Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասուն Խաչատրյա′ն, ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ լարված հարաբերություններ ունես նրա հետ»․ Աղվան Հովսեփյան

Մայիս 05,2022 20:15

«Սասուն Խաչատրյա′ն, ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ լարված հարաբերություններ ունես նրա հետ»,- դատական նիստի ընթացքում, դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին և անդրադառնալով նրա հայտարարություններին, ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) քննվում է Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը:

Աղվան Հովսեփյանը շարունակեց․ «Սասուն Խաչատրյանը հայտարարում է, թե ինքը բազում անգամներ պարգևատրվել է Հովսեփյանի կողմից, բայց դա իրեն չի խանգարում, որ Հովսեփյանին կալանավորի։ Սա նշանակում է՝ հարգելի հանրություն, Հովսեփյանի կատարած հանցագործությունն այնքան ակնառու է, որ ես ստիպված եմ օբյեկտիվորեն մոտենալ»։

Աղվան Հովսեփյանը չժխտեց, որ բազում անգամներ պարգևատրել է Սասուն Խաչատրյանին և շարունակեց․ «Նա իմ օրոք աշխատել է, խրախուսել եմ նրան, պաշտոնի եմ նշանակել, բայց երբ իրեն ազատեցին դատախազությունից, եկավ ինձ մոտ, հանձնեց քննություններ, որ ընդունվի քննչական կոմիտե աշխատանքի։ Հանձնեց քննությունը, բայց ես նրան չընդունեցի աշխատանքի։ Իմ հարգարժան բարեկամ, մտերիմ Մհեր Խաչատրյանը, որը նրա հայրն է, որի հետ շատ մտերիմ հարաբերություններ այժմ էլ ես ունեմ, նույնպես եկավ ինձ մոտ խնդրելու, որ ընդունեմ աշխատանքի, բայց չընդունեցի և բացատրեցի, թե ինչու, քանի որ դատախազ աշխատած ժամանակ միջնորդագրեր էր ուղարկում քննիչներին պատասխանատվության ենթարկելու համար՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և այդ միջնորդագրերի իննսուն տոկոսը կարգապահական հանձնաժողովում մերժվում էին՝ որպես անհիմն ու անօրինական։ Ասացի՝ դու բարոյական իրավունք չունես այդ կոլեկտիվում աշխատելու․ չես կարող։ Այդ ընթացքում աշխատակիցները գալիս, ասում էին՝ հանկարծ չընդունեք աշխատանքի։ Ոչ մի կոլեկտիվ իրեն չի ընդունում»։

Աղվան Հովսեփյանի համոզմամբ՝ Սասուն Խաչատրյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել ու պատճառաբանեց․ «Պետք է մտածեր՝ էս մարդը ինձ և լավություն է արել, և վատություն, ես չեմ կարող օբյեկտիվ ղեկավարել նրա դեմ գործը»։

Աղվան Հովսեփյանը սա բնութագրում է որպես «մեղադրող երևալու մոլուցք»։ Նա նաև դատարանի դահլիճում հայտարարեց, որ իրեն տարբեր տեղերից զգուշացրել են՝ եթե բացակայեք երկրից, Ձեր տղաներին կկալանավորեն։ Նաև վստահեցրեց՝ մտադրություն էլ չի ունեցել երկիրը լքել։ Նա մի դրվագ պատմեց, որ Մոսկվայում իր ընկերներն առաջարկել են նրան առանձին բնակարան նվիրել, որպեսզի նա այնտեղ ապրի, սակայն Աղվան Հովսեփյանն ասաց, որ գերադասում է հայկական մեկուսարանը, քան Մոսկվայի կենտրոնում բնակարանը։

Խոսելով իր ձերբակալման և կալանավորման մասին՝ հիշեց․ «Ինձ ձերբակալեցին առավոտյան՝ իմ ամառանոցում և ներկայացրին քննիչին՝ ՀՔԾ։ Շատ լավ էր, որ ամառանոցում, քանի որ գիտեի, որ ինձ կալանավորելու էին և ձգտում էի՝ ավելի շատ լինել այնտեղ, որ հանկարծ ընտանիքիս անդամների ներկայությամբ ինձ չձերբակալեին։ Երբ քննիչին տեսա, ասաց՝ պարոն Հովսեփյան, բա ես պիտի պաշտպանեմ, չէ՞ այս երկու անձի շահերը։ Ով, ով, պարոն Հովսեփյանը հասկանում է՝ այս բառերի տակ ինչ է թաքնված։ Էլի պաշտպանի, բայց իրականացրու քո պարտականությունները»։

Աղվան Հովսեփյանը փաստեց՝ օգոստոսից ոչ մի բառ չի ասել, քանի որ ըստ նրա՝ իր ասած ցանկացած բառ խեղաթյուրում են։ Նա շարունակեց․ «Էս երկու անձանց ցուցմունքները օգոստոս ամսից առ այսօր 10-15 անգամ ձևափոխվել են։ Սա նշանակում է, ժողովրդի լեզվով ասած, սվաղել»:

Աղվան Հովսեփյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսաանյանն ու Երեմ Սարգսյանը պնդեցին՝ նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոց ընտրելն անհիմն է, քանի որ նա այժմ որևէ պաշտոն չի զբաղեցնում, և վկաները նրա վերահսկողության ներքո չեն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031