Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են «մեկ անձից» գնումներն ավելացել

Ապրիլ 27,2022 15:30

Կառավարության ներկայիս ղեկավարները նախկինում քննադատում էին, որ «մեկ անձից գնումները» շատ են իրականացվում, 2018-ից ի վեր դրանք չեն պակասել, այլ՝ ավելացել են:

2012-2013 թվականներից սկսած մեր երկրում գնումների համակարգը բարելավվում է՝ նպատակ ունենալով բարձրացնել պետական գնումների թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ օրինականությունը, նվազեցնել չարաշահումների ռիսկերը: Այդ առիթով մեր երկրում արդեն քանի տարի է գործարկվում է գնումների էլեկտրոնային համակարգը, սակայն այն, ինչպես ոլորտի պատասխանատուներն են նշում, բովանդակային խնդիրներ չի լուծում:

Երեկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախաձեռնել էր ֆինանսների նախարարության պաշտոնյաների հետ հանդիպում՝ քննարկելու Բաց կառավարման գործընկերության շրջանակում իրականացվող բարեփոխումները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի դիտարկմամբ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «մեկ անձից» կատարվող գնումները շարունակում են ընդհանուր գնումների մեջ մեծ տեսակարար կշիռ ունենալ: 2018 թվականին «մեկ անձից» գնումները ընդհանուր գնումներում կազմել են 48,3 տոկոս, 2019-ին՝ 50,5 տոկոս եւ 2020 թվականին՝ 44, 2 տոկոս: Շուշան Դոյդոյանը նշեց, որ այդ ցուցանիշներում չեն դիտարկել պետական գաղտնիք պարունակող գնումները, այլ՝ սովորական ընթացակարգերով գնումները: Նա հետաքրքրվեց՝ տեղի ունեցող բարեփոխումներում փորձ արվե՞լ է նվազեցնել «մեկ անձից» գնումների տոկոսը: Ըստ նրա, այս հարցը հանրային քննարկումների թեմա է՝ մրցույթներ չեն անում եւ ուղիղ մեկ անձից գնում են իրականացնում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ասաց, որ եթե դիտարկեն բոլոր «մեկ անձից» գնումները, որոնք համարվում են ոչ ռացիոնալ գնումներ, ապա, այդ տոկոսը կարող է առավելագույնը 7-10 տոկոսային կետով իջնել, որովհետեւ մեկ անձի մեջ մտնում է մի քանի բան՝ էլեկտրաէներգիան, ջուրը, գազը, առողջապահական ծառայությունները:

«Առողջապահական ծառայության դեպքում հետեւյալն է՝ կա հիվանդանոց, մենք հիվանդանոցին պատվիրում ենք բուժման այսքան դեպք ու հետո մարդուն ուղարկում ենք այդ դեպքերի հետեւից: Մարդուն ասում ենք՝ դու կցված ես այսինչ պոլիկլինիկային, այդտեղ կա այսինչ ծառայությունը, գնա քո ծառայության հետեւից: Սա փաստացի «մեկ անձից» գնում է»,-ասաց Ավագ Ավանեսյանը: Ըստ նրա, «մեկ անձից» գնումների 100 միլիարդ դրամից ավելը առողջապահական ծառայություններն են կազմում. «Առողջապահական ծառայություններն այս պահին որքան աճում են, այդքան «մեկ անձից» գնումների թիվն աճելու է: Այդ տոկոսների մեծ մասը առողջապահությունն է»:

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը հավելեց, որ նոր՝ բարեփոխվող համակարգով փոփոխություն է տեղի ունենալու՝ ոչ թե մարդն է գնալու փողի հետեւից, այլ՝ փողն է գնալու մարդու հետեւից. «Այսինքն՝ նախաորակավորվում են հիվանդանոցները: Ես ունեմ կարիք առողջապահական ծառայություններ ստանալու, ինքս որոշում եմ՝ որ հիվանդանոց գնալ: Փողը բյուջեում պլանավորում ենք նպաստ, եւ քանի որ այդ նպաստը նպատակային է, մենք այդ փողը մարդու անունից վճարելու ենք հիվանդանոցին: Այս պահին այդպիսի 4 ծրագիր կա՝ հղի կանանց, սրտի վիրահատությունների եւ այլն, որ պետությունը այս կարգով է գործում»:

Սերգեյ Շահնազարյանն ասաց, որ պետական բյուջեից անցյալ տարի կնքվել է պետական գնումների 245 միլիարդ դրամի պայմանագրեր, որից մոտ 125 միլիարդը եղել են առողջապահական եւ բնական մենաշնորհների ոլորտներում. «Իսկ մոտ 100 միլիարդ դրամի պայմանագրերը մրցակցային արվող գնումներ են. Որ շատ էլ ուզենք ձեր ասած թիվը նվազեցնենք, դա չի լինի: Հիմնական խնդիրը հրատապ՝ «մեկ անձերն» է, որը 2021 թվականին կազմել է 18 միլիարդ դրամ, որից 8 միլիարդը ՔՈՎԻԴ-ի հետ կապված ծախսերն են: Ճիշտ է 2018-ին այդ թիվը 1 միլիարդ է եղել, բայց խոսել, որ այդ 10 միլիարդը ահռելի մեծ թիվ է հրատապ «մեկ անձի» համար, ճիշտ չէ: 2021 թվականի անորոշություններով պայմանավորված, կարծում եմ, այդքան էլ տեղին չէ: Մենք անցել ենք պատերազմ, որի հետ կապված եղել են անորոշություններ եւ պետք է դրանց հետեւանքները վերացնել»:

Սերգեյ Շահնազարյանը նաեւ ներկայացրեց գնումների էլեկտրոնային բարեփոխվող համակարգը, որը կշահագործվի 2023 թվականին: Ասաց, որ նոր համակարգը մշակվում է այնպես, որ բացառվի համակարգ թուղթ ներբեռնելու խնդիրը: Այսինքն՝ բոլոր տվյալները պետք է լինեն համակարգում եւ դրա անհրաժեշտության դեպքում այլ համակարգերի հետ պետք է լինի փոխադարձ ինտեգրացում. «Պետք է այնպես կառուցենք համակարգը, որ վստահ լինենք, որ այդ սուբյեկտն իրականում կա, ռեգիստրում, հարկայինում հաշվառված է եւ այլն»:

Ըստ նրա, գործող համակարգում կան պատուհաններ, որտեղ տվյալները լրացվում են ձեռքով եւ սխալի հավանականությունը մեծ է եւ, բացի այդ, ծրագրով հնարավոր չի լինում ստուգել այդ լրացաված տվյալի իրական լինելը:

Ըստ Սերգեյ Շահնազարյանի նոր համակարգում կներառվեն բոլոր պատվիրատուները: Գործող համակարգում ոչ բոլոր պատվիրատուներն են այդտեղ: Ներկայում միայն խոշոր գնումներ իրականացնողներն են համակարգում ընդգրկված, դրանք պետական մարմիններն են, քաղաքային եւ խոշորացված համայնքները, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններն ու հիմնադրամները: Բայց, ըստ պարոն Շահնազարյանի, կան պատվիրատուների մի մեծ խումբ, որոնք պետք է մաս կազմեն գնումների համակարգին: Դրանք ՊՈԱԿ-ներն են, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները եւ այլն: Խոսքն, ընդհանուր առմամբ, 1600-ից ավելի պատվիրատուների մասին:

Նոր համակարգը կվերահսկի ոչ միայն պետական մարմինների քայլերը այլեւ՝ պատվիրատուների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930