Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «ժողովրդավարություն»

Հուլիս 04,2022 17:23

Կարծես թե Հայաստանում թևածում է հերթական՝ թվով երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուրվականը։ Այդ են վկայում ԲՀԿ-ի կողմից սկսված կազմակերպչական գործընթացները, մարդ-կուսակցությունների հետ վարչապետ կոչեցյալի հանդիպումից հետո, չկայացած եվրոռեժիսորի մտավարժանքները։ Կարծում եմ, այդ մասին են վկայում նաև որոշ ընդդիմադիր պատգամավորների մանդատներից հրաժարականները։

Մյուս կողմից, իսկապես առկա է խորհրդարանական ճգնաժամ, որն ընդամենը ձևականորեն չի գոհացնում վարչապետ կոչեցյալին։ Իհարկե, նա ԱԺ-ում ունի հպատակ, կոճակ սեղմող մեծամասնություն, բայց դե «ժողովրդավարությունը» պահանջում է ունենալ նաև ընդդիմություն, ցանկալի է՝ «կառուցողական»։

Փորձենք հետհայաց գցել անցած հարյուրամյակի Հայաստանի բոլոր ընտրություններին, մինչ այդ ներկայացնելով, թե իրականում ինչ է նշանակում ժողովրդավարությունը։

Ժողովրդավարությունը, որպես կառավարման ձև համարվում է ամենառաջադիմականը։ Դասական իմաստով ժողովրդավարությունը համարվում է որպես ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Ժամանակակից, եվրոպական ժողովրդավարությունը, էականորեն տարբերվում է դասականից։ Այն ենթադրում է ոչ միայն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, այլ օրենքի գերակայություն, այն է՝ գործադիր իշխանությունից անկախ դատաիրավական համակարգ, որն էլ իր հերթին, համապատասխան օրենսդրության դեպքում, ապահովում է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ավելին` առանց, երկրորդ, իսկ իմ համոզմամբ՝ իրականում առաջին բաղադրիչի բացակայության պայմաններում, բացառվում է նաև ազատ, արդար, թափանցիկ և այլն, ընտրությունների արդարությունը։ Այս տեսակետից ինչպիսի՞ն է Հայաստանը՝ օրենսդրությամբ վարչապետին կից ԱԱԾ, ոստիկանություն, քննչական մարմիններ, վարչապետին դե ֆակտո կից դատախազություն, ՍԴ, ԲԴԽ, դատավորների մեծամասնություն։ Այս պարագայում խոսել ժողովրդավարության մասին, առնվազն անհեթեթություն է։

Եթե գործող իշխանությունը կիրառի իր բազմատեսակ և բազմաթիվ ընտրախախտումները՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք, ահաբեկումներ, զինված ուժերի բազմատեղամասային, ուղղորդված քվեարկություններ, կեղծ անձնագրեր և այլևայլ խախտումներ՝ ո՞վ կամ պետական ո՞ր կառույցը պետք է արձագանքի, բռնի կեղծարարի ձեռքը։ Կարծում եմ պատասխանն ու հետևություններն ակնհայտ են։

Այժմ մի պահ «մոռանանք» Հայաստանը դիտարկել որպես իրավական պետություն, այլ դիտարկենք 1918թ․ սկսած Հայաստանում կայացած բոլոր ընտրություններին և դրանց արդյունքներին։

1918թ․ Հայաստանի առաջին անկախ հանրապետության խորհրդարանը բազմակուսակցական էր։ Այն կազմավորվել էր ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ միջկուսակցական համաձայնությունների։ 1919թ․Հայաստանի ողջ պատմության ընթացքում անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ի դեպ, ընտրական օրենքը շատ առաջադիմական էր։ Այն հնարավորություն էր ընձեռում ընտրություններին մասնակցել կանանց, փախստականներին, այն դեպքում, երբ եվրոպական շատ երկրներում այդ նորմերը չէին գործում։

Եվ ի՞նչ․․․Քանի որ պետական ողջ լծակները գտնվում էին ՀՅԴ-ի ձեռքին, ընտրությունները տվեցին «ցանկալի» արդյունք՝ 80 պատգամավորական մանդատներից 72-ը բաժին հասան ՀՅԴ-ին։

Ընտրություններ կոչվածն անցել է մթերակաշառքով, երկրապահների, ներեցեք՝ մաուզերիստների կողմից ահաբեկումներով։

Թե ինչպիսին էին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի ընտրությունները, կարծում եմ՝ չարժե անդրադառնալ։Այդ ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվում էին ԳԽ կուսակցականների և անկուսակցականների անխախտ դաշինքներ, տևեց մինչև 1988թ․։

1988թ․ սկսված արցախյան համաժողովրդական շարժումը Հայաստանում ստեղծեց երկիշխանություն և ԳԽ թափուր տեղերում, ժողովրդի հուժկու ճնշման տակ պատգամավորներ ընտրվեցին Աշոտ Մանուչարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Խաչիկ Ստամբոլցյանը։

