Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ վիճակում գտնվող գյումրեցի ընտանիքի դիմումը կողքի են դրել․ «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցություններն են բարձրաձայնում

Մարտ 17,2022 23:10

Տևական ժամանակ է՝ Գյումրու ավագանու նիստերում բուռն քննարկումների թեմա է դարձել սոցիալապես անապահով բնակիչներին դրամական օգնություն հատկացնելու հարցը:

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն այն համոզմանն է, որ օգնությունը պետք է լինի հասցեական, նպատակային, համապատասխան հանձնաժողովի կողմից տունայցեր պիտի կազմակերպվեն, ուսումնասիրություն կատարվեն։ Իրենք, մի քանի հասցե այցելելով, արդեն իսկ պարզել են, որ շքեղ տներ ու ավտոմեքենաներ ունեցող մարդիկ են ընդգրկվել կարիքավորների ցուցակում։

Ավագանու վերջին նիստի ժամանակ էլ թեժ բանավեճ ծավալվեց այս թեմայով․ «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը հետաքրքրվեց, թե քանի՞ դիմում է ստացել քաղաքապետարանը, քանիսն է ուսումնասիրել, ինչպե՞ս է կատարվել կարիքավորների ընտրությունը, ինչո՞ւ մնացածներին չի տրվել դրամական օգնություն և արդյոք նրանց պատասխանե՞լ են։

Գյումրու քաղաքապետարանը վերջին անգամ 124 դիմում էր ուսումնասիրել, 1 միլիոն 385 հազար դրամ էր նախատեսել ՝ յուրաքանչյուրին հատկացնելով 10 հազարական դրամ, թեև նրանց մեջ կային ընտանիքներ, որոնց ավելին էր տրամադրվելու։

Այս մասին զեկուցեց քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ տեղեկացրեց, որ մոտ 150 հոգի են դիմում ներկայացրել, ուսումնասիրվել են 124-ը։ Քաղաքապետը նաև հակադարձեց, որ «Զարթոնք» խմբակցությունը տունայցեր կատարելիս ՝ բակում կայանած հարևանների մեքենաներն է նկարել ու դա թյուրիմացաբար վերագրել կարիքավորներին։

Մի այնպիսի բանավեճ ծավալվեց, որից անմասն չմնաց և ոչ մի ավագանու անդամ։ Սոցիալական հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մուրադյանն էլ տեղեկացրեց, որ տունայցեր չեն կատարել, յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է հեռախոսազանգերով ու որպես հիմք՝ ընդունվել են դիմումին կից փաստաթղթերը։

«Ես չգիտեմ աշխարհում մի դեպք, որ հեռախոսով զանգեն, ճշտեն՝ մարդիկ սոցիալապես ապահո՞վ են, թե՞ ապահով չեն»,-ասաց Վարդևան Հակոբյանը։ Նա նաև նշեց, որ տունայցերի իմաստը քաղաքացիների հետ շփվելն է , նրանց դարդն ու ցավը հասկանալն է։

Ավագանու այս նիստից մի քանի օր անց «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն ու և «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը Aravot.am-ին ներկայացրեցին ապացույց, թե ինչպես մի ընտանիք, գտնվելով խիստ կարիքի մեջ, ուշադրության չի արժանացել քաղաքապետարանի կողմից, թեև հունվարին դիմում էր ներկայացրել։

«Վառ ապացույց, որ մարդուն չեն պատասխանել․ Առաքելյան Քրիստինեն, որը Ա․Պետրոսյան 1 հասցեի բնակչուհի է, դիմել է մեր խմբակցություն։ Մեր ներկայացուցիչը քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակցուհու հետ գնացել, պարզել է հետևյալը, որ տվյալ քաղաքացին հունվարի 24-ին դիմել է քաղաքապետարան՝ սոցիալական աջակցություն ստանալու համար, բայց դրանից հետո՝ փետրվար, մարտ ամիսներին իրեն չի տրամադրվել աջակցություն և չեն էլ պատասխանել։

