Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք  պարտավոր ենք մեկ բռունցք դառնալ»․ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան (ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 24,2022 23:11

Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի օրը Սյունիքի մարզկենտրոնում նախատեսված միջոցառումները մեկնարկեցին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց։

Կապանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը Սուրբ պատարագ մատուցեց, որից հետո մարզային ու համայնքային իշխանությունները, մարզպետարանի ու Կապանի համայնքապետարանի, մարզային ենթակայության հաստատությունների աշխատակիցները, ուժային ու իրավապահ մարզային կառույցների ղեկավարներրը շարժվեցին Բաղաբուրջ։

Այստեղ է գտնվում  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը։ Հոգեհանգստյան կարգից հետո տեղի ունեցավ ծաղկադրման ու պսակադրման արարողություն։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահ է՝ այսօր հայ ազգը պետք է մեկ բռունցք դառնա։ Այլ ելք չկա։ «Ինչ էլ ասենք, միեւնույն է, պիտի արձանագրենք, որ 107 տարի առաջ տեղի ունեցածը սարսափելի ու դաժան էր։ Այսքան տարի անց՝ դեռ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ ավարտված չէ, ցանկությունները դեռ վերացված չեն։ Սա նշանակում է, որ մենք պարտավոր ենք ուղղակի մեկ բռունցք դառնալ, դառնալ միասնական, որպեսզի ազգովի կարողանանք մարտահրավերներին դիմակայել։ Սա մեր ազգի համար օրվա հրամայական է, այսօր շատ կարեւոր է՝ ևս մեկ անգամ համախմբվելու»,-համոզված է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Բաղաբուրջի հուշահամալիրում ամփոփված են Արցախյան գոյամարտում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած նահատակները։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը ծաղիկներ են խոնարհել նաեւ հերոսացած տղերքի շիրիմներին։

Նրանք հարգանքի տուրք են մատուցել ու ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ինչպես նաեւ 1941-1945 թթ․-ի Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930