Լրահոս
Օրվա լրահոսը

«13,1% տնտեսական ակտիվությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաեւ ներքին կառուցվածքային փոփոխություններով». Վահան Քերոբյան

Սեպտեմբեր 07,2022 15:29

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Հովիկ Աղազարյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Քանի որ իրանական ցեմենտը շատ ավելի էժան էր ներկրվում Հայաստան, հայկական ցեմենտ արտադրողները մրցակցային լուրջ խնդիրներ էին ունենում: Ուստի որոշվել էր տուրքով սահմանափակել ու պաշտպանել տեղական արտադրողներին: Հայաստան ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար պետք է վճարվեր 14 հազար դրամ, արդյունքում ներկրվող ցեմենտի գինն արհեստականորեն բարձրացավ: Բացի այդ՝ կլինկերի տուրք սահմանվեց 2000 դրամ:

Դրա հետեւանքով ներկրվող ցեմենտը 25%-ից դարձավ 5%, իսկ արտադրվող ցեմենտի քանակը աննախադեպ աճեց, անցյալ տարի այն 853 հազար տոննա էր: Հիմա առաջարկվում է հաշվի առնել, որ իրանական ցեմենտի գինը, տրանսպորտային ծախսերն աճել են, շուկան գերկենտրոնացման է գնացել, այդ 14 հազար դրամ ցեմենտի տուրքի փոխարեն կիրառել 9000 դրամ տուրք, կլինկերի համար կիրառված տուրքն էլ հանել, քանի որ հիմա էլ իրանական ցեմենտը չի կարողանում մրցակցել մեր շուկայում:

Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանն ասաց, որ իրենց նպատակը այն ժամանակ չի եղել միայն տեղական ցեմենտ արտադրողներին շուկայում պահել, պարզապես միջոցներ էին ձեռնարկել, որ մեր ընկերությունները չսնանկանան:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ սկզբունքորեն դեմ է լինում այն նախագծերին, որոնք հայկական արտադրողներին դնում են ավելի քիչ պաշտպանված վիճակի մեջ, բայց սա այդ դեպքը չէ, քանի որ մրցակցությունը կնպաստի ցեմենտի որակի բարձրացմանը:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Ի դեպ, նախարար Քերոբյանը խոսեց 13,1% տնտեսական ակտիվության մասին. «Դա բավական բարձր ցուցանիշ է եւ պայմանավորված է ոչ միայն այն փոփոխություններով, որոնք աշխարհաքաղաքական են, այլ նաեւ ներքին կառուցվածքային փոփոխություններով, այդ թվում՝ կառուցապատման եւ մշակող արդյունաբերության սրընթաց աճով, որը հենց ՀՀ տնտեսական կառուցվածքի փոփոխություն է իրենից ենթադրում: Արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի արտահանման մասնաբաժինը՝ կազմելով 30%»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930