Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք, ես այս շարժման բոլոր գործընթացների համար անձամբ պատասխանատվություն կրում ենք․ ո՛չ պատասխանատվությունից խուսափող ենք, ո՛չ փախչող»․ Իշխան Սաղաթելյան

Հունիս 04,2022 21:28

«Մենք, ես այս շարժման բոլոր գործընթացների համար անձամբ պատասխանատվություն կրում ենք։ Մենք ո՛չ պատասխանատվությունից խուսափող ենք, ո՛չ փախչող»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած բախումներին։

Նա վստահեցրեց՝ իրենց հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ այսօր այս հարթակում են և այս պայքարի մեջ։ Նա շարունակեց․ «Մեզ մեր պատասխանատվությունն է հանուն մեր երկրի, մեր երեխաների, մեր ծնողների, հանուն մեր պետականության բերել այս հրապարակ։ Մենք մտնում ենք այդ պատասխանատվության տակ և գնում մինչև վերջ»։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ ընդդիմությունն ամեն ինչ արեց, որպեսզի բախումներ տեղի ունենան, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ես պատասխանատվություն եմ կրում այն քաղաքացիների համար, որոնք երեկ վնասվել են, այն ոստիկանը, որը կրակեց մյուսի վրա, նաև դրա համար։ Բայց սրանք երեկվանից մոռանում են՝ դուք օրվա իշխանություններ, պատասխանատվություն եք կրում այն հինգ հազար տղերքի համար, որոնց զոհաբերեցիք ձեր սխալ և դավաճան գործունեության պատճառով։ Դուք պատասխանատվություն եք կրում Արցախի մեծ մասի կորստի համար, դուք նաև պատասխան եք տալու այն սպանդի, ոստիկանների համար, ում Շուշիի մշակույթի տանը սպանդի ենթարկեցիք։ Երեկվանից որ խոսում եք՝ մի ոստիկանի քթից արյուն է եկել, մի մոռացեք այն ոստիկանների մասին, ում Շուշիում սպանդի ենթարկեցիք»։

Իշխան Սաղաթելյանը կրկին վստահեցրեց՝ պատասխանատվություն են կրում ողջ այս գործընթացի համար և գնալու են մինչև վերջ։

Իսկ այն հայտարարությունների առիթով, թե իրենց կզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, մանդատից, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց․ «Նոյեմբերի 9-ից հետո, որ մենք դուրս էինք եկել պայքարի, այն ժամանակ մանդատ չունեինք, էն ժամանակ էլ ինչ արել եք, արել եք, չորս անգամ բերման եք ենթարկել, անգամ ձերբակալել։ Իրենց թվում է՝ էդ մանդատն է մեզ պահում, մանդատից զրկելով կարող եք խեղճացնել։ Դուք ձեր արշինով մի չափեք։ Մենք շատ ավելի կարևոր մանդատ ունենք, ունենք ժողովրդի մանդատն ու այս պայքարն առաջնորդելու մանդատը»։

Այս պահին հանրահավաքի մասնակիցները երթով Մաշտոցի պողոտայով գնում են կառավարական ամառանոց։ Իշխան Սաղաթելյանը երթի մասնակիցներին հորդորեց սադրանքների չտրվել։

Այնուհետև նրանք կրկին կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ՝ շարունակելու հանրահավաքը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930