Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արմեն Փամբուխչյան․ «Սուրմալուի տարածքում ահաբեկչություն չի եղել»

Օգոստոս 15,2022 14:04

«Տեսանյութից ակնհայտ է, որ այդտեղ չի կարող ահաբեկչական ակտի մասին խոսք գնալ, որովհետեւ տեղի է ունեցել որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետեւ պայթյուն։ Ներսում ինչ-որ մի չափաբաժին կրակ է եղել, այնուհետեւ տարածվել է պայթուցիկ նյութերի վրա»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների Արմեն Փամբուխչյանն՝ անդրադառնալով սոցցանցերոյմ տարածվող լուրերին, թե «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական ակտ է, քանի որ դրանից առաջ էլ ահազանգեր էին լինում, որ մետրոպոլիտենի կայարաններում, քաղաքապետարանում եւ այլ վայրերում ռումբեր են տեղադրած։

Նախարարն ասաց, որ մետրոյի բոլոր կայարաններում, քաղաքապետարանում տեղադրված ռումբերի մասին նամակը վերջին շրջանում 3-րդն է․ «Երեկ նամակ գրողն իր վրա էր վերցնում պատասխանատվությունը, երեկ խաղողօրհնեքն էր, եղավ ռումբի մասին ահազանգ եկեղեցում, կենդանաբանական այգում։ Այս ծանր պայմաններում ուժեր ենք տրամադրել, ու ոստիկանության եւ ԱԱԾ-ի հետ կարողացանք ամբողջությամբ հետազոտել, եւ որեւէ ռումբ չի հայտնաբերվել»։

Ինչ վերաբերում է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքներին եւ անհետ կորած հարազատների դժգոհություններին , ապա նախարարը տեղեկացրեց, որ երեկ փրկարար ծառայության տնօրենն ու տեղակալները հերթապահություն են իրականացրել, 3-րդ եւ 4-րդ գոտին առավոտյան ամբողջությամբ մաքրված է եղել․ «Եթե աշխատանքներ չիրականացվեին, ապա այդ հատվածը չէր կարող մաքրված լինել»։

Փամբուխչյանը վստահեցրեց՝ աշխատել են հերթափոխով, չի եղել ռեսուրսի պակաս, ո՛չ մարդկային եւ ո՛չ էլ տեխնիկայի։

Այս պահին վնասազերծվում են սյուները, որոնք վտանգ են ներկայացնում, ենթադրվում է, որ այդ մասում քաղաքացիներ կարող են լինել, եւ հենց այդ հատվածում փլուզման վտանգ կա։

«Աշխատանքներն ոչ մի վայրկյան չեն դադարել։ Առավոտյան ուժերը համալրվել են Տավուշի եւ Շիրակի մարզերի որոնողափրկարարական ջոկատներով։ Փրկարարներն անձնազոհությամբ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի անվնաս կարողանան հանել մարդկանց փլատակների տակից։ Ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն քաղաքացիներ, մենք չենք կարող այնպիսի գործողություն անել, ասենք՝ տրակտորով գործողություն չենք կարող անել, որը հնարավոր է վնասի փլատակի տակ գտնվող քաղաքացուն։ Սա պետք է հաշվի առնել։ Դեպքեր կան, որ ձեռքով քարերը տեղափոխում են դեպի բեռնատար, տրակտոր չենք աշխատեցնում, որովհետեւ հնարավոր է՝ այդ հատվածում քաղաքացի լինի»,-ասաց նախարարը։

Նա ասաց, որ վերջին երկու զոհերը հայտնաբերվել են կինոլոգիական ջոկատի աշխատանքների շնորհիվ, շունն է ազդակ տվել։

Այս պահին առեւտրի կենտրոնի տարածքում պայթյունի հավանականությունը փոքր է, եւ ինչպես նախարարն ասաց, շատ փոքր պայթյուններ հնարավոր է լինեն, առավոտյան էլ նման մեկ-երկու պայթյուն եղել է, սակայն շենքի փլուզման վտանգ դեռ կա։

 

Երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, որի հետեւանքով, պաշտոնական տվյալներով 6 քաղաքացի է մահացել, 16-ը՝ անհետ կորած, տուժածները, որոնք տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ, 61-ն են, այս պահին բուժկենտրոններում բուժումը շարունակում են 13 քաղաքացիներ։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031