Ո՛չ զանգել են, ո՛չ տունայց են կատարել, մարդն էլ ծանրագույն սոցիալական վիճակում է ապրում, առողջականը ևս վատ է, երեխան էլ ծանր հիվանդ է»-ասաց Վարդևան Հակոբյանը։

Նա նշեց, որ քաղաքացիներին իրավունքների հավասարություն պիտի սահմանվի, հստակեցվի, պատասխան տրվի՝ ինչու չեն աջակցում իրեն։ Ըստ նրա, տարիներ շարունակ այս հարցը կանոնակարգված չի եղել , երբ ում ինչ ուզել, տվել են, մեկին՝ 30 հազար դրամ, մյուսին՝ 50 հազար։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․«Իրականում խնդիրը կանոնակարգված չլինելն է, մարդը հունվարին դիմել է, պիտի որոշում կայացվի փետրվարի մեջ։ Ըստ էության, վարչարարություն չի իրականացվել, մարդուն պատասխան չի ներկայացվել, միաժամանակ ես ավագանու նիստին էլ բարձրաձայնեցի՝ ի՞նչ սկզբունքով են որոշել օգնություն տրամադրել 124 հոգուն և ո՞վ է որոշել, քանի որ, ըստ էության, համայնքը չունի սոցաշխատող։

Իրենք փորձագետ են ներգրավում, բայց փորձագետը մասնագետ չէ, սոցաշխատող չէ, կարող է ինքը օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով գնահատի կամ հեռախոսազանգով գնահատի։ Գուցե և անհրաժեշտություն չկա՞ այդ մարդուն 10 հազար դրամը տալու, այլ կա անհրաժեշտություն նրան ուղղորդելու սոցիալական ծառայության տարածքային մարմին կամ մասնագիտացված ծառայություն մատուցող մարմին կամ որևէ այլ կազմակերպություն։ Նմանատիպ խնդիրներ կան, որոնք չափորոշիչներ սահմանելու դեպքում լուծում կգտնեն։

Ենթադրենք քաղաքացին թոշակ չի ստանում, բնակվել է կոմբինատ թաղամասում, հիմա տեղափոխվել է 58 թաղամաս ու ասենք՝ նրա երեխան վերջին տարին է, որ հաճախում է կոմբինատի դպրոց, ինքն էլ սոցիալապես ի վիճակի չէ տրանսպորտի ծախս հոգալու, դիմում է համայնքին, խնդրում, որ իրեն աջակցեն, այս նպատակի համար է համայնքը տրամադրում այդ գումարը։

Իրականում համայնքի պարտականությունն է աջակցելը և այստեղ խնդիր կլուծվի, և ոչ թե ներկայանան, որ հիվանդություն ունեն և վերջ։ Այդ հիվանդության համար նա ունի հաշմանդամության խումբ և նրան տրամադրվում է թոշակ։

Դրանից դուրս այլ խնդիր կա, որին պետք է նպատակային, թիրախային մոտեցում ցույց տալ, այդ չափորոշիչները սահմանված չեն։ Մի պահ բնութագրում գնաց, թե տունայցերը ճիշտ չեն լինի, բայց դրանք օրենքի պահանջ են, մեր ուզելով կամ չուզելով չէ։ Այցը նպատակ չի հետապնդում որևէ մեկին նսեմացնել, այլ հակառակը՝ մենք խոցելիության ամբողջական պատկերը պետք է ունենանք ու կարողանանք ուղղորդել նաև այլ կազմակերպություններ, որովհետև նմանատիպ աջակցություններով համայնքում զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք պատրաստակամ են օգնելու։

Մենք խնդիր ունենք նաև նման խմբերին հայտնաբերելու, աջակցելու և անհրաժեշտության դեպքում նաև այլ կազմակերպություններ ուղարկելու»։

Նա ասաց, որ ի սկզբանե ցանկություն են հայտնել կառուցողական մոտեցմամբ աշխատել, համագործակցել, հիմա էլ պատրաստ են իրենց մասնագիտական հմտությունները ներդնել ու այս հարցին ճիշտ լուծում տալ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031