Լրահոս
Օրվա լրահոսը

«800 հեկտարի եւ 10 000-ի կորստի միջեւ զուհագեռներ տանողներ՝ դուք առ ոչինչ եք համարում 5000 զոհերը»․ Մամիջանյանի պատասխանը ՔՊ-ականներին

Մարտ 03,2022 18:45

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորների՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ պնդումներին հակադարձեց մի շարք անձանց հայտարարություններով, մասնավորապես․

Վլադիմիր Պուտին․ «Շուշիի հարցը երբեք չի եղել բանակցությունների առիթ։

ԵԱՀԿ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպով․ «Փոխզիջումները փոխկապակցված էին ԼՂ կարգավիճակի որոշման հետ»։

Իլհամ Ալիեւ․ «Փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը» կամ «Քարվաճառն ու Լաչինը մնալու էին ՀՀ-ի հավերժական վերահսկողության տակ»։

Նիկոլ Փաշինյան․ «Կազանյան փաթեթը բավականին լավ, բովանդակային լուծում էր»։

«Երեկ այս ամբիոնից որակումներ տալով մադրիդյան սկզբունքներին՝ Փաշինյանը հետո գնաց դիվանագետի տոնի ժամանակ ասաց, որ իրենք ձգտելու են նույն սկզբունքների հիման վրա հասնել խնդրի լուծման։ Ավելին՝ ձեր ծրագրում է դա նշված։ Այդ «վատ», «հակահայկական» լուծումները ձեր ծրագրում եք նշել որպես հիմք, դա ձեր նպատակն է, այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդքան վատն էին»,-հարցադրում արեց Մամիջանյանը։

Նա շեշտեց՝ ՌԴ ԱԳՆ-ն քանիցս ասել է, որ լուծման տարբերակը փաթեթային է, իսկ աշխատանքային՝ բանակցվող փաստաթուղթը միայն Կազանի փաստաթուղթն է եղել․ «Պարոն Արման Եղոյան, դուք կարող եք այլ փաստաթղթեր մեջբերել, բայց դրանք չեն ունեցել աշխատանքային թղթի կարգավիճակ։ ՀՀԿ-ի թողած ժառանգությունն է աշխատանքայինը՝ Կազանի փաստաթուղթը, որի հիմնադրույթներով ներկայացվել են մնացած բոլոր քննարկումները։ Ավելին՝ 2019թ․-ին ՌԴ-ն ձեզ ներկայացրել է փաստաթուղթ, մինչդեռ դուք հերքում էիք, թե սեղանին փաստաթուղթ չի եղել։ Լավ է, որ մի քանի ամիս առաջ խոստովանեցիք այս մասին։ Այդ փաստաթղթի մասին 2020թ․-ին Լավրովն ասել է, որ փուլային լուծման մասին  է խոսքը։ Մեր բանակցային գործընթացի ընթացքում որեւէ համանախագահող երբեք չի ասել փաստարկ, որ սեղանին փուլային լուծում է, եւ դուք սա հերքել չեք կարող։ (Պարոն Ալեքսանյան, հետո կհարցնեք Եղոյանից, թե ինձ պատասխանելու համար ինչ է պետք ասել-ասում է ժպտալով-հեղ․)»։

Ապա` Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցին՝ ի՞նչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ժամանակին հաջողեր եւ Կազանի փաստաթուղթն իրագործվեր․ «Ասեմ՝ դուք, ձեր որոշ գործընկերներ, Ալեն Սիմոնյանն ու որոշ այլ մարդիկ խորը եւ համապարփակ քննադատության կենթարկեիք այդ լուծումը, որովհետեւ Ալեն Սիմոնյանն էր նռներով նկար գցել՝ «Աղդամն իր հայրենիքն է»։ Երբ Սերժ Սարգսյանը խոսում էր Աղդամի մասին, դահլիճում նստածների կեսը հասցրեց արտահայտվի, որ Աղդամն իր հայրենիքն է։ Հետագայում հայրենիքի այդ հատվածի մասին վերաբերմունքը տեսանք։ Պարոն Ռուբինյանը զուգահեռներ է անցկացրել բանակցային գործընթացի եւ ներկա պահին առկա արդյունքների միջեւ։ Պարոն Ռուբինյան, դա նույնն է, ոնց որ կողոպուտը համեմատես բանակցելու հետ։ Ինչի ձեզանից ինչ-որ մեկը հարցրե՞լ է, թե ինչ անի, ինչը մնա, իսկ ինչը ոչ։ Ո՞նց կարելի է զուգահեռներ տանել պատերազմի արդյունքում կորցրած տարածքների եւ բանակցությունների ընթացքում եղած փաստարկների միջեւ»։

Մամիջանյանը հավելեց․ «Ավելի վատ բան ասեմ․ ցույց տվեք մի հատ փաստաթուղթ, որում եղել է Շուշիի, Հադրութի հարցը, Մարտակերտի, Ասկերանի գյուղերի հարցը։ Ավելին՝ 800 հեկտարի եւ տասը հազարի կորստի միջեւ զուգահեռներ տանողներ՝ դուք առ ոչինչ եք համարում 5000 զոհերը։ Այո, ասում եմ 5000, քանի դեռ զոհերի անվանական ցուցակ չեք հրապարակել։ Արթուր Հովհաննիսյան, այսուհետեւ չընդհատես։ Իսկ երբ բնակավայրերի անուններից եք խոսում, ոչ այնքան էական է այն, թե ինչպես են դրանք անվանվել, քան այն, որ մերոնք դրանք պահել են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031