Ալիեւը՝ ինքնուրույն խաղացողի դերում, գծո՞ւմ է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների սահմանները
Հիջաբի շուրջ վեճից մինչեւ քաղաքական հակասությունների բացահայտում
Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում վերջին օրերին նկատվող լարվածությունը դժվար է բացատրել միայն ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների շուրջ ծագած դժգոհությամբ։ Թեեւ հակասության անմիջական պատճառը դպրոցական հագուստի կանոնակարգի կիրառումն է, դրա շուրջ ծավալվող հրապարակային բանավեճը բացահայտում է երկու դաշնակից պետությունների հարաբերություններում առկա ավելի խորքային խնդիրներ։ Դրանք վերաբերում են ոչ միայն կրոնին եւ աշխարհիկ պետության սկզբունքներին, այլեւ քաղաքական ազդեցությանը, տարածաշրջանային առաջնորդությանը, արտաքին քաղաքական առաջնահերթություններին եւ այն հարցին, թե որքանով է Բաքուն պատրաստ ընդունել Անկարայի՝ ավանդական «ավագ եղբոր» դերը։
Հոկտեմբերի սկզբից ադրբեջանա-թուրքական հարաբերություններում ի հայտ եկած տարաձայնություններն աստիճանաբար դուրս են եկել անուղղակի ակնարկների շրջանակից։ Ադրբեջանի իշխանությունները փորձում են սահմանափակել արտաքին միջամտությունը ներկայացվող ցանկացած քննադատություն, իսկ թուրքական քաղաքական եւ հասարակական շրջանակների մի մասը բացահայտորեն դժգոհություն է հայտնում Բաքվի վարած քաղաքականությունից։ Առանձնահատուկ նշանակություն ուներ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության համագումարում, երբ նա հայտարարեց, որ Ադրբեջանն իր հաղթանակին հասել է սեփական ուժերով, որ իրեն անհրաժեշտ պահին ոչ ոք չի օգնել, եւ որ երկիրը զենքը ձեռք է բերել սեփական միջոցներով՝ միջազգային շուկայում վճարելով դրա համար։ Նա նաեւ ընդգծեց, որ Ադրբեջանը ոչ մեկի հովանավորության կարիքը չունի, իսկ արտաքին ուժերը չպետք է միջամտեն իր ներքին գործերին։ «Մենք միայնակ կանգնած էինք», «մենք մեր հաղթանակին հասել ենք ամբողջությամբ ինքնուրույն»՝ այս ուղերձների իմաստը դուրս էր գալիս զուտ ներքաղաքական ինքնագովեստի սահմաններից։
Կարդացեք նաև
Թեեւ Ալիեւը Թուրքիայի անունը չնշեց, նրա խոսքի բովանդակությունը մեկնաբանությունների տեղիք տվեց հենց թուրք-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։ Հատկապես ուշագրավ էր այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը, ներկայացնելով Ղարաբաղյան պատերազմների արդյունքները, շեշտադրումը դրեց ոչ թե դաշնակիցների աջակցության, այլ ադրբեջանական պետության ինքնուրույնության, սեփական ռեսուրսների եւ քաղաքական կամքի վրա։ Սա ինքնին չի նշանակում, որ Բաքուն ժխտում է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության նշանակությունը։ Սակայն նշանակում է, որ Ալիեւը ցանկանում է իր երկրի հաղթանակներն ու տարածաշրջանային դիրքի ամրապնդումը ներկայացնել որպես առաջին հերթին ադրբեջանական իշխանության եւ անձամբ իր քաղաքականության արդյունք։
Այս մոտեցումը պատահական չէ։ Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլերի ավարտից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգը փոխվել է։ Եթե նախկինում Թուրքիայի աջակցությունը կարեւոր էր ռազմական եւ դիվանագիտական նպատակներին հասնելու համար, ապա այժմ Բաքուն ձգտում է ամրապնդել հաղթանակից հետո ձեւավորված դիրքերը, մեծացնել իր միջազգային ազդեցությունը եւ նվազեցնել ցանկացած կախվածություն, որը կարող է սահմանափակել որոշումներ կայացնելու ազատությունը։ Ալիեւի համար խնդիրն այլեւս միայն Թուրքիայի աջակցությունը ստանալը չէ, այլ նաեւ ապացուցելը, որ Ադրբեջանն ունի բավարար տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական կարողություններ՝ սեփական օրակարգը ձեւավորելու համար։
Հիջաբի շուրջ վեճը հենց այս հակասության տեսանելի դրսեւորումներից մեկն է։ Սեպտեմբերին ընդունված դպրոցական հագուստի կանոնակարգում հիջաբի ուղղակի արգելք սահմանված չէ, սակայն դրա աշխարհիկության սկզբունքին վերաբերող դրույթները որոշ դպրոցներում կիրառվել են այնպես, որ հիջաբ կրող աշակերտուհիներին եւ ուսուցչուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին։ Սա առաջացրել է ծնողների եւ աշակերտների դժգոհությունը, բողոքի ցույցեր, դասերի բոյկոտներ եւ ձերբակալություններ։
Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր 37 մարդու ձերբակալության մասին։ Ընդ որում, բողոքի մասնակիցների թվի եւ տարածման աշխարհագրության վերաբերյալ ամբողջական անկախ տվյալներ չկան, ուստի դժվար է վերջնական գնահատական տալ շարժման իրական ծավալին։
Թուրքիայի համար հարցն ունի ոչ միայն կրոնական, այլեւ ներքաղաքական նշանակություն։ Էրդողանի քաղաքական կենսագրության կարեւոր բաղադրիչներից է եղել գլխաշոր կրող կանանց կրթության եւ հանրