Լրահոս
Օրվա լրահոսը

«Նանսենի արձանը նայե՛ք, ամոթից գետինը կարելի է մտնել». Իզաբելլա Աբգարյանը ձեռնպահ քվեարկեց Օհան Դուրյանի կիսանդրու տեղադրմանը

Հունիս 21,2022 16:39

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող ավագանու նիստում անդրադառնալով մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու տեղադրման որոշմանն՝ ասաց, որ քննարկելու է ոչ թե արձանի տեսքը, այլ այն միջավայրը եւ վայրը, որտեղ կիսանդրին կտեղադրվի: Նրա խոսքով, երբ Օպերայի տարածքից սկսեցին հեռացնել սրճարանները եւ երեւանցիներին խոստացան, որ բարեկարգելու են Ազատության հրապարակը, հատկապես ավագանու «Իմ քայլի» անդամները տարածում էին Օպերայի նախկին տեսքով լուսանկարները, որտեղ ծառեր էին եւ չկային ժամանցի օբյեկտները՝ խոստանալով երեւանցիներին Օպերան բերել նախկին տեսքին: Սակայն, ըստ տիկին Աբգարյանի, անցել են տարիներ, բայց Օպերայի հրապարակը չի փոփոխվել. «Օպերայի հրապարակն այսօր շատ վատ տեսք ունի: Մինչ այսօր մենք չունենք կոնցեպտ՝ ինչպիսին է այն լինելու, որն ինքնին հուշարձան է: Չունենք պատկերացում՝ որտեղ ինչ պետք է լինի, կոմերցիոն, բարձիթողի վիճակ է, ինչն ինձ համար մեծ ցավ է»:

Նրա կարծիքով՝ նախքան Օպերայի հրապարակում հայեցակարգ ունենալը՝ որեւէ միջամտություն այդ հրապարակում չի կարելի իրականացնել. «Ցանկացած արձան առանձին դիտարկելը սխալ է, պետք է նայել միջավայրով»:

Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ մինչեւ հիմա քանդակագործ Արտո Չաքմաչյանի արձանն անգամ ցուցանակ չունի, Երիտասարդական մետրոյի կայարանի շրջակա արձանները անխնամ են. «Տեսե՞լ եք Ձեռքերի արձանն ամբողջովին սեւացած է, Նանսենի արձանը նայեք, ամոթից գետինը կարելի է մտնել, թե՛ արձանը, թե՛ պատվանդանն ինչ վիճակում են: Ամոթ մեզ, ամոթ քաղաքային իշխանություններին: Այստեղից հայտարարում ենք, որ մարդկանց մեծարում են, հետո տեր չենք կանգնում տեղադրված արձաններին»:

Տիկին Աբգարյանն ասաց, որ Օհան Դուրյանի կիսանդրու տեղադրման որոշմանը ձեռնպահ է քվեարկելու, քանի որ գտնում է՝ Օպերայի տարածքում այս պահին որեւէ միջամտություն անել չի կարելի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930