Լրահոս
Օրվա լրահոսը

«Թղթի նախագիծ չկա իմ սեղանին, առաջիկա օրերին էլ նման բան նախատեսված չէ»․ Փաշինյանը «խմբագրում» է ԱԺ-ում ասածը

Սեպտեմբեր 14,2022 22:35

«Ինչո՞ւ եմ այսօր խոսել այդ մասին, որովհետեւ այսօր ոտնձգության է ենթարկվում ՀՀ-ն։ Մեզ ասում են՝ միջանցք, մենք էլ ասել ենք, որ ՀՀ-ի տարածքով որեւէ մեկին միջանցք չենք տալու։ Թուղթ չենք ստորագրելու որեւէ, որը ՀՀ տարածքային ամբողջականությունը որեւէ ձեւով կդնի կասկածի տակ։ Սա շատ պարզ բան է, եւ ուղիղ եմ ասում՝ բոլորիդ աչքերի մեջ նայելով»,-քիչ առաջ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Եթե ճիշտ եմ հասկանում, խոսքը նրա մասին է, թե ես ստորագրել եմ կամ պատրաստվում եմ ստորագրել։ Այս պահի դրությամբ ոչ մի թուղթ չեմ ստորագրել, թղթի նախագիծ չկա այսօր իմ սեղանին դրած, որը պետք է ստորագրվի կամ ոչ։ Առաջիկա օրերին էլ նման բան նախատեսված չէ։ Վերաբերմունք արտահայտեք այն աղբյուրների հանդեպ, որոնք նման բան են տարածում։ Զինվորները զանգում, հարցնում են՝ ճի՞շտ է, որ թուղթ եք ստորագրել։ Ադրբեջանական կայքերում դա պաշտոնական լրահոսի կարգավիճակ է ստացել։ Թուղթ չկա, նախագիծ չկա ստորագրելու կամ չստորագրելու»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում բառացի ասել է․ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»։

Այս հայտարարությունից վրդովված մեծ թվով քաղաքացիներ այս պահին հավաքվել են Բաղրամյան պողոտայում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է իրականացնում ՀՀ-ի սուվերեն տարածքների դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930