Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա նշանակո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պոտենցիալ հողատու էին»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Մարտ 03,2022 16:19

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից հետո այսօր ԱԺ լիագումար նիստում արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Խնդիրը բառի բուն իմաստով հանրային գիտակցությունը վիրավորելու մեջ է։ Հարց եմ տալիս ընդդիմադիրներին՝ Սանասարը, Կովսականը, Ակնան, Քաշաթաղն ի՞նչ էին։ Ի՞նչ են։ Ի՞նչ նշանակություն ունեին հայերիս, մեր համար, ՀՀ-ի եւ մեր ղեկավարների համար»,-հարցադրում արեց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ արձանագրված փաստ է, որ ՀՀ իշխանությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի նախագահության տարիներին բանակցել են նշյալ յոթ շրջաններն Ադրբեջանին հանձնելու շուրջ․ «Բնականաբար, ոչ միայն դրա մասին են բանակցել, դա փաթեթների եւ փուլերի բաղադրիչ էր։ Երբ ձեզանից շատերն ասում են, թե մենք հայրենիքի 75%-ը հանձնել ենք, հարց է ծագում՝ դա նշանակո՞ւմ է, որ դուք դա համարում եք Արցախի մաս։ Այո, տրամաբանորեն։ Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինչպե՞ս են բանակցել հայրենիքի որոշակի տոկոսը հանձնելու շուրջ։ Դա նշանակո՞ւմ է, որ իրենք պոտենցիալ հողատու էին ձեր տրամաբանությամբ։ Այստեղ է խնդիրը։ Կողմնորոշվեք ի վերջո։ Եթե Ադրբեջանը ստորագրեր Կազանի փաստաթուղթը, եւ այդ տարածքները, որոնք Ադրբեջանին անցան պատերազմի արդյունքում, անցնելու էին, չէ՞, Ադրբեջանին ի վերջո։ Ինչո՞ւ եք վիրավորում իմ եւ ոչ միայն իմ գիտակցությունը»։

Ռուբինյանի համար հասկանալի չէ նաեւ այն, որ ըստ ընդդիմադիրների մի մասի՝ իշխանությունը չպետք է ստորագրեր նոյեմբերի իննի փաստաթուղթը, իսկ ըստ մյուս մասի՝ իշխանությունը չի համաձայնել շուտ կանգնեցնել պատերազմը, որի արդյունքում նշյալ տարածքները կրկին հանձնվելու էին․ «Սա եւս հանրային գիտակցության վիրավորում է»։

Ռուբինյանն ընդդիմությունից պահանջեց հստակ պատասխաններ տալ իր վերոնշյալ հարցերին։ Նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ կանեին, եթե նոյեմբերի իննի դրությամբ լինեին իշխանություն, որ պատերազմ չլիներ։

Հավելենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում ավելի վաղ պատասխանել են վերջին հարցին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031