Մեղրեցիների ու ագարակցիների համար նորություն չեն ուղեկալներն ու անցակետերը։ «Սովետի տարիներին միշտ ստուգում էին, ամեն մեկը չէր կարող հասնել Ագարակ», – Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ագարակ քաղաքի բնակիչ Անդրանիկ Սողոմոնյանը։ Նրա պատմելով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո «խստացված ռեժիմը» վերացավ, ու ազատ ելումուտը սկսվեց։
Ագարակում՝ ռուս սահմանապահների կողմից անցակետ տեղադրվել է մի քանի ամիս առաջ։
Ըստ մեր զրուցակցի՝ այնպես չէ, որ ամեն օր ստուգում են։ «Առիթից առիթ, գուցե երկու ամիսը մեկ անգամ», – ասում է Անդրանիկ Սողոմոնյանը:
Սահմանային լարվածության այս օրերին ռուս սահմանապահների հերթական ստուգումը խուճապի տեղիք է տվել։ Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Խաչատուր Անդրեասյանն ասում է՝ անհանգստանալու հիմքեր չկան։
Կարդացեք նաև

Երկուշաբթի՝ օգոստոսի 8-ին, մինչեւ այս պահը ստուգում չի իրականացվել։ Վերջին անգամ, ըստ Մեղրիի համայնքապետի տեղակալի, ստուգել են անցած ուրբաթ օրը։
Aravot.am-ի աղբյուրների տեղեկացմամբ, ռուս սահմանապահներն անհանգստացել էին նրանց հսկողության տակ գտնվող սահմանի երկայնքով տեղադրված էլեկտրական մալուխների կարճ միացումներից․ գուցե սահմանը ապօրինի հատման դեպքե՞ր արձանագրվեին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ



















































