Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրեժ Մարկոսյանը հաստատել է իր վրա անօրինական ազդեցություն գործադրելու և դրա արդյունքում ցուցմունք փոխելու հանգամանքը, ուստի Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը հիմնավոր է». մեղադրող դատախազ

Մայիս 05,2022 17:47

«Գտնում եմ, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը հիմնավոր է, բխում է քրեական գործում առկա փաստական տվյալներից»,- ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստի ժամանակ, դիմելով Աղվան Հովսեփյանին, պնդեց մեղադրող դատախազը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) այս պահին քննվում է Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հարցը:

Դատախազը, վկայակոչելով գործով անցնող «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանին, հայտարարեց. «Դատարանում պարոն Հովսեփյանը հայտնել է առերեսման ժամանակ Վրեժ Մարկոսյանի տված ցուցմունքում նույնաբովանդակ տեղեկություններ: Հետագա նախաքննության ընթացքում՝ 2021-ի սեպտեմբերին Վրեժ Մարկոսյանը հաստատել է իր վրա անօրինական ազդեցություն գործադրելու և դրա արդյունքում ցուցմունք փոխելու հանգամանքը: Նա նշել է, որ իրեն փաստաբանն է ուղղորդել և որ ինքը կարծում է, որ փաստաբանին էլ Աղվան Հովսեփյանն է ասել: Տեսանելի են, որ Աղվան Հովսեփյանի կողմից քննությանը խոչընդոտելու վտանգի առկայության մասին հետևությունները ոչ թե միայն կրում են կանխատեսական բնույթ, այլ հիմնված են առկա փաստական տվյալների վրա: Գտնում եմ, որ վերոնշյալը բավարար է գործի նյութերից հիմնարար ենթադրություն անելու, որ գործող դատավարության ընթացքում նույնպես Աղվան Հովսեփյանը կարող է դրսևորել նման ոչ իրավաչափ վարքագիծ, անձամբ կամ միջնորդավորված կապ հաստատել սույն գործով դատավարության մասնակիցների հետ, որպեսզի նրանք իր դեմ ցուցմունք չտան կամ թաքցնեն իրականությունը»:

Հիշեցնենք՝ գործով անցնող «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանն էլ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, մեղադրվում է Աղվան Հովսեփյանի դրդմամբ անհատույց օտարման եղանակով Վ. Ղ.-ին փաստացի պատկանող հողատարածքը վատնման եղանակով` նվիրատվության պայմանագրով 2017-ին Աղվան Հովսեփյանի որդու անվամբ գրանցելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Դատախազի ելույթից հետո մինչ իր բուն ելույթին անցնելը Աղվան Հովսեփյանը, դիմելով դատախազներին ու նախագահող դատավորին ասաց. «Հարգարժան դատարան, մեծարգո դատարան, հարգելի, սիրելի դատախազներ, ուզում եմ հարցնել՝ Դուք ինքներդ հավատո՞ւմ եք արդյոք ձեր խոսքերին»:

Նախագահող դատավորը հորդորեց չվիրավորել, Աղվան Հովսեփյանն էլ պատասխանեց՝ ինքը լավ գիտի՝ որն է վիրավորանքը, որը՝ ոչ ու շարունակեց. «Խնդրում եմ, որ այսուհետ ամբողջ դատական գործընթացի ընթացքում հնչած որևէ արտահայտություն, դատողություն երբեք չընկալեք որպես վիրավորանք, որովհետև 45 տարի ես ծառայել եմ պետաիրավական, դատաիրավական համակարգում և վստահեցնում եմ ձեզ, որ երբեք ոչինչ չեմ արել, որ կարող եմ վիրավորել դատախազության յուրաքանչյուր աշխատողի կամ որևէ դատավորի, ուստի խնդրում եմ ձեզ՝ եթե կասվի որևէ բառ կամ դատողություն, խնդրում եմ դա ընդունել որպես դատաիրավական և քրեաիրավական գնահատական: Ես բոլոր քննիչներին ու դատախազներին մշտապես համարել եմ իմ ընտանիքի անդամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031