Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «101 տարի առաջ Մոսկվայում ստորագրվեց մի փաստաթուղթ, որը պատմության մեջ մտավ «Մոսկվայի պայմանագիր» տխրահռչակ անունով»

Մարտ 16,2022 22:00

Ազգային-ժողովրդական բեւեռը եւ Մոդուս Վիվենդի կենտրոնը այսօր «Մոսկվայի պայմանագիրը (1921 թ. մարտի 16)-Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից առաջ» թեմայով գիտաժողով էր կազմակերպել:

«101 տարի առաջ Մոսկվայում ստորագրվել է մի փաստաթուղթ, որը պատմության մեջ մտավ «Մոսկվայի պայմանագիր» անունով: Սա մի պայմանագիր է, որ իր էությամբ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի նախորդողն էր: Շատերը գիտեն պակտի խիստ բացասական հետեւանքների մասին, բայց քչերն են պատկերացնում, որ այն իր արմատներով գալիս է 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական տխրահռչակ պայմանագրից»,-ասաց Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Արա Պապյանը՝ ընդգծելով դրանց խիստ բացասական հետեւանքները Հայաստանի համար: Զեկուցողը նշեց, որ դա մեկ երկրում տարբեր երկրների համաձայնությամբ իշխանություն կամ ազդեցության գոտիներ հաստատել է, ինչը տեսանելի է նաեւ մեր օրերում:

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը Aravot.am-ի հետ զրույցում  ասաց. «Լենին-Քեմալ պակտը, որ կնքվեց 1920-1921 թվականներին, որը ներառում էր ռուս-թուրքական տարբեր պայմանագրեր՝ Մոսկվայի, Կարսի պայմանագրերը եւ դրա ոգուց բխող ռուսական կուսակցական որոշումները, այդ բոլորը նախադեպն էր Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի, որով հետագայում Եվրոպան կիսեցին: Դրա նախադեպը՝ 1920-1921 թթ. Մոսկվայի պայմանագիրը, փաստորեն ֆաշիստական առաջին գործողությունն էր, որ կատարվեց, որից հետո ամբողջ Եվրոպան իր վրա զգաց այդ ցավը:

Այս իմաստով մեր մոտ 2020 թվականին տեղի ունեցավ ռուս-թուրքական հաջող օպերացիան, ինչպես Շոյգուն ասում էր, մենք էլ մեր մաշկի վրա զգացինք միջազգային իրավիճակի ֆաշիստացումը: Առաջինը մենք զգացինք եւ աշխարհը, կարծես, մեծ նշանակություն չտվեց դրան: Իսկ հիմա Ուկրաինայում շատ ավելի հստակ, հասկանալի է դառնում, որ 2020 թվականի պատերազմը ընդամենը դրվագ էր ավելի մեծ փոփոխությունների: Այդ դրվագի իմաստների մեջ կար ռուս-թուրքական ցամաքային ճանապարհի հաստատումը այն դեպքում, որ Արեւմուտքից Ռուսաստանը կփակվի: Ռուսաստանն ամեն տեղից փակվում է, բայց մի տեղից պետք է ցամաքային ճանապարհ լիներ դեպի նոր դաշնակից Թուրքիա: Մենք դա հիմա տեսնում ենք: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի նկատմամբ, ինչը ցույց է տալիս Թուրքիայի երկակիությունը:

Հիմա պատմությունը, իսկ դա կենդանի պատմություն է, մեզ դասեր պիտի տա մեր այսօրվա համար: Պատմության դասերը հուշում են քայլերը, որովհետեւ սովետական, ստալինյան ֆաշիզմը, տեռորը, քաղաքացիական պատերազմը, որ դեռ 20-ականներին թվում էր, թե ընդամենը ժամանակավոր դրվագ է, արդեն 30-ականներին ամբողջությամբ տարածվեց ամբողջ երկրով մեկ: Եվ հիմա հայտնվել են որոշ մարգարեներ, Թաթարստանի գուբերնատորներ, որ մեզ ասում են, եթե անխուսափելի է, մտնենք Ռուսաստանի կազմ՝ գոնե  Թաթարստան դառնանք: Մտնենք՝ ի՞նչ անենք, որ տեռորի ենթարկեն ինչպես սովետական տարիների՞ն: Անգամ հանճարեղ Չարենցը դա ժամանակին չէր հասկանում: Հետո, 30-ականներին գլխի ընկավ, որ անկախությունից ավելի ճիշտ բան իր ժողովրդի համար չի կարող լինել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031