Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի բողոքը մերժվել է

Սեպտեմբեր 17,2026 13:00 Share

Ըստ Աննա Վարդապետյանի՝ «Գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն հայցելը չէր կարող խախտել որևէ մասնավոր անձի որևէ իրավունք»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Ղափլանյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին աշխատակից Փիլոս Ղազանչյանի և «Նեֆրիտ Մայնինգ» ՍՊ ընկերության տնօրեն Գրիգոր Մալխասյանի (ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանի որդին) օժանդակությամբ, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խմբի կազմում կաշառք տվողներ Գեորգի Թովմասյանի և «Արարատ Շին» ՍՊ ընկերության տնօրեն Նորիկ Գասպարյանի օգտին ենթադրյալ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի իքս-հասցեում կառուցված, սակայն նախագծային փաստաթղթերին չհամապատասխանող կառուցապատման ընթացքում թույլ տրված շեղումներն անտեսելու և դրա արդյունքում այն վերահամաձայնեցնելու և շահագործման թույլտվության ավարտական ակտ տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար Փ. Ղազանչյանի և Գ. Մալխասյանի օժանդակությամբ պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 22.000.000 ՀՀ դրամ կաշառք: Ըստ մեղադրական եզրակացության, նրանք «խմբով, վերոնշյալ գործընթացն ավարտին հասցնելու նպատակով օգտագործել են իրավաբանական նշանակություն ունեցող կեղծ փաստաթղթեր՝ դրանք ներկայացնելով Երևանի քաղաքապետարան»։

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազի հատուկ վերանայման բողոքի հիման վրա։

Այս «խմբի» գործով տեղեկացնեմ, որ Վերաքննիչ դատարանը չէր թույլատրել գաղտնի քննչական գործողություններ կատարել, մերժելով քննիչի միջնորդությունը՝ ներքին դիտում, արտաքին դիտում, թվային, այդ թվում հեռախոսային խոսակցությունների հաղորդակցության վերահսկում, ինչի դեմ բողոք էր բերել գլխավոր դատախազը։ Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դրանով թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Դատախազի բողոքարկմամբ «մեղսագրված արարքները փոխկապակցված էին միմյանց, վիճարկվող որոշումը վերաբերվում էր նույն վարույթով անցնող անձանց»։ Այսինքն, գաղտնի քննչական գործողություններ կատարելու թույլտվություն հայցելը չէր կարող խախտել որևէ մասնավոր անձի որևէ իրավունք։

Հիշեցնեմ, երբ Փաստաբանների պալատն ահազանգել էր,  իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2025 թ. մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Նեֆրիտ Մայնինգ» ՍՊ ընկերության գրասենյակում (բանն այն էր, որ նույն վայրում էր գտնվում «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակը-Ռ.Մ.), որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր»։

Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել վերաքննիչ դատարանի որոշումը, հիմք ընդունելով իր իսկ իրավական դիրքորոշումները։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել