Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեւական կողմն ենք նայում, տվյալները բավարարում են». Իրավագիտության ֆակուլտետի դեկանը՝ Աննա Վարդապետյանի մասին

Հունիս 17,2022 15:32

Սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: ՔՊ ներսում արդեն ունեն իրենց դատախազի թեկնածուն՝ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը:

Ապագա գլխավոր դատախազը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, ներկայումս՝ դասախոս:

Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանից հետաքրքրվեցինք՝ ինչով է Վարդապետյանն աչքի ընկել ուսանողական տարիներին։

«Եթե ուսանողն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրա, հաջողությամբ պաշտպանել թեկնածուական, հետո ներգրավվել ֆակուլտետում դասախոսական աշխատանքին, գրեթե առանց ընդմիջման, նշանակում է՝ ունի այն հատկանիշները, որոնց առկայության պայմաններում կարող է ներգրավվել դասախոսական ու գիտական աշխատանքներին: Պարտաճանաչ ու առանց բացթողումների, այսինքն՝ այս ոլորտում մենք նրա հետ որեւէ խնդիր չենք ունեցել ե՛ւ մասնագիտական որակի եւ պարտաճանաչության առումով»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպիսի դատախազի թեկնածու է Գագիկ Ղազինյանը իր նախկին ուսանողին համարում. «Եթե ձեւական կողմն ենք նայում, տվյալները բավարարում են, որովհետեւ աշխատել է դատական դեպարտամենտում, եղել է արդարադատության խորհրդում, արդարադատության նախարարի տեղակալ, այսօրվա իր կարգավիճակը: Աշխատանքային 10 տարվա փորձառությունը, ըստ ձեւական կողմի, բավարարում է: Իսկ դատախազության համակարգում աշխատելու համար արդյո՞ք դա բավարար է, բավարար չէ, փորձը, տարիքը… դա արդեն ես չեմ որոշելու: Հնարավոր է լավ իրավաբան է, բայց չկարողանա որեւէ կարգավիճակում արդյունավետ աշխատել, աշխատանքը ցույց կտա… կան ձեւական պայմաններ եւ կա բովանդակային՝ պայմանավորված կարգավիճակում: Մի բան է, արդարադատության նախարար, մի այլ բան՝ դատախազ: Ես այստեղ գնահատական տվող չեմ» :

Նրա խոսքով, եթե տեսականորեն ենք քննարկում հարցը, ապա դատախազի թեկնածուն բացի ձեւական պայմաններից ենթադրում է նաեւ այլ որակներ. «Քանի որ հսկողություն է իրականացնում օրինականության, միջդատական վարույթի նկատմամբ եւ այլն, այստեղ դատախազի փորձը շատ լավ կլիներ: Բայց մեզ մոտ մի փայլուն օրինակ ունենք, կարող է լինել նաեւ բացառություն, որ օրինաչափություն է հաստատում: Ունեինք Սուրեն Օսիպյան Արտաշեսովիչ, նա 18 տարի եղել է ՀՀ գլխավոր դատախազ ու դատախազ է գնացել մեր ֆակուլտետի դեկանից՝ չունենալով որեւէ փորձ: Գիտական, մանկավարժական աշխատանքից՝ գլխավոր դատախազ: Նա մեր հանրապետության պատմության մեջ լավագույն դատախազն էր կամ լավագույններից, որը դատախազության հեղինակությունը բարձրացրեց ինչքան հնարավոր է, բարձր»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Այս անփորձ ճուտիկի համար դա շատ բարձր պաշտոն է, իսկ ֆակուլտետի դեկանի խոսքը այդ դեկանատի դասախոսի մասին չի կարող անկեղծ լինել, քանի որ նույն թիմից են։ Վարչապետի օգնականը գլխավոր դատախազ դառնալու դեպքում իներցիայով շարունակելու է մնալ օգնականի հոգեբանությամբ և հետևի իր շեֆի աչք-ունքի շարժումներինճծ

  2. Հայ մարդ says:

    Ավիացիայի անփորձ աղջիկը ավերեց այդ ոլորտը ու գնաց երեխա մեծացնելու, հիմա էլ մի ուրիշ անփորձ աչոնիկի են բերում ավելի պատասխանատու պաշտոնի՝ այս անգամ դատախազության ոլորտն ավերելու համար: ԵՊՀ իրավագիտության Ֆակուլտետի դեկանի խոսքը այդ դեկանատի դասախոսի մասին չի կարող անկեղծ լինել, քանի որ նույն թիմից են: Պարզ է, որ վարչապետի օգնականը գլխավոր դատախազ դառնալուց հետո էլ շարունակելու է մնալ օգնականի հոգեբանությամբ և անընդհատ հետևելու է իր շեֆի աչք-ունքի շարժումներին, խոնարհ կատարելով նրա բոլոր հրահանգները:

    Սա երկրում բռնապետությունն ամրապնդելուն ուղղված քայլ է, որի դեմ ընդդիմությունը և հասարակությունը պետք է ավելի լրջորեն պայքարի ու պարսավանքի առարկա դարձնի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930