Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ոչ մի բանի առաջ չի կանգնում». Արման Թաթոյանը մասնակցեց ՌԱԿ մամուլի առցանց քննարկմանը

Փետրվար 23,2022 22:20

ՌԱԿ-ի համադրված մամուլը նախաձեռնել էր հերթական առցանց քննարկումը՝ «Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը եւ մարդու իրավունքների շարունակվող խախտումները» խորագրով, որը վարում էր «Ազդակի» խմբագիր Սեւան Հակոբյանը: Այս անգամ հանդիպման հյուրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր:

Առցանց քննարկման ժամանակ նշվեց, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ծանոթ է բոլորին ԽՍՀՄի-ի ժամանակվանից՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից, Սումգայիթից, քնած սպային կացնահարած Սաֆարովից մինչեւ 44-օրյա պատերազմ:

Արման Թաթոյանը նշեց, որ ավարտել է իր պաշտոնավարման ժամկետը, ինչի առիթով ամփոփիչ ասուլիս է տվել, սակայն դեռ մի քանի գործ ունի՝ ՍԴ երկու դիմում կա ներկայացնելու,նաեւ տարեկան զեկույցներ: Նա աշխարհի տարբեր անկյուններից առցանց քննարկմանը միացած սփյուռքի լրատվամիջոցների խմբագիրներին հայտնեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետ կապված, ապացույցների հիման վրա ստեղծված զեկույց են հրապարակել, որը փաստում է, որ ոչինչ չի պակասել Ադրբեջանում, եւ ատելության ու թշնամանքի քաղաքականությունը նրանց կողմից երկու հիմքով է իրականացվում՝ էթնիկ եւ կրոնական պատկանելության:

Պարոն Թաթոյանը հիշեցրեց, թե պատերազմից առաջ ինչպես էր Իլհամ Ալիեւը վրեժխնդիր լինելու կոչով դիմել մուսուլմանական աշխարհին եւ հայերին մեղադրել իսմալատյացության ու ադրբեջանատյացության մեջ, ինչը կեղծ տվյալ էր: Նա բազմաթիվ օրինակներ բերեց քրիստոնյա եւ մահմեդական ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված գեղեցիկ հարաբերություների եւ համերաշխության, ընդգծեց, որ մենք ունեցել ենք եւ ունենք բարձր պաշտպանության եւ հարգանք արաբական երկրներում, Երեւանում կա մզկիթ, որտեղ այցելած երկու ադրբեջանցի պատվիրակները լուսանկարվել ու ցինիկաբար գրել են, թե դրա իրական տերերը կվերադառնան այդ մզկիթ:

Արման Թաթոյանը փաստեց, որ Հայաստանում եւ Արցախում պահպանվել եմ մահմեդական հուշարձանները, մինչդեռ Բաքվում Հայ Առաքելական եկեղեցին պղծված է: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, Ադրբեջանում ատելության ու թշնամանքի քաղաքականությունը միայն հռետորաբանությամբ չի դրսևորվում, նրանք դա իրականացնում են բոլոր բնագավառներում, հայ ռազմագերիներին խոշտանգելով, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելով. «Արմենաֆոբիան ադրբեջանական իշխանությունների համար իշխանությունը պահելու եւ ժողովրդին իրական խնդիրներից շեղելու ձեւ է»:

Նրա ձեւակերպմամբ, Ադրբեջանի այդ քաղաքականությունը վտանգավոր է նաեւ այլ երկրների համար, որտեղ ապրում են հայեր եւ ադրբեջանցիներ, դա երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ է պահում ամբողջ աշխարհում. «Տեսանք թե 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո ոնց էին հարձակում գործում հայերի վրա ադրբեջանաթուրքական խմբերը՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, տարբեր երկրներում: Ես դեսպանների հետ հանդիպումներ ժամանակ ասում եմ, որ ցանկացած պահի կարող են խաղալ ձեր երկրի կայունության հետ»:

Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ սահմանային միջադեպերին, մեր տարածք ներխուժած ադրբեջանցիների պատճառով Գեղարքունիքի գյուղերում ջրի խնդրին. «Ադրբեջանցիները նստած են աղբյուրների ակունքներին, մարդիկ ոտքով կողքի գյուղից ջուր են բերում, ադրբեջանցի զինվորները անհնարինության են վերածել մեր քաղաքացիների կյանքը, խախտված է նրանց սեփականության իրավունքը, շատ դեպքերում ադրբեջանցիները մեր քաղաքացիներին պատկանող տների ու հողերի մեջ են, տեղեր կան, որ տեսախցիկներով դիտարկում են մեր քաղաքացիների տները, կրակոցներ են արձակում: Իսկ մեր պետությունը սխալ Ես չեմ ասում, որ պետք է մեկուսացած ապրենք, բայց պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները»:

Արման Թաթոյանն ասաց, որ ադրբեջանցիները շատ էին ուրախացել, որ որպես ՄԻՊ իր գործունեությունը դադարեցնում է, բայց միեւնույն է ինքը շարունակելու է առաքելությունը: Նա կարեւորեց Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնությունը, փաստեց, որ ադրբեջանցիները շատ էին սահմանափակում դրսի հարթակները, սակայն տարբեր երկրներում սփյուռքյան կառույցները ու անհատները կարողացել են այնպես անել, որ լսելի լինենք: Սփյուռքի թերթերի խմբագիրներն ասացին, որ Արման Թաթոյանը կարող է որպես տեղեկատվության տարածման հարթակ նկատի ունենալ ՌԱԿ մամուլն իր տրամադրության տակ: Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծեց, որ Ադրբեջանի իրական դեմքը ցույց տալու եւ նրան՝ ներկայացնելու համար հարկ կլինի ապավինել Սփյուռքի աջակցությանը, որն անհրաժեշտ է նաեւ Արցախի հարցի մասին բարձրաձայնելու համար:

«Ցավոք, պատերազմը շատ բան փոխեց, իրավունքների մասն իջել է, բայց մենք պետք է փորձենք բարձրացնել, որովհետեւ Ադրբեջանի նպատակն ամեն ինչ գոլորշիացնել է, պետք է թույլ չտանք, որ այս թեման «նստի» միջազգային թեմաներից: Իրենք ստեղծում են կարծրատիպ, որ իբր Արցախի հարցը Ադրբեջանի ներսում եղած հայերի խնդիր է, իրենք ակտիվորեն գործում են, ու մենք ժամանակ չունենք, այս պարագայում անգնահատելի է Սփյուռքի դերը: Ադրբեջանը ոչ մի բանի առաջ չի կանգնում, մենք չենք կարող սա թույլ տալ»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28