Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ֆուտբոլի դատարկ նստատեղերը…

Հուլիս 24,2022 21:40

Հայաստանի ազգային հավաքականի տնային հանդիպումներում, ինչպես նաև ակումբային ֆուտբոլի խաղերում բացառիկ դեպքեր են լինում, երբ մարզադաշտը լեփ – լեցուն է լինում։ Հայկական թիմերը, չնայած սահմանափակ կարողություններին, փորձում են հնարավորինս հաջող հանդես գալ ֆուտբոլային հանդիպումներում։ Սակայն հատուկենտ դեպքեր են եղել, երբ Հայաստանի ազգային հավաքականի տնային մարզադաշտում՝ Հանրապետական ստադիոնում անշլագ է տիրել։

Օրինակները, ցավոք, քիչ են. տարիներ առաջ Պորտուգալիայի հավաքականի դեմ հանդիպումը, երբ ֆուտբոլային էլիտայի ներկայացուցիչ Կրիշտիանու Ռոնալդուն էր ժամանել Երևան խաղին մասնակցելու համար, կամ ԽՍՀՄ-ի և համաշխարհային լեգենդների հանդիպմանը Երևանում։ Թերևս, միակ պատճառը, որը տրամաբանական է և ուրախացնող՝ անցյալ տարվա Լիխթենշթեյնի դեմ տնային հանդիպումն էր։ Ազգային ընտրանին մինչ այդ բավական հաջող էր հանդես եկել և հույսեր արթնացրել հայ ֆուտբոլասերների շրջանում։ Սակայն միթե՞ միայն հաղթանակած թիմերին է պետք աջակցել, կամ օտարազգի աստղերը պետք է պատճառ հանդիսանան, որ մարզադաշտը լցվի։

Վերոնշյալ խնդիրը շատ խորը արմատներ ունի, որն էլ փորձել ենք պարզել հասարակության շրջանում հարցման միջոցով և կներկայացնենք այս խնդրի վերլուծությունը…

Ինչքան էլ զարմանալի թվա, բողոքների մեծամասնությունը կապված են ոչ թե երկարաժամկետ և համակարգային լուծում պահանջող հիմնախնդիրներից, այլ ավելի պարզունակ և անտրամաբանական մանրուքներից, որոնք հնարավոր է լուծել ընդամենը մի փոքր կամք դրսևորելու օգնությամբ։ Թերևս, ամենաարդարացված պահանջը տրիբունաների աղտոտված վիճակն է։ Երկրպագուները մտնում են տրիբունա և դժվարությամբ գտնում համեմատաբար մաքուր նստատեղ։ Ֆուտբոլասերը եթե մեկ անգամ տհաճ պայմաններում հետևի խաղին, վստահաբար, մյուս անգամ հեռուստացույցից կհետևի հանդիպմանը։ Հեշտ լուծվող և կարևոր խնդիր է նաև ներքին առաջնության հանդիպումների օրացույցը։ Աշխատանքային օրերին՝ ուրբաթ, երկուշաբթի կամ երեքշաբթի խաղերը նշանակելով դժվար թե ունենանք գոնե ոչ կիսադատարկ տրիբունաներ։ Աշխատանքային օրերին քչերը աշխատանքից հետո ուժ և ցանկություն կունենան մարզադաշտ այցելել։ Ինչպես օրերն են անհարմարություններ պատճառում, այդպես էլ ուշ ընտրված ժամերը, քանի որ խաղից հետո երկրպագուն պետք է նաև տուն վերադառնա, ինչն էլ հեշտ չի լինում տրանսպորտային միջոցների սակավության պատճառով։

Խնդիր է նաև այն փաստը, որ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես է գալիս 9-10 ակումբ։ Պայքարը հիմնականում միայն չեմպիոնական է, այն էլ երկու թիմերի միջև։ Սա բնականաբար, այդքան էլ չի հետաքրքրի ֆուտբոլասերներին։ Ակումբների քանակը ավելացնելով հնարավոր է ինտրիգ ստեղծել առաջնությունում։ Սակայն, ցավոք ականատես ենք լինում, որ ինչպես հայտնվում են նոր ակումբները, այնպես էլ կարճ ժամանակ անց փակվում։ Սա նույնպես կարևոր խնդիր է, որը պետք է ուշադրության կենտրոնում պահել։

Իհարկե, կան խնդիրներ, որոնք հատուկ անդրադարձի կարիք ունեն. Հավաքականի հանդիպումներին ականատես ենք լինում խառնաշփոթ իրավիճակի տրիբունաներում։ Երկու ֆան ակումբ, իրարից առանձին, վանկարկում են տարբեր կարգախոսներ և երգեր, որն էլ առաջացնում է տհաճ տեսարան։ Երկրպագուն ամբողջ խաղի ընթացքում՝ թիմին աջակցող վանկարկումների փոխարեն, լսում է անհասկանալի աղմուկ։ Սա խնդիր է, որը պետք է հանգուցալուծվի, եթե մտածում ենք երկրպագուների հարմարավետության մասին։

Ամենախորքային և հոգեբանական առումով փխրուն խնդիրը. Իգական սեռի ներկայացուցիչ հայտնում է տարածված մի կոմպլեքսի մասին։ Աղջիկները մի ստվար հատված ամաչում է գալ միջավայր, որտեղ մեծամասնությունը տղաներ են։ Այս խնդրի հանգուցալուծումը հիմնականում տղաների ձեռքերում է։ Տղաները հնարավորինս պետք է կոմֆորտ միջավայր ստեղծեն տրիբունաներում, որպեսզի աղջիկները նույնպես, անկաշկանդ կարողանան երկրպագել մեր թիմերին։

Երևի թե հիմա անդրադառնանք ամենաֆուտբոլային խնդրին։ Վերոնշյալ խնդիրները, իհարկե, կարևոր են, բայց տանելի կլինեն, եթե երկրպագուն վստահ լինի, որ երկրպագած թիմի ֆուտբոլիստները, մարզիչը և ակումբի անձնակազմը, իր հետ հավասար, ցանկություն ունի և պայքարում է հաղթանակի համար։ Ցավոք, երբեմն ականատես ենք լինում խաղերի, երբ ֆուտբոլիստները չեն պայքարում ցանկալի արդյունքի հասնելու համար։ Սա առաջինը անարգանք է նրանց, ովքեր ժամանակ են հատկացրել և եկել են աջակցելու թիմին։ Եթե գոնե այս ուղերձը հասնի հասցեատերերին և կարգավորվի՝ վստահեցնում եմ, որ մնացած խնդիրները կկրեն միայն տեխնիկական բնույթ և հաճախելիության վրա մեծ ազդեցություն չեն ունենա։

Կա տարածված կարծիք, որ հայ հասարակությունը ֆուտբոլային հասարակություն չէ։ Սակայն կարելի է փաստել, որ մեր ժողովուրդը չափազանց էմոցիոնալ է տանում մեր թիմերի մրցելույթները, տխրում պարտություններից և ցնծում հաղթանակներով։

Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031