետեւ կանայք ներքուստ, ինտուիտիվ զգացողությամբ չեն ուզում, որ նրանք գայթակղվեն իշխանությամբ, «փչանան», ինչպես տղամարդիկ են հայտնվում «փառքի, իշխանատենչության որոգայթներում»:

Նշելով կանանց նկատմամբ հայ հասարակության դրական վերաբերմունքը, չէի ուզենա, որ ստեղծվի այն տպավորությունը, իբր մեզանում ամեն ինչ այդ առումով բարվոք է: Ցավով կարելի է եւ անհրաժեշտ է նշել, որ այսօր էլ կան բազմաթիվ անկիրթ, ավելի ճիշտ՝ տգետ տղամարդիկ, որոնք կարծում են, թե միայն տղամարդ լինելը բավարար է իրենց վեր դասելու համար: Թող շատ հայ տղամարդիկ հիշեն, թե իրենք ինչպես են ապրում կանանց հաշվին:

Այժմ դառնանք ՀՀ Սահմանադրության մի դրույթի, որը հռչակում է. «Հայաստանում կանայք ու տղամարդիկ հավասար են», ինչն իմ պատկերացմամբ նվազագույնը տարօրինակ է: Առաջին, այդ նույն Սահմանադրությունը ամրագրել է, որ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»: «Բոլորի» մեջ կարծես թե մտնում են նաեւ կանայք, հետեւաբար վերոհիշյալ դրույթից բխում է, որ «կանայք» մարդ չեն: Երկրորդ, սկզբունքորեն, մեծ հաշվով տղամարդն ու կինը չեն կարող հավասար լինել՝ ո՛չ իրավական, ո՛չ էլ առհասարակ սոցիալական առումով:
«Հավասարություն» հասկացությունը, որը նշանակում է իրավահավասարություն, հնարավորությունների հավասարություն եւ այլն, չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ թե՛ կրթական, թե՛ աշխատանքային իրավունքի առումով հասկանալի պատճառներով կանայք չեն կարող որոշակի բնագավառներում ստանալ համապատասխան կրթություն: Կանանց չի կարելի թույլ տալ կատարել ծանր ֆիզիկական աշխատանք եւ այլն:

Այստեղ ուզում եմ հիշատակել գերմանացի պրոֆեսոր Ա. ֆոն Հաքստհաուզենի խոսքերը. «Կանանց սոցիալական դրության տարբերությունը մյուս ժողովուրդներից նրանց ինքնուրույնության ճանաչումն է, ինչն արտահայտվում է հայկական ընտանիքի բուն կացությամբ, ինչպես նաեւ հայ կանանց անհատական բնութագրմամբ»: Ապա նա տալիս է այդ երեւույթի բացատրությունը. «դրա պատճառը հենց հայերի առաքելությունն է, իբրեւ վսեմ մշակույթի եւ ոգեղենության կրողի, ինչը դարձավ Եվրոպայի եւ Ասիայի միասնության կապող օղակ եւ կենտրոն»»:

Հենց նրա խոսքերն էլ հուշում են, որ Սահմանադրության համապատասխան հոդվածը պետք է շարադրել հետեւյալ կերպ. «ՀՀ-ում կինն ունի հատուկ կարգավիճակ, կոնկրետ հարցերում նրա իրավունքները կարող են գերակա լինել տղամարդկանց իրավունքների համեմատ»: Այդպիսի ձեւակերպումը կարող է հիմք լինել օրենսդրորեն կանանց շնորհել որոշակի արտոնություններ: Օրինակ, երեխա խնամելը համարել աշխատանքային ստաժ, կամ բազմազավակ մայրերին տալ լրացուցիչ կենսաթոշակ: Աշխատանքային ստաժին համապատասխան կենսաթոշակը կանանց համար պետք է 10%-ով գերազանցի տղամարդկանց կենսաթոշակի չափը: Աշխարհում ամենուր կանայք պայքարում են հավասար աշխատանքի դեպքում կանանց հավասար վարձատրության համար, այնինչ անհրաժեշտ է, որ կանանց աշխատավարձը մի փոքր ավելին լինի: Լավ կլինի, որ տղամարդիկ հիշեն, որ կանանց օգտագործած շրթներկը «ուտողները» իրենք են եւ հետեւաբար թող դրա դիմաց վճարեն:

Վալերի ՊՈՂՈՍՅԱՆ
[email protected]

«Առավոտ» օրաթերթ
15.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28