«Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն․․․պետություն ենք, ազգ ենք, քաղաքական համակարգ կա։ Այդ ստերն ու հորինվածքները․․․խայտառակություն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե դիմադրության շարժման հավաքների ժամանակ ցուցարարների հանդեպ բռնություն են գործադրում նաեւ իր թիկնազորի անդամները՝ ոստիկանական համազգեստ հագած։
Խաչատուր Սուքիասյանը փոքր-ինչ վրդովվեց այս թեմայով հարցադրումներից։ «Գիտեք ինչ, ես կարող եմ ձեզ հարյուրավոր «ֆեյքային», սուտ մեղադրանքներ հնչեցնել։ Անհարմար է, լավ․․․հիմա ի՞նչ, ի՞նչ են ուզում, դրանց ուզածն ի՞նչ է։ Օրինակ դուք ինձ տեսնում եք, գիտեք իմ գործունեությունը, գաղափարը, մարդկային որակները։ Իմ նման գիտակցություն ունեցող մարդը ո՞նց կարող է թույլ տալ նման գործողությունների գնալ»,-հարցադրումներ հղեց նա լրագրողին։
Նկատառմանն ի պատասխան, որ առանց տարբերանշանի ոստիկաններ են ի հայտ եկել, պատգամավորը նշեց․ «Ես էլ ասում եմ, որ ձեր հայրը, հորեղբայրն են արել, նորմա՞լ է։ Ոչ թե բացառում եմ ու հերքում, այլ խայտառակություն եմ համարում։ Ու այդ ստերին վերջ տվեք։ Ընդդիմությունը ստերով չի կարող․․․շատ լավ գիտեք, որ սուտ է, ինձանից լավ գիտեք։ ՀՀ-ում դժվար ժամանակահատվածում եղան ընտրություններ, որոնց արդյունքներով խորհրդարան է ձեւավորված։ Մնացած ամեն ինչը խայտառակություն է»։
Խաչատուր Սուքիասյանը չցանկացավ ոստիկանների գործողությունների վերաբերյալ գնահատական հնչեցնել, ասաց, որ դա իրավապահների գործն է։ Լսելով, որ այդ թվում հերոսի հորն են ծեծել, Խաչատուր Սուքիասյանը շեշտեց․ «Ես խոնարհվում եմ հերոսների եւ նրանց հայրերի հանդեպ, բայց նրանք պետք է քաղաքական, աճպարարական այդ գործողություններից զերծ մնան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































