«Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների մասնակիցների՝ ճնշումների վերաբերյալ հրապարակումներին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել դիմել ուղիղ իրեն՝ էլփոստի հասցեով։
Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կարդացեք նաև
«ՁԵԶ ՍՏՈՒՄ ԵՆ, ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ…
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ին իմ կայացրած որոշման վերաբերյալ անդրադարձին՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալը.
Նշված որոշմամբ աշխատանքից ազատել եմ Մասիս համայնքի Ազատաշեն բնակավայրի վարչական ղեկավարին՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հիմքով։
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Համայնքային վարչական պաշտոններն են… բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները»։ Նույն հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է, որ «վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում»։
Հաշվի առնելով վարչական ղեկավարի՝ իր քաղաքական ուղղվածությունը և դիրքորոշումը փոխելու մասին հայտարարությունը՝ ղեկավարվելով վերոնշյալ իրավական հիմնավորմամբ՝ կայացվել է որոշումը։
Հանրության համար առավել ընկալելի օրինակով բացատրեմ իրավիճակը.
Պատկերացրեք՝ մարզպետը, նախարարը կամ նրա տեղակալը հայտարարում է, որ չի կիսում կառավարության որդեգրած քաղաքական ուղղվածությունը և միանում է ընդդիմությանը, սակայն շարունակում է պաշտոնավարել՝ պահպանելով իր քաղաքական պաշտոնը։ Արդյո՞ք նման իրավիճակում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հանգամանքը չպետք է դիտարկվի։
Հ.Գ.
1. Մասիս համայնքում որևէ մեկը չի կարող մեր կողմից քաղաքական հետապնդման ենթարկվել։ Մեր թիմը քաղաքական հետապնդումը համարում է թույլերի ձեռագիր։
2. Պարո՛ն վարչապետ, Երևանից Մասիս համայնք գործուղված անձը և Ձեր կուսակցության որոշ նոր անդամներ Ձեզ ոչ հավաստի տեղեկատվություն են փոխանցում։
3. Մնացածի մասին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»։




















































