Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարի Սյունիքի դատախազների կողմից հարուցվել է 23 քրեական գործ

Մարտ 09,2022 21:15

Aravot.am-ը ներկայացնում է Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանի հետ հարցազրույցի վերջին մասը։ Հիշեցնենք, որ հաշվի առնելով հարցազրույցի ծավալը, այն ներկայացրեցինք հատվածաբար։

-Պարոն Հարությունյան, քրեական գործերով դատախազը դատավարական ղեկավարում եւ հսկողություն է իրականացնում: Նախ՝ որքանո՞վ  են մարզի դատախազները կարողանում ազդել քննությունների արդյունավետության վրա: Եղե՞լ են դեպքեր, երբ դատախազական ակտերով փոխվել են քննությունների ընթացքը, բացահայտվել են հանցագործություններ կամ, ասենք, վերականգնվել են դատավարության մասնակիցների խախտված իրավունքները:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորությունն իրականացնելիս դատախազները, անկասկած, ազդում են մինչդատական վարույթի արդյունավետ իրականացման վրա, այդ ընթացքում տալիս ցուցումներ, քննարկում վարույթն իրականացնող մարմինների աշխատակիցների որոշումների եւ գործողությունների (անգործության) դեմ շահագրգիռ անձանց բողոքները, դատավարական համապատասխան սուբյեկտներին հայտնված բացարկները, վերացնում անօրինական եւ/կամ չհիմնավորված որոշումները, անձամբ հարուցում քրեական գործեր: Իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում կիրառվում է դատախազական ներգործության խիստ միջոց, այն է՝ վարույթն իրականացնողը դատախազի որոշմամբ հեռացվում է կոնկրետ գործով դատավարությանը մասնակցելուց: Այս ամենն ուղղակիորեն ազդում են թե քննության արդյունավետ ընթացքի, թե դատավարության մասնակիցների իրավունքների իրացման պատշաճ ապահովման վրա:

Նշեմ մի քանի թվային տվյալ։ Միայն նախորդ տարվա ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 23 քրեական գործ: Դատավարական ղեկավարում իրականացնելիս քրեական գործերով մարզի դատախազության դատախազների կողմից քննիչներին տրվել է 401 գրավոր ցուցում (նախորդ տարի՝ 77), իսկ օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ 332 հանձնարարական (նախորդ տարի՝ 14): Այդ ցուցումների ու հանձնարարությունների կատարման արդյունքում բացահայտվել է հանցագործություն, անձանց առաջադրվել են մեղադրանքներ:

2021թ. կայացվել է նախաքննություն իրականացնող քննիչին քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու 12 որոշում, 2 քրեական գործով որոշումներ են կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու եւ գործը լրացուցիչ քննության վերադարձնելու մասին: Նաեւ՝  քննարկվել է 330 դիմում-բողոք, կազմակերպվել է քաղաքացիների 92 ընդունելություն: Մի շարք դեպքերում դիմում-բողոքների քննարկման, քաղաքացիների ընդունելության արդյունքում հարուցվել են քրեական գործեր, կիրառվել են դատախազական ներգործության համապատասխան միջոցներ:

-Մարզի դատախազությունն կոնկրետ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել մարզի տարբեր համայնքներին հանցագործություններով պատճառված վնասները վերականգնելու, հանցագործությունների պատճառները, պայմանները վերացնելու ուղղությամբ:

Մինչդատական քրեական վարույթի ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պետությանը հանցագործությամբ պատճառված նյութական վնասի վերականգնման ուղղությամբ օրենքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկելու պարտականությունը վարույթն իրականացնողների կողմից պատշաճ կատարելու նկատմամբ դատախազական հսկողությունից զատ, մարզի դատախազության դատախազների կողմից անհրաժեշտության դեպքում համայնքների ղեկավարներին գրավոր հաղորդվում է համայնքներին պատճառված նյութական վնասի հատուցման պահանջով դատարան հայց ներկայացնելու անհրաժեշտության մասին՝ միաժամանակ տրամադրելով դրա անհրաժեշտության մասին վկայող համապատասխան փաստաթղթերը:

Ցուցաբերվում է անհրաժեշտ հետեւողականություն: Կոնկրետ օրինակ բերեմ. Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Դարբաս համայնքին (ներկայումս՝ բնակավայր) պատճառվել է 6.282.000 դրամի նյութական վնաս, որից, գործի հանգամանքներով պայմանավորված, համապատասխան անձին մեղսագրվել եւ նախաքննության ընթացքում վերականգնվել է 2.800.000 դրամը: Իսկ 3.482.000  դրամը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ դատարան հայց ներկայացնելու առաջարկությամբ համապատասխան գրություն է ուղարկվել Սիսիանի համայնքապետարան:

Ընդհանուր առմամբ նախապատրաստված նյութերով, քննության փուլում գտնվող գործերով, ինչպես նաեւ 2021 թվականի ընթացքում ավարտված գործերով վերականգնվել է համայնքներին պատճառված 40.895.916 դրամի նյութական վնասը:

Հանցանքների կատարմանը նպաստող հանգամանքների պարզումն ու վերհանումը քրեական վարույթն իրականացնող մարմինը, դատախազական պատշաճ հսկողության պայմաններում, ապահովում է մինչդատական վարույթի ընթացքում: Արդյունքում համապատասխան իրավաբանական անձին կամ պաշտոնատար անձին ներկայացվում է միջնորդագիր՝ այդ հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:

Միայն 2021 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության դատախազների կողմից ներկայացվել է այդպիսի 55 միջնորդագիր: Պատշաճ հետեւողականություն է ցուցաբերվում դրանց արդյունքների մասին օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում տեղեկացնելու ուղղությամբ:

Նշենք, որ անցած տարի Սյունիքում հանցագործությունների աճ է նկատվել՝ նախորդ 2020 թվականի համեմատ։ Ինչ վերաբերում է Սյունիքի տարածաշրջանային քոլեջ տնօրեն Անժելա Մաքյանին առաջադրված  մեղադրանքին, ապա վերջինիս ծավալը չի փոխվել։ Նախաքննությունը շարունակվում է։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031