Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին աշխատանքից ազատել են հանրահավաքներին մասնակցելու համար

Մայիս 06,2022 17:20

Վանաձորի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման եւ գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Հովհաննես Օհանյանը աշխատանքային ժամից հետո իր ֆեյսբուքյան էջում քաղաքական գրառումներ է կատարել եւ հավանություն տվել նման բնույթի այլ գրառումների: Բացի այդ, մայիսի 1-ին մասնակցել է նաեւ Երեւանում կազմակերպված ընդդիմադիրների հանրահավաքին, որից հետո ստացել է գրություն, համաձայն որի՝ ինքն ազատված է աշխատանքից:

«Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունից հետո հետեւում էի քաղաքական իրադարձություններին եւ աշխատանքից հետո նյութեր կային, որ լայքում էի ու գրառումներ էի կատարում: Մայիսի 1-ի հանրահավաքին կիրակի օր, ոչ աշխատանքային, մասնակցել եմ Երեւանում կազմակերպված ընդդիմության հանրահավաքին, որից հետո մայիսի 5-ին, առանց նախազգուշացնելու, առանց որեւէ բացատրության հրաման է տրվել աշխատանքից ազատման»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Օհանյանը:

Նրա խոսքով աշխատանքից ազատման հրամանը եղել է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի կողմից. «Պարզաբանում պահանջեցի Դավիթ Հակոբյանից, թե ի՞նչն է պատճառը, որ հապճեպ նման որոշում է կայացվել, պատճառաբանեց, որ եթե ես ձեզ աշխատանքից չհեռացնեմ, ինձ են հեռացնելու, առանց անուններ տալու»:

Այժմ Օհանյանը դիմել է փաստաբաններին, ովքեր այս պահին աշխատում են, որպեսզի հրամանը բողոքարկեն. «Գրավոր դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին: Ապօրինի ձեւով խախտել են մարդու իրավունքները, խախտել են համայնքային ծառայության մասին օրենքը , սահմանադրությունը»:

Հովհաննես Օհանյանը Վանաձորի քաղաքապետարանում աշխատել է 2012 թվականից: Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի կողմից եղել է նաեւ ավագանու թեկնածու:

Ֆեյսբուքյան գրառման համար աշխատանքից ազատվել է նաեւ Վանաձորի քաղաքապետարանի նույն բաժնի աշխատակից Արթուր Ղազարյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հովհաննես Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031