Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Հովհաննիսյանը՝ գազաբալոնների ստուգաչափման մասին. «Ես սա համարում եմ մարդկանցից գումար գանձելու հերթական միջոցը»

Փետրվար 27,2022 21:17

ՀՀ կառավարության նոր որոշման համաձայն, այսուհետ 2 տարին մեկ պետք է ստուգաչափվեն տրանսպորտային միջոցների վրա տեղադրված պլաստմասե փաթույթով բալոնները, իսկ 3 տարին մեկ անգամ՝ մետաղական բալոնները:

Վանաձորում գործող «Վարորդների ակումբի» հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանն այս որոշման մեջ դրական է համարում այն, որ այս քայլով փորձ է արվում բարձրացնել անվտանգությունը. «Ես կողմ եմ այս անվտանգության կանոններին, բայց դրանով հարց չի  լուծվում: Քանի որ բալոնների ստուգաչափումը որեւէ երաշխիք չի տալիս, որ ստուգման հաջորդ օրն ասենք գազալիցքավորման կայանում նորմայից ավել գազ լցնեն, եւ բալոնը պայթի»:

Տրանսպորտային միջոցների գազաբալոններ տեղադրող եւ սպասարկող առաջին 5 կազմակերպությունները վկայագրեր արդեն իսկ ստացել են: Դրանցից երկուսը գործելու են Երեւանում, երկուսը՝ Շիրակում, մեկը՝ Լոռու մարզում։

Անդրանիկի խոսքով՝ 5 կազմակերպությունները բավարար չեն գործընթացը մինչեւ օգոստոսի 1 իրականացնելու համար. «Առաջին խնդիրն այն է, որ Լոռու մարզում լիցենզիա ստացած կազմակերպությունը գտնվում է Սպիտակ քաղաքից մի փոքր դուրս: Այսինքն, Լոռու մարզի տրանսպորտ օգտագործողներն ուզեն, թե ոչ, պետք է գնան եւ լիցենզավորում անցնեն այնտեղ: Երկրորդ խնդիրը ցավոտ է, դա ժամկետների հարցն է: Ըստ օրենքի մեքենաները պետք է լիցենզավորվեն, որպեսզի իրավունք ունենան գազալիցքավորման կայաններում լիցքավորեն մեքենան: 1 մեքենայի սպասարկումը մոտավոր տեւում է 1 ժամ, եւ եթե նույնիսկ այս 5 կազմակերպությունները 24 ժամ էլ աշխատեն այդ ռեժիմով ուղղակի անհնարին է բոլոր մեքենաները ստուգաչափել: Միջին հաշվարկով մինչեւ օգոստոս այս 5 կայանների շնորհիվ հնարավոր կլինի լիցենզավորել մոտ 20.000 մեքենա: Մինչդեռ Հայաստանում միջին հաշվարկներով կա 500-700.000 գազով շահագործվող մեքենա: Մեզ մի 30 տարի պետք է, որ Հայաստանի ողջ ավտոպարկը լիցենզավորվի, բայց հաշվի առեք, որ մենք 2 տարին մեկ այս գործընթացը կրկնելու ենք»:

Անդրանիկի խոսքով՝ այստեղ կա մեկ բացթողում եւս: Գազաբալոններին արտադրողների կողմից տրվում է երաշխիք, սակայն դա հաշվի չեն առնում. «Բալոններն ունեն գործարանային երաշխիքներ: Կան բալոններ, որ մինչեւ 15 տարի երաշխիք ունեն եւ ինչո՞ւ պետք է չհավատան այդ երաշխիքին եւ մենք նորից գնանք բալոն ստուգենք»,- ասում է Անդրանիկն ու շարունակում. «Ես սա համարում եմ մարդկանցից գումար գանձելու հերթական միջոցը»:

Մինչեւ օգոստոսի մեկը վարորդները պետք է ստուգման ներկայացնեն գազաբալոնները, հակառակ դեպքում ստիպված կլինեն այլ վառելիք օգտագործել: Այս կերպ փորձում են հասնել նրան, որ լցավորման կայաններում չափանիշներին չհամապատասխանող գազաբալոնները չլիցքավորվեն:

Բացի այս պահին գործող 5 ընկերությունները, լիցենզիա ստանալու համար եւ գազաբալոնները ստուգաչափելու համար եւս 3 ընկերություն դիմել է Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարություն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28