Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման ձեւի հարցը չքննարկվեց. օրակարգում այն անհստակ էր ներկայացվել

Մայիս 31,2022 14:34

Այսօր կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի հերթական համատեղ նիստը: Կառավարման ձեւի վերաբերյալ քննարկման հարցը ներկայացրին հանձնաժողովի անդամներ Դավիթ Հակոբյանն ու Անահիտ Մանասյանը:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է քննարկել ոչ թե իր ձեւավորած տեսակետն այս հարցի վերաբերյալ, այլ ինչ-որ հետազոտության արդյունք: Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ հանձնաժողովը կառավարման ձեւի հարց չի քննարկել, աշխատանքը նոր են սկսում եւ ամռան ընթացքում կներկայացնեն որոշակի վերլուծություններ, հարցը պարզապես ելակետային է եւ ինչ-որ մի մոտեցում են առաջարկում՝ զուտ տեղեկատվական առումով: Խորհրդի անդամ Տիգրան Եգորյանին այս ամենը տարօրինակ թվաց:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեսայանը պարզաբանեց՝ քանի որ աշխատանքային պլանը նոր հաստատվեց, բայց կառավարման համակարգի թեմայի վերաբերյալ այս ընթացքում տարբեր անհանգստություններ են եղել, հանձնաժողովին խնդրել են որոշակի վերլուծական հիմքեր ներկայացնել, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա քննարկումների համար: Նախարարը հորդորեց՝ լսել վերլուծությունը, բայց այն չընկալել իբրեւ հանձնաժողովի կարծիք:

Տիգրան Եգորյանն առաջարկեց՝ հետազոտության գրավոր տարբերակը տրամադրել խորհրդի անդամներին, որպեսզի ծանոթանան, ինչը, պարզվեց անհնար է, ակադեմիական էթիկայի տեսանկյունից: Տիգրան Եգորյանը զարմացավ, որ հետազոտության թղթային տարբերակի տրամադրումը կարող է խնդրահարույց լինել, բանավոր բարձրաձայնումը՝ ոչ: Ինչեւէ՝ ինքը աշխատանքների ավելի բովանդակային գործընթացի կողմնակից է, եւ ժամանակի ու էներգիայի անիմաստ ծախսը տրամաբանված չի համարում: Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն էլ վերապահում ուներ այն առումով, որ օրակարգում նշված է՝ քննարկվելու է կառավարման ձեւը, ոչ թե Անահիտ Մանասյանի կողմից ներկայացվող հետազոտությունն են լսելու: Խորհրդի անդամ Արթուր Սաքունցն էլ կողմ էր բովանդակային քննարկումներին:

Քանի որ կառավարման ձեւի վերաբերյալ հետաքրքրությունը մեծ է, իսկ քննարկման համար մնացած ժամանակը քիչ էր, այն պատճառով, որ խորհրդի անդամները չէին ներկայացել նիստի համար նախատեսված ժամին՝ 11.00-ին, քվորում ապահովվել էր մեկ ժամ ուշ, մինչեւ խորհրդի անդամներից մեկը տեղ էր հասել, որոշվեց ուսումնասիրությունը ավելի ուշ քննարկել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031