Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցյալում դա երազանք էր, իսկ հիմա Թուրքիայի ախորժակը սրված է»․ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ

Մարտ 10,2022 16:10

«Այս իշխանության ապազգային քաղաքականությունը, դժբախտաբար, շարունակվում է։ Իշխանության պաշտոնական քաղաքականության մաս է կազմում պառակտումը հայրենիքի մակարդակով եւ այն սփյուռք տեղափոխելը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովի աշխատանքների ամփոփմանը՝ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Համոզված ենք, որ իրավիճակը միասնականություն է պահանջում, որ կարողանանք դիմակայել մեծ մարտահրավերներին։ Ապազգային մոտեցումները լեզվի, պատմության հանդեպ, եկեղեցու դերի նսեմացումը կարող են աղետալի հետեւանքներ ունենալ, եթե իշխանությունը չտեսնի իր սխալը եւ չփորձի համախմբել ուժերը»,-համոզմունք հայտնեց նա։

Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքով՝ ՀՅԴ-ն պատրաստ է շարունակել իր առաքելությունն իրականացնել․ «Կարիք կա կաթողիկոսությունների եւ համահայկական կառույցների հետ ստեղծել համաժողով, որպեսզի ամրապնդվեն սփյուռքի կառույցները, թոթափվի հիասթափության մթնոլորտը։ Կասկած չկա, որ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվացած է։ Թուրքիան իր երազանքն է իրականացնում՝ թափանցումը Հարավային Կովկաս։ Անցյալում դա երազանք էր, իսկ հիմա Թուրքիայի ախորժակը սրված է։ Այս ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին շատ զգույշ պետք է մոտենալ։ Այդ մոտեցումները չպետք է խանգարեն եւ վնասեն համահայկական շահերին, չպետք է անտեսեն հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքները, Արցախի եւ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը»։

Բանախոսը շեշտեց, որ ՀՅԴ-ն նման հարցերին վճռականորեն է մոտենալու․ «Աշխարհով մեկ շարունակելու ենք հայ դատի աշխատանքը միջազգային մայրաքաղաքներում՝ ՀՀ-ի եւ Արցախի հզորացում, հայկական պետականության ամրապնդում, ցեղասպանության պահանջատիրության հարցի հետապնդում։ Պայքարի նոր մոտեցումներ եւ ձեւեր են անհրաժեշտ։ Դժբախտաբար, այսօր ՀՀ իշխանությունը հանդես չի գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Ցավալի է, որովհետեւ նախկինում ՀՀ-ն միշտ շեշտել է այդ երաշխավորությունը։ ՀՀ-ն նվազագույնը ռազմաքաղաքական դաշինք պետք է ունենա Արցախի հետ,  մինչդեռ այսօր հեռու ենք դրանից։ Իշխանությունը խուսափում է այդ հարցից եւ հայ դատի աշխատանքներից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031