Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Վերածվել եք Ադրբեջանի ռայոնի, դաշնակցական գործիչների մուտքն եք արգելում». Ռուբեն Մելիքյան

Օգոստոս 01,2022 23:51

Նիդերլանդների  Հայ դատի գրասենյակի ղեկավար  Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան եւս արգելվել էր, եւ նա առաջարկել էր, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ստանձնի իր շահերի պաշտպանությունը՝ այդ խնդիրը վիճարկելու համար:

Թեեւ ՄԻՊ-ի միջնորդությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ Ռուբեն Մելիքյանին կթույլատրվի ժամը 16-ին այցելել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում պահվող Մասիս Աբրահամյանին՝ իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով,  սակայն, այդպես էլ, չէին ապահովել նրա մուտքը Մասիս Աբրահամյանի մոտ:

Ավելի վաղ արգելվել էր Մասիս Աբրահամյանի դստեր՝ Սյունեի մուտքը  Հայաստան:

Ռուբեն Մելիքյանը  ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ նշեց, որ  Մուրադ Փափազյանի, Սյունեի ու Մասիս Աբրահամյանի հետ կատարվածը համակարգված քաղաքականություն է, որը տարբեր դիտանկյուններից ունի լուրջ պրոբլեմներ, առաջին հերթին՝ ազգային եւ քաղաքական տեսանկյունից. «Չհասկացա, էս երկիրը բոլոր հայերի համար չէ՞… Սերժ Թանկյանը եկել այստեղ ազգակործան հեղափոխություն էր անում, հիմա չգիտեմ որտեղ է գլուխը մտցրել, կամ Արսինե Խանջյանը՝ իրենց էստեղի ընկերների հետ: Ամենածայրահեղ հակաիշխանական քայլերն էին անում, բայց որեւէ մեկի մտքով չանցավ նրանց մուտքն արգելել Հայաստան… Վերածվել եք Ադրբեջանի ռայոնի, դաշնակցական գործիչների մուտքն եք արգելում, ինչ է թե՝ քննադատում են իշխանություններին»:

Իրավապաշտպանը նշեց, որ Մասիս Աբրահամյանին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ տեղում է եղել ժամանակից դեռ մի տասը րոպե շուտ, բայց համապատասխան աշխատակիցը, չնայած նախնական պայմանավորվածությանը, նախ «անհասանելի» է եղել, հետո իրեն ասել է, որ ոչ մի բանով չի կարող օգնել:

2,5 ժամ սպասել է օդանավակայանում, երկրորդ անգամ են եկել ՄԻՊ աշխատակիցները, ու հասկացել է, որ ինքը ներս մտնելու շանս չունի, դրա համար նրանց միջոցով փոխանցել է  լիազորագիրը եւ խնդրել ստորագրել տալ:

«Վաղվանից պաշտոնապես՝  փաստաթղթերով լիազորված, ես կզբաղվեմ այս հարցով, բայց դա, իհարկե, որեւէ կերպ չի նշանակում, որ ապահովվել է Մասիս Աբրահամյանի  իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը փաստաթուղթ ստորագրելը չէ, այլ՝ փաստաբանի հետ անխոչընդոտ հաղորդակցվելու հնարավորությունը: Արձանագրենք, որ այդ հնարավորությունը Մասիս Աբրահամյանին չի տրվել:

Նաեւ արձանագրենք, որ սա նոր տեսակի խախտում է, իրականում լրիվ նույն բանն է, երբ պաշտպանը գնա  ՔԿՀ, ոստիկանության բաժին, այլ իրավապահ մարմին, եւ նրան ներս չթողնեն իր պաշտպանյալի մոտ: Մեր Սահմանադրությունը թվարկում է, թե որ դեպքում անձին կարելի է ազատությունից զրկել, եւ սա նույնպես այդ հիմքերից մեկն է՝ մարդը չէր կարող ազատ դուրս գալ քաղաք: Եվ նա բնականաբար ուներ այն իրավունքների ողջ փաթեթը, որ  լինում է նման իրավիճակներում»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով. «Ազատությունից զրկելը պետք է իրական կամ ենթադրյալ հանցագործության հետ կապված լինի, այս պարագայում մարդը զրկվեց իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից… Փաստաբանն իր ոտքով գնացել հասել էր, բոլոր տեխնիկական հարցերը լուծվել էին, բայց իմ մուտքն արգելվեց… Չէի պատկերացնում, որ ՄԻՊ միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք կբերվի, մեկ էլ կպարզվի՝ հոպ, խնդիրն ընդհանրապես լուծված չէ»: Իրապաշտպանը փաստում է. «Փաստորեն, մեր երկրում  ՄԻՊ-ը պետական մարմինների առջեւ էլ հեղինակություն չունի»:

Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ Մասիս Աբրահամյանը հարկադրաբար կմեկնի Նիդերլանդներ, ու ինքը հարցում կանի ԱԱԾ՝ հիմքերը պարզելու համար, հետո անպայման կվիճարկեն այդ կամայական որոշումը վարչական դատարանում:

«Քանի որ այս քաղաքականությունն արդեն համակարգային բնույթ է կրում, կարելի է առանձին դեպքերը հավաքել եւ ավելի համակարգային լուծումների մասին մտածել… Այո, իրավաբաններս կարող ենք նման բաներով զբաղվել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ բուն խնդրի լուծումը ուրիշ տեղ է… Ադրբեջանի հայաստանցի գործակալներից ամեն ինչ սպասելի է, պետք  է Ադրբեջանի գործակալ լինել, որ Մասիս Աբրահամյանի ու Մուրադ Փափազյանի պես մարդկանց արգելել մտնել հայրենիք»,-շեշտեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031