Այսօրվա ավագանու նիստում քննարկվեց նաև Հրազդանի կիրճում բնության պահպանվող տարածք ստեղծելու նախագիծը։
Նախագիծը ներկայացրեց բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։
Նրա խոսքով՝ Հրազդանի կիրճը պետք է ունենա կառավարման պլան։ Ասիական զարգացման բանկի հայտարարած մրցույթի շրջանակում արդեն ընտրվել է կազմակերպություն, որը մշակում է կառավարման պլանը։
Գործողությունների պլանով նախատեսվում է պահպանել կենսամիջավայրը, զարգացնել հանգստի հնարավորությունները, պահպանել ու վերականգնել էկոհամակարգը։
Կարդացեք նաև
Հայկազյանի խոսքով՝ առկա ենթակառուցվածքները բավականին մաշված են, իսկ ջուրն աղտոտված է։ Ինչ գործողություններ էլ իրականացվեն կիրճում, հնարավոր չի լինի շրջանցել ջրի աղտոտվածության խնդիրը։
Նա նաև նշեց, որ կիրճի մուտքերն անմատչելի են, և հիմնականում հնարավոր է այնտեղ մուտք գործել մեքենայով։ Հետագա ծրագրերը ներառում են նաև ոտքով հասանելիության ապահովումը։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը նկատեց, որ նախագիծը երկու տարի քննարկվել է, մինչև հասել է ավագանու նիստի օրակարգ։ Նա ասաց, որ կողմ է քվեարկելու, սակայն մի շարք հարցեր ունի։
Մասնավորապես, Սարգսյանը հետաքրքրվեց, թե երբ է կառուցվելու Հրազդանի կիրճը՝ պահանջելով, որ նշեն հստակ ժամկետներ։ Նա հարցրեց նաև, թե երբ է կառուցվելու մանկական երկաթուղին, երբ են վերականգնվելու մայթերը, քանի որ կիրճում մայթեր չկան, և երբ է լուծվելու կոտրված ծառերի խնդիրը։
Սարգսյանը հետաքրքրվեց նաև, թե երբ է հեռացվելու կիրճում առկա հին, ժանգոտած կրպակը։
Հայկազյանն ասաց, որ մշակվել է 22 ծրագիր, որոնց թվում է նաև մանկական երկաթուղու ծրագիրը։
«Ինչ վերաբերում է կրպակին, ենթադրում եմ՝ այստեղ նշված ինքնակամ կառույցների մեջ կլինի։ Եթե չլինի էլ, դրան անդրադարձ լինելու է։ Ձեր բոլոր հարցերը կառավարման պլանի մեջ են»,– ասաց Հայկազյանը։
Ինչ վերաբերում է ժամկետներին, Հայկազյանն ասաց, որ այս պահին դրանք նշել հնարավոր չէ։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանն էլ ասաց, որ նախագիծը հրաշալի է, սակայն, իր գնահատմամբ, արդեն վերջնականապես ուշացել են, քանի որ Հրազդանի կիրճը՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։
«Ամենակարևոր հարցը ռեստորանների հարցն է։ Դուք նկարներ ցույց տվեցիք, ասացիք՝ պահպանել, բայց ոչ մի ռեստորանի նկար չտեսա։ Հրազդան գետի մեջ նավ է դրված, այդ նավի նկարը չտեսա։ Դրանց ապագան նույնպես չեմ պատկերացնում։ Մանավանդ Աջափնյակի քանդումների ֆոնին՝ այնտեղ ինչ կա, չկա, ամբողջը կոռուպցիոն գործարքների հաշվին է տեղի ունեցել։ Գետի հունի մեջ՝ 60-րդ հոդվածի հողի վրա, հսկայական շինություններ կան, ու դրանց մասին ոչ մի անդրադարձ չկա։ Ի՞նչ է լինելու այդ ամենի հետ»,– հարցրեց Կուբատյանը։
Հայկազյանն ասաց, որ Կուբատյանը նկարներում ռեստորաններ չտեսավ, քանի որ կիրճում ռեստորաններ չեն կառուցելու։
Հայկազյանի պատասխանը, ըստ էության, չգոհացրեց Կուբատյանին, որը զարմացած արձագանքեց.
«Մի քիչ զարմացած եմ։ Ասում եք՝ ռեստորաններ չտեսանք, որովհետև ռեստորան չեք կառուցելու։ Ռեստորանները ձեզնից առաջ են կառուցել, և եթե նույնիսկ ուզենաք, չեք կարողանա կառուցել, որովհետև տեղ չկա․ ինչ հնարավոր էր, արդեն կառուցված է»։
Կուբատյանը դիմեց նիստը նախագահող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին և նրանից հետաքրքրվեց գետի հունում կառուցված ռեստորանների ճակատագրով։
«Արդյոք նույնը կարվի, ինչ Աջափնյակում այսօր արվում է։ Ի դեպ՝ ես լիովին ողջունում եմ Աջափնյակի գործողությունները։ Այնտեղ մի տխրահռչակ թաղապետ՝ Ծիվո կար, այդ ամենը Ծիվոյի ժառանգությունն է»,– ասաց Կուբատյանը։
Ի պատասխան՝ Փամբուխչյանն ասաց, որ ներկայումս չի կարող ասել, թե ինչ կլինի ու ինչ ժամկետներում, սակայն մի շարք հարակից հարցերի շուրջ քննարկումներ են լինելու։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ























