Արդեն 1990թ․ հերթական ԳԽ ընտրություններն էին։ Իշխանությունը դե յուրե դեռևս գտնվում էր ՀԿԿ-ի ձեռքին։ Չխոսենք այդ ընտրությունների օրինականության մասին։ Այն ժամանակվա ԿԸՀ փոխնախագահ, հանգուցյալ Ջեմմա Հասրաթյանը պատմում էր ահավոր ճնշումների և խախտումների մասին։ Ինչևէ, ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացավ ՀԿԿ-ն։

Այսինքն, դե յուրե ընտրությունների արդյունքում հաղթեց ՀԿԿ-ն։ Բայց քանի որ առկա է համաժողովրդական ահռելի ճնշում, այն ժամանակվա դասական ՀԿԿ-ական գործիչներն, ինչպիսին էր Վիգեն Խաչատրյանը, ժամանակին կողմնորոշվեցին և Հայաստանում առաջին անգամ ընտրություններով, շեշտեմ՝ ոչ ընտրությունների արդյունքներով, կատարվեց իշխանափոխություն։

Արդեն 1995թ․ հուլիսի 5-ին, վերջնականապես ոչնչացվեց ընտրությունների և հանրաքվե կոչվող միջոցառումների իմաստը։ Էլ լցոնումներ, էլ քվեատուփերի առևանգումներ, էլ երկրապահների կողմից ահաբեկումներ, ծեծ ու ջարդ, էլ արձանագրությունների կեղծումներ, էլ որն ասեմ, էլ որը։

Եվ այս ազգային, գեղեցիկ ավանդույթը շարունակվեց մինչև 2021թ․։

Հիշեցնեմ, որ Հայաստանում երկու անգամ՝ 1998 և 2018 թթ․ տեղի է ունեցել իշխանափոխություն, առաջին անգամ ներքին հեղաշրջման, երկրորդ անգամ արտաքին, բառի լայն իմաստով, արդյունքում։

Այսպիսով և պատմական փորձը և մեր, ինչպես ասում են մենթալիտետը, որևէ  նույնիսկ չնչին հույսեր չեն տալիս ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու համար։ Եթե այս բոլորին ավելացնենք, որ նույնիսկ 2020թ․ խայտառակ պարտությունից, հայրենիքի կորստից հետո, 2021թ․ «ընտրությունների» միջոցով իշխանափոխություն տեղի չունեցավ՝ ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Արդ, եթե իսկապես, վարչապետ կոչեցյալը գնում է հերթական արտահերթ «ընտրությունների», ի՞նչ սպասել արդյունքներից։ Նախ, ի տարբերություն Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարների, այսօրվանը չունի որևէ «կարմիր գիծ», նա պատրաստ է ամեն ինչ զոհաբերելու, այդ թվում հայրենիքը, հանուն անձնական իշխանության։ Եվ մի՞թե պարզ չի, որ եթե նա 100%-ով համոզված չլինի, որ մնալու է իշխանության ղեկին, ոչ մի դեպքում չի գնա արտահերթի, ինչպես 2021թ․։ Եվ որքան էլ Հայաստանում անցկացվեն սոցիոլոգիական ամենաճշգրիտ հարցումներ, որոնց արդյունքում, դիցուք վարչապետ կոչեցյալի վարկանիշը 0-ական է, այն ոչինչ չի նշանակի և «ընտրությունների» արդյունքում նա կստանա ավելի քան 60%-անոց արդյունք։

Ուստի սպասվելիք «ընտրությունների» արդյունքում կունենանք նույն, գուցե ավելի մեծ տոկոսով վարչապետական կոճակներ, գումարած ԲՀԿ և մարդ-կուսակցություններից կազմված երրորդ՝ «Մուտք» խմբակցություն։ Ի դեպ, երկու ապագա «ընդդիմադիր» խմբակցությունների ցուցակները կկազմի անձամբ վարչապետ կոչեցյալը։ ԲՀԿ-ին թույլ կտրվի կիրառել բոլոր ֆինանսա-«կազմակերպչական» լծակները, իսկ «Մուտքը» կներմուծվի, վարչապետ կոչեցյալի հրահանգով, ինչպես 2018թ․ «Լուսավոր Հայաստանը», դրանցով իսկ երկուսին էլ կպահի «վզներին դրած» վիճակում։ «Ընտրություններում» «անաչառ» դիտորդություն կիրականացնեն քաղհասարակության ներկայացուցիչները, դրանք համարելով «ազատ, թափանցիկ, ժողովրդավարական։ Չէ՞ որ նրանք Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» հանձնման կողմնակիցներ են։ Բնականաբար, «ընդդիմադիր» գործիչները ժամանակ առ ժամանակ պրոֆիլակտիկ ծեծեր կուտեն, երբեմն կդիմեն գրպանային ՍԴ, չէ՞ որ պետք է ապահովել ժողովրդավարական շղարշը։

