Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշո՞ւմ եք՝ էն Էդմոն Մարուքյանն ասում էր՝ հիմա ի՞նչ անեմ, զինված խմբեր հավաքեմ, գնամ գրավեմ, սպանեմ, ի՞նչ անեմ». Վանեցյան

Մարտ 03,2022 16:01 Share

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մատով է խոսելու այն պատգամավորների հետ, որոնք հողատու կասեն իրեն ու նրանց վրա մատ թափ կտա:

Դրանից հետո՝ ընդդիմադիրներն այսօր նորից սովորականի պես մասնակցեցին նիստին ու իշխանական թիմի հետ քննարկում են օրվա նախագծերը:

Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց, որ անձամբ ինքը երբեւէ չի մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին. «Որովհետեւ ես գիտեմ, որ ունենք մի անհավասարակշիռ մարդ, որը խոսում է՝ ինչի մասին ուզում է, որեւէ սահմանափակումներ չունի եւ ուղիղ տրված հարցին պատասխանում է իր ուզած ոճով, իր ուզած ձեւով: Երեկ մենք ականատես եղանք մի խայտառակ լկտի պահվածքի, որն ուղղակի անթույլատրելի է ոչ միայն փաստացի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, այլ առհասարակ դա ամոթալի պահվածք էր»:

Հարցին՝ ո՞նց եք աշխատել այդ անձի հետ, երբ նման կարծիք ունեք իր մասին՝ Վանեցյանը պատասխանեց, որ հրաժարականի հայտարարության մեջ ամեն ինչ ասել է. «Այսօր գտնվում եմ ընդդիմադիր դաշտում: Որեւէ կերպ չկար դրված հարց, որ ինձ պաշտոնանկ են անելու: Ես 1,5 տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնն էի զբաղեցնում ու շատ բարձր դիրք իշխանության մեջ: Ձեր կարծիքով ես չէ՞ի գիտակցում, որ իմ վրա հրաժարականով բերում եմ մի մեծ ալիք: Դուք տեսաք բազմաթիվ քրեական գործեր, որոնք հիմա հերթով կարճվում են, բազմաթիվ կեղծ հրապարակումներ, որոնք հիմա հերթով դատարանները ստիպում են ԶԼՄ-ներին, վարչապետի մամուլի խոսնակին հերքել իմ մասին հրապարակած կեղծ տեղեկությունները: Ես տեսնում էի, որ երկիրը տանում են կործանման, դրա համար էլ գնացել եմ»:

Հարցին՝ եթե գիտեք, որ անհավասարակշիռ է Նիկոլ Փաշինյանը ու չեք մասնակցում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, ապա ինչո՞ւ նույնը չեք հորդորում անել ձեր խմբակցության մյուս պատգամավորներին՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ եթե եկել են ԱԺ, որպես պատգամավոր ինքը իր դիրքորոշումն է իրացրել, մյուսները՝ իրենց. «Երեկ հարց է տվել պատգամավորը, ասում ՝ հացահատիկի դեֆիցիտի ժամանակ ի՞նչ եք անելու, այս մարդը վեր է կենում ու ասում է՝ դուք էս եք, էն եք, թափ եմ տալու: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման վարքագիծ դրսեւորեց. կա մի քանի տարբերակ՝ տարբերակ 1` ուղղակի անհավասարակշիռ մարդ է, որը բախտի բերմամբ կամ պատահմամբ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: 2-րդ՝ գիտակցում էր, որ կարող է հաջորդիվ հնչելու էր անհարմար հարց, որի պատասխանը չուներ տալու, օրինակ՝ դիրքորոշում ներկայացնելու այս կամ այն հարցի վերաբերյալ հստակ, աշխարհը փոթորկված է, կարող է նման հարց տային, որի պատասխանը չուներ: Եվ 3-րդ՝ ուղղակի տեսել է, որ ԱԺ-ում ինչ-որ մի իրավիճակ է ստեղծվել, աշխատանքային միջավայր է ձեւավորվել, փորձեց ագրեսիա մտցնի, որ էլի դահլիճում լինեն կռիվներ, հայհոյանքներ, վիրավորանքներ»:

Մեր հարցին՝ դուք հիմա փորձում եք վերլուծել Նիկոլ Փաշինյանի պահվածքը ու տրամաբանություն գտնել այդ պահվածքի մեջ, բայց խնդիրը նաեւ ընդդիմության վարքագծի մեջ է, ի՞նչ արեց ընդդիմությունը, երբ ինքը ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմության «թասիբին կպավ»՝ Վանեցյանն ի պատասխան ժպտաց ու ասաց. «Հիշո՞ւմ եք՝ էն Էդմոն Մարուքյանն ասում էր՝ հիմա ի՞նչ անեմ, զինված խմբեր հավաքեմ, գնամ գրավեմ, սպանեմ, ի՞նչ անեմ: Եկեք հասկանանք, մենք քաղաքական գործընթացի մեջ ենք, կիրթ, նորմալ մարդիկ ենք: Հիմա նույն բանն է, տարբերություն չեմ տեսնում՝ դուրս գամ, մի քաղաքացի ինձ հայհոյի, ի՞նչ պիտի անեմ, ես իրեն հայհոյեմ, գնամ խփե՞մ: Պետք է ասեմ՝ դե հիմա մարդ էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031