Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՛մ մենք Նիկոլին կճամփենք, կա՛մ Նիկոլը կճամփի ՀՀ-ն եւ ԱՀ-ն՝ պատմության գրողի ծոցը». Արմեն Աշոտյան

Մարտ 20,2022 23:55

«Հուսահատությունը մեզ՝ հայերիս համար հիմա շռայլություն է, պետք է ունենալ զրո հուսահատություն, այլապես մեր սերունդները մեզ չեն ների, եթե մտածենք, որ այլեւս ոչինչ հնարավոր չէ»,- Տելեգրամ ալիքի ուղիղ եթերի ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահին ուղղված հարցերի մի ստվար հատվածը վերաբերում էին Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ իշխանափոխության հնարավորություններին:

«Ընդդիմությունից ակնկալիքները ավելի մեծ են, քան ընդդիմությունը կարողանում է բավարարել»,- կարծում է Արմեն Աշոտյանը:

Իր համոզմամբ, իշխանափոխության միակ ճանապարհը փողոցն է եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցանկացած միջոց սահմանադրական է, քանի որ հիմքում երկու կետ կա՝ մենք պետություն ենք եւ ինքնիշխան. «Ուրիշ ոչ մի ձեւ Նիկոլը չի հեռանալու, իսկ մենք էլ չունենք ժամանակ եւ չենք կարող սպասել հերթական խորհրդարանական ընտրություններին: Ուստի դատապարտված ենք՝ լինել միասին, լինել պայքարի կիզակետում»:

Ըստ Արմեն Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է գահավիժել, դրան գումարվում է սոցիալ տնտեսական բարդացող իրավիճակը եւ աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք չեն կարող Հայաստանը շրջանցել եւ պետք է օգտագործել ամեն հնարավորություն՝ մարդկանց պատրաստելու փողոց դուրս գալու:

«Այո ընդդիմությունը ունի մեթոդի խնդիր, շատ ճիշտ են շատ օգտատերեր նշել, այսօրվա ընդդիմությունը փողոցային պայքարի փորձը ձեռք է բերում նոյեմբերի 9-ից հետո»,- ասաց նա:

Հարցին՝ ե՞րբ ենք սկսում իշխանափոխության գործընթացը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ընդդիմությունը միայն մեկ քաղաքական փամփուշտ ունի եւ եթե ժամանակավրեպ քայլերի գնացինք, ապա այդ իրավիճակը Հայաստանի համար ավելի կործանարար կլինի»: Նա խնդրեց համբերատար լինել եւ չստիպել ընդդիմությանը՝ զուտ վարկանիշի համար քայլերի գնալ, որոնք գուցե կբերեն վարկանիշ, բայց երկում լուրջ փոփոխությունների չեն բերի:

Իր համոզմամբ, մենք իբրեւ հասարակություն դեռ պատրաստ չենք փողոցային պայքարի եւ դրա վառ օրինակը վերջին ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական երիտասարդների ցույցն էր եւ երթը, որին քիչ մարդ չկար. «Ակցիայի համար դա լավ է, իշխանափոխության համար՝ ոչ»: Ընդդիմադիր գործիչը իր հետեւորդներին հորդորում է՝ ամենուր՝ փողոցում, տրանսպորտում, հիմնարկներում խոսել այն մասին, որ պետք է փոխել իրավիճակը, իսկ դրա միակ ճանապարհն այս իշխանությանը հեռացնելն է եւ բացել մարդկանց աչքերը: «Իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի 44-ի օրյայի էջը փակի, բայց ամեն ինչ պետք է անել, դա թույլ չտալու համար: Իշխանությունը փորձում է հասարակությունից վեգետատիվ բույս ստանալ՝ շեղելով մարդկանց ուշադրությունը՝ աղամաններից սկսած մինչեւ բացօթյա սրճարաններում ծխելն արգելելու օրենք»:

Թե ե՞րբ ժողովուրդը պատրաստ կլինի իշխանափոխություն իրականացնելու, Արմեն Աշոտյանը չգիտի: Կարծում է, որ ընդդիմությունն այդտեղ հսկայական անելիք ունի:

Իր գնահատմամբ, քաղաքացիական հասարակություն կոչվածը Հայաստանում ֆարս էր: Տասնամյակներով իրենց քաղաքացիական հասարակություն հռչակածները 2018-ին իրականացվողի մաս էին կազմում, այսօր էլ իշխանության մաս են: Ընդդիմությանը պետք է ապահանդարտեցնել իրավիճակը եւ դա պետք է անել հետեւողականորեն, նաեւ փոքր մասշտաբի, անհատական ակցիաներով, քանզի քաղհասարակությունը միայն ՀԿ-ները չեն:

«Կամ մենք Նիկոլին կճամփենք, կամ Նիկոլը կճամփի ՀՀ-ն եւ ԱՀ-ն՝ պատմության գրողի ծոցը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն «բրախել» է Արցախը, խնդիրը գցել են ՌԴ-ի գրպանը, ամեն կերպ հիմնավորում են ալիեւյան թեզը, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Սրա ցցուն օրինակը նա համարում է Ադրբեջանի 5 առաջարկները, որոնց մեկնաբանությունների ժամանակ  իշխող ուժի պաշտոնյաները չխոսեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին:

Արմեն Աշոտյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ աշխարհաքաղաքական իրավիճակն իրականում շատ լարված է եւ օգտվելով Ուկրաինայում ՌԴ-ի զբաղվածությունից, Թուրքիան ու Ադրբեջանը պահը բաց չեն թողնում՝ ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացելու հարմար առիթ փնտրելով եւ եթե իրավիճակը ավելի լարվեց, չի բացառվում Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ նոր ճակատի բացումը, որը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կործանարար կլինեն. «Գոյաբանական խնդիր է: Հետեւաբար, մեզ ձեռնտու է, որ ՌԴ-ն մնա ուժեղ: Հայ-թուրքական սիլի-բիլիները չպետք է բթացնեն մեր զգոնությունը այն փաստից, որ Թուրքիայի միջանկյալ նպատակը հպատակ Հայաստան ունենալն է, իսկ վերջնանպատակը՝ առանց հայերի Հայաստան եւ իրենք դա չեն թաքցնում: Թուրքը չի փոխվել, պարզապես յաթաղանի փոխարեն բայրաքթար է բերում մեր գլխին: Այո, գերտերությունները ողջունում են այդ գործընթացը, բոլորին էլ ձեռնտու է, որ մեկ խնդիր պակաս լինի»:

Նա անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման 2008 թվականի գործընթացին՝  ասելով, որ այն ժամանակ էլ էին գերտերությունները սատարում գործընթացին, բայց Հայաստանն այն ժամանակ ուժեղ էր եւ բոլորը տեսան, որ Թուրքիան մեղավոր է, չի ցանկանում հարաբերությունները կարգավորել: Արմեն Աշոտյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում է, երբ ասում է, որ առանց նախապայմանների են Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորում, քանի որ իրենք լուռ կատարում են Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ եւ ցեղասպանության, եւ Արցախի մասով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031