Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Կալանավայրում խնդիրը սրվել է»․ Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը վատթարացել է

Հուլիս 29,2022 17:00

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում նրա պաշտպանական թիմը ներկայացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի՝ այսօր Չալաբյանին տրված փաստաթուղթը, որը հավաստում է  զարկերակային բարձր ճնշման մասին․ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիզ։ Մեղադրյալ Ավետիք Չալաբյանը, որին դատավորը թույլատրեց նստած խոսել, հայտնեց՝ չի ցանկացել անհարգալից վերաբերմունք դրսեւորել դատարանի հանդեպ, այդ պատճառով ներկայացել է՝ խնդրելու մեկ շաբաթով նիստը հետաձգել, որպեսզի կարողանա առողջական վիճակը կայունացնել։

Ավետիք Չալաբյանը երկու օր է, ինչ ազատ է արձակվել․ կալանքի ժամկետը լրացել էր։ Նա դատարանին հայտնեց, որ մոտ հինգ տարի ունեցել է զարկերակային հիպերտենզիա, ամեն օր ընդունել դեղամիջոցներ, սակայն 2,5 ամիս կալանավայրում գտնվելու վերջին շրջանում խնդիրը սրվել էր․ «Ընդունածս դեղամիջոցները դադարեցին բավարար լինել։ Նախորդ դատական նիստին չներկայացա, որովհետեւ բժիշկներս, հաշվի առնելով վիճակս, արգելեցին։ Տենդ կար։ Սրտի ծակոցներ ունեմ, որոնք հիմա խանգարում են։ Շնորհակալ կլինեի, որ գոնե մեկ շաբաթով նիստը հետաձգեիք, որպեսզի վերականգնվեմ»։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, ասաց, որ նիստը մեկ շաբաթով չի հետաձգի, այլ կնշանակի օգոստոսի 1-ին՝ 14:00-ին եւ կխնդրի ներկայացնել Չալաբյանի առողջական վիճակի եւ հիվանդությունների մասին փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031