Իսկ ի՞նչ են մտածում իսկապես ընդդիմադիր գործիչները։ Մի՞թե նորից մտածում եք, թե «կրելու եք»։ Եթե, ինչպես 2021թ․ նորից մասնակցեք վարչապետ կոչեցյալի կազմակերպած «ընտրություններ» միջոցառմանը, ապա դուք նույնպես պատասխանատու կլինեք, ինչպես «Զանգեզուրի միջանցքի», այնպես էլ հետագա կորուստների համար։ Սակայն կարծում եմ՝ ինչպես նախկինում, այս անգամ էլ բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն սպասվելիք ֆարսին, բերելով հետևյալ «փաստարկները»․ «է՝, եթե չմասնակցենք, մեկ է մյուսները կմասնակցեն, բա թողնենք նրա՞նց, դառնալով պատգամավոր, լրացուցիչ լծակ կունենանք և այլն»։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եթե հանկարծ այս «դուխով» իշխանությունը գնա վախ բռնողի մոտ և նրա խորհրդով լուրջ գլխացավանքի տակ մտնի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպի, ապա ամեն ինչ մոտավորապես կընթանա այնպես, ինչպես նկարագրված է այս հոդվածում: Բայց քանի որ հեղինակը կարծում է, որ 2018թ. իշխանափոխությունը եղել է արտաքին հեղաշրջման արդյունքում (շատերն են այսօր այդ կարծիքին), ապա դրանից հետևում է, որ արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն, եթե այդ նույն արտաքին ուժերն էլ այս իշխանության «վզին դնեն» դրա նախաձեռնումն ու իրականացումը:

  2. «Հայաստանում ծայրահեղական խմբավորումները հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով, սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Ճնշումները  Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ:», «…Երևանը դեռ պատրաստ չէ սրան։» Մևլութ Չավուշօղլու, հուլիս 04, 2022:
    Այս հայտարարությունը (արվել է Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման ժամանակ) խոսում է նրա մասին, որ ա) ԵՄ-ը պատրաստ է լսել Դիմադրության շարժման նման որակավորումներ և բ) պատրաստ կլինի վաղը չէ մյուս օրը լսել նույն բերանից “ահաբեկիչներ” որակավումը: Անմիջապես հետևող նախադասությունը նկարագրում է իրավիճակը Հայաստանում ու իշխանության անելիքները` «վարչապետի տան», «համարձակ քայլեր»: Ըստ էության այս հայտարարությունը շոուն սկսելու կոչ է նիկոլին: Արտահերթ խորհրդական ընտրություններ: Անիվը արդեն պտտվում է` մարդ-կուսակցություններին հավաքելը որպես մեկնարկ: Այս զանգվածը կխաղա ԱԺ-ում “ընդդիմադիր” մասի դերը: Իսկ ինչի՞ն է պետք այս ֆարսը: Որովհետև ոչ մի արձանագրության վավերացում չի “ընկալվի” լիակատար (օրինականի մասին չէ խոսքը, այլ անխոցանելիության) առանց-ընդդիմադիր ԱԺ-ում: Արևմութքը ուզում է որ շոուն գնա բոլոր ատրիբուտներով: Հեգնանքը նրանում է, որ նորից արտահերթ ընտրությունները տեղի կունենան հենց Դիմադրություն շարժման արդքունքում, կփաթաթեն շարժման վզին, ինչպես Դուք նկատեցիք: Կստացվի որ այս “իշխանության ծարավ” շարժումն է դրդապատճառը այլ ոչ թե կա ճգնաժամ: Եվ այս պահը եվրոպացիք, թուրքերը, …. լավ գիտաքցում են ու մտրակում են նիկոլին օգտածործել պահը: Արևմուտքի ու Թուրքիայի ակնհայտ համագործակցությունը Ռուսաստանի ծիրից Հայաստանը հանելու ու Թուրքիայի ծիրը դնելում միս-ու-ոսկոր ստացավ երբ 2018-ի մարտի 1-ին, Ս.Սարգսյանը հայտարարեց չեղյալ Ցյուրիխյան արձանագրությունները: Մոտ օրերին նիկոլը տարօրինակ հայտարարություն արեց, թե ունի քաղաքական կամք բերել արմատական փոփոխություններ Հայաստան: Այսպիսով, Չավուշողլու այս հայտարարությունը նաև հրավեր է բոլոր հայրենիք-դավաճանել-ընդունակ գործիչներին արտահայտվել, անել ակտիվ քաղաքական քայլեր, որոնք ոչ միայն “համարձակ” հունով են տանում այլ կցուցադրեն նաև “քաղաքական կամք”, «համարձակ»-ություն մինչև վերջ գնալու Անկարայի նախագծած ճամփով: Մանդատների վայր դնումները, թուրք-հայ, ադրբջն-հայ մերձեցման միջոցառումները «Զանգեզուրի միջանցքի» վտանգի, Բերձորի հանձման օրերին, պարզորոշ վկայում են, որ Հայաստանում միակ գերազանց գործող ինստիտուտը 5-րդ սյունակն է: Որ նա կա այլևս չի քննարկվում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031