Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպությունները դիմում են դատարաններ, տալիս հաղորդումներ

Հունիս 06,2022 14:30

2022 թ. հունիսի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանրապետության դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Վայրենաբարո ձեւերով հարձակվեցին, գցեցին գետնին. Yerkir.am-ի խմբագիր», «Կարմիր բերետավորը բիրտ ուժ է կիրառում պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ՝ սեղմելով պարանոցը (ֆոտո)», «Ոստիկանները հարվածել են պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ոստիկանները բռնի գործողություններ են կիրառում քաղաքացիների նկատմամբ», «Ձեռս», «Արա-ն դո՜ւ ես, է». ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում ցուցարարներին» հրապարակումների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ մայիսի 2-ից սկսած՝ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ կազմակերպությունը ներկայացրել է հանցագործության մասին մի շարք հաղորդումներ, որոնցից մեկի հիման վրա 2022 թ. մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել: ՀՔԱՎ-ը դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել 2022 թ. մայիսի 2-ին՝ «Ոստիկանը բռունցքով հարվածում է ցուցարարի գլխին, սեւ համազգեստով ոստիկանը ծեծում է ցուցարարին» (ՊՊԾ պետը հարվածում է օպերատորին), «Ինչպես է ոստիկանը հարվածում բերման ենթարկվող քաղաքացիներին», «Ոստիկանը հարվածում է ցուցարարին», «Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում», «Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման է ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը», «Ոստիկանները անհամաչափ եւ բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են լրագրողների եւ օպերատորների գործունեությունը» տեսանյութերի հիման վրա քրեական գործ հարուցելու համար:

Մինչ պարբերաբար, քննչական կոմիտեն փորձում է տեղեկություններ տարածել նյութերի նախապատրաստման ընթացքի մասին, վարչական դատարանում շարունակվեց շուրջ 5 տարի տեւած գործով դատական նիստը: Այն նշանակվել էր 2022 թվականի հունիսի 1-ին: Խոսքը ԻԱԿ-ի կողմից ռազմավարական դատավարություններից մեկի մասին է, որի նպատակն էր ՏԻՄ մարմիններում պրոակտիվ հրապարակայնության խթանումը, օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների մատչելիության ապահովումը:

Այդ գործով 2017 թվականի հուլիսի 21-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի եւ Իջեւանի քաղաքապետարանների` նրանց անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փնտրել է Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի եւ Իջեւանի քաղաքապետարանների կայքէջերում։

Ուսումնասիրության արդյունքում ԻԱԿ-ը փաստել էր, որ մարզկենտրոնները չեն հրապարակել 2016 թվականին վերաբերող՝ օրենքով սահմանված 13 խումբ տեղեկությունները: 2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով դատարանը մերժել էր ԻԱԿ-ի հայցը: Դատական շրջապտույտից հետո նիստը կայացել էր, եւ ինչպես երեկ «Առավոտին» տեղեկացրեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը (լուսանկարում), դատաքննությունն անցկացվել է առանց մյուս պատասխանողների ներկայացուցիչների մասնակցության: Որոշումը կհրապարակվի հունիսի 22-ին, ժամը 14.04-ին:

Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են լրատվամիջոցները, լրագրողները խուսափում դատարան դիմելուց: Իմ դիտարկմամբ, ԻԱԿ-ի պատմության մեջ երբեք չի եղել իրավիճակ, երբ տեղեկություններ ստանալու համար կազմակերպությունը դիմի դատարան, եւ այն չստանա ուղիղ հինգ տարի: Ու չգիտեմ, «օպերատիվ» տեղեկություններն այս սրընթաց ինֆորմացիոն ժամանակահատվածում, որքանով պահանջված կլինի այսօր:

Մեկ այլ գործով էլ, անցյալ տարվա մայիսին պահանջված տեղեկությունների հարցը կքննվի այս տարվա սեպտեմբերին: Թիվ ՎԴ6/0134/05/21 վարչական գործով դատավոր Արթուր Ավագյանը որոշում էր կայացրել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակ կազմակերպության հայցի հետ կապված: ՀՔԱՎ-ը դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ պատասխանողին 28.06.2021 թվականին ներկայացրած գրությամբ հայցվող ամբողջ տեղեկատվությունը հայցվորին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Դատարանի (դատավոր՝ Արշակ Ալավերդյան) 2021 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ ԲԴԽ-21-Ո-31 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի լիազորությունները դադարեցվել են, հետեւաբար, գործը վերամակագրվել է դատավոր Արթուր Ավագյանին: Վերջինս նիստը նշանակել է սեպտեմբերի 27-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930