«Հայելի» ակումբում ամփոփելով անցած շաբաթվա կարեւոր իրադարձությունները՝ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն անդրադարձավ Պրահա մեկնելուց առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթներին:
«Հատկապես Պրահա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ բուն այցելությունը տրամաբանական կապ ունեն միմյանց հետ: Պրահայից առաջ հայտարարություններով են հանդես եկել եւ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի պաշտպանության նախարարը: Այսինքն, ըստ էության նրանք նախապատրաստել են այդ հանդիպումները: Ի՞նչ են ասել այդ երեք գործընկերները մինչեւ Պրահա մեկնելը:
Իլհամ Ալիեւը Աղդամում շինարարության ինչ-որ մի համաժողովում ասել է հետեւյալը. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տեւի: Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի հարցում, քանի որ վերջերս կայացել է արտաքին գործերի նախարարների հանդիպումը, խաղաղության պայմանագրի նախապատրաստման նման կարգի առաջին հանդիպումը»:
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում եւ խնդրել է, որպեսզի Իլհամ Ալիեւը ներկայացնի Հայաստանի այն քարտեզը, որի ամբողջականությունը կճանաչի Ադրբեջանը:
Կարդացեք նաև
Մնացել է, որ Ադրբեջանը որոշի, թե որոնք են Հայաստանի սահմանները, որով պետք է ինքնիշխանություն հաստատվի Հայաստանում:
Եվ Ադրբեջանն էլ հիմա ոչ միայն այդ քարտեզը չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, այլ սեպտեմբերի 13-ին եւ 14-ին, Պրահա մեկնելուց 22 օր առաջ վերաձեւում է այդ քարտեզը ու արդեն ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք:
Այս ընթացքում՝ Պրահա մեկնելուց առաջ, Բաքու է այցելել Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ այնտեղ հայտնել, որ հայ-թուրքական գործընթաց որպես այդպիսին կարող է լինել միայն Ադրբեջանի պահանջները Հայաստանի կողմից կատարելուց հետո: Ես բառացի չեմ ցիտում, այլ փոխանցում եմ նրա հայտարարությունների բովանդակությունը, էությունը: Նա, մասնավորապես, նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կառուցելու է՝ հաշվի առնելով ադրբեջանցի իրենց եղբայրների շահերը: Իսկ թե ինչ են ենթադրում Ադրբեջանի շահերը, այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Պրահա մեկնելուց առաջ ԱԺ նիստում, այլ դեռեւս 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, մարտական գործողությունների ժամանակվա ԱԺ նիստում՝ մասնավորապես, հայտարարելով, որ Ադրբեջանի պաշտոնյաները իրենց նկրտումները Հայաստանի տարածքի վերաբերյալ արտահայտում են ոչ միայն իրենց հրապարակային խոսքում, այլ նաեւ դիվանագիտական հանդիպումների եւ բանակցությունների ժամանակ: Եվ դա վերաբերում է Նռնաձորին, ներառում Սյունիքի մարզը եւ հասնում մինչեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւան:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը Պրահա մեկնելուց առաջ խոստովանում է, որ Ադրբեջանը ուղիղ տարածքային հավակնություններ ունի Երեւանից սկսած՝ Հայաստանի ողջ հարավային ռեգիոնի, այսինքն, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի նկատմամբ, բնականաբար, նաեւ Ալիեւի մյուս հայտարարությունները՝ Սեւան, Տավուշ եւ այլն:
Այսինքն, նա ուղիղ պատրաստ է Ալիեւին հանձնել այն, ինչ Ալիեւն ուզում է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































