Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Եթե անելիք չունես, ինչո՞ւ ես բազմահազարանոց մեքենաներով, ուղղաթիռներով գնում-գալիս, հանրային միջոցներից աշխատավարձ ստանում. Թադեւոս Ավետիսյանը՝ իշխանություններին

Ապրիլ 06,2022 18:55

«Այս իշխանությունը հեծնել է երկրի վրա: Ես առաջարկում եմ՝ մեր հայրենակիցները սրա մասին մտածեն: Այս իշխանությունը չի ստանձնում պատասխանատվություն, առաջնորդվում է պոպուլիզմով, մեղավոր են բոլորը, բայց ոչ իրենք»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կողից կազմակերպված «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ:

«Անվտանգություն առաջացնող ամենամեծ ռիսկը հենց դա է, որ չեն վերցնում պատասխանատվություն, պոպուլիզմով առաջնորդվում են, իսկ անպատասխանատու իշխանությունը ճգնաժամային իրավիճակում բազմապատկում է այդ բոլոր ռիսկերը, որոնք գալիս են դրսից: Ասում են՝ քովիդը եկավ, տնտեսությունն անկում ապրեց, մենք ի՞նչ անենք: Եղբայր, դու հե՞չ անելիք չունեի՞ր: Բա, եթե հեչ անելիք չունես, ինչո՞ւ ես էդ ինստիտուտները ստեղծել, նախարարություններ, պետական մարմիններ: Ինչու ես մեր հանրային միջոցներից ստանում աշխատավարձ, ինչո՞ւ ես բազմահազարանոց մեքենաներով, ուղղաթիռներով գնում-գալիս, ի վերջո ինչո՞ւ ես տավարի քյալլա ուտում, որ ի՞նչ անես: Այսինքն՝ դու այդ ամենն անում ես, սնվում ես, ման ես գալիս, որ հանրային բարիք ստեղծես, անվտանգային խնդիր լուծես»,-ասաց պարոն Ավետիսյանը:
Նրա խոսքով, 2021 թվականին էլ չի վերականգնվել մեր տնտեսությունը, մինչդեռ հարեւան Վրաստանը երկնիշ տնտեսական աճ ունեցավ՝ 10,4 տոկոս, էական ներդրումներ ունեցավ. «Իսկ Հայաստանի տնտեսությունն աճեց դրա կեսի չափով: 2020-ին էլ արձանագրվեց կապիտալի փախուստ: Սրա պատասխանը պետք է տա՞ք, թե՞ ոչ»:

Ըստ Թադեւոս Ավետիսյանի, հիմի էլ գնաճը կապում են ռուս-ուկրաինական պատերազմի հետ. «Գնաճ կա, բայց գնաճը պիտի կառավարվի՞ թե ոչ: Գնաճին դեմ կանգնելու համար պետություն կա՞ թե՞ չկա: Այո, աշխարհում կա գնաճ, բայց օրինակ հարեւան Վրաստանում, նույնիսկ Ռուսաստանում, որ պատերազմի մեջ է, խոցելի խմբերի եկամուտներն ավելի արագ են աճում, քան՝ գները: Սա է պետության խնդիրը: Մենք չենք ասում գնացե՛ք աշխարհի գնաճը կառավարեք: Մենք ասում ենք՝ տնտեսությունն այնպես կառավարեք, որ ցածր եկամուտ ունեցողների եկամուտներն ավելանան, որ մարդիկ ավելի աղքատ չդառնան, որ երեխաների թերսնումն ավելի չխորանա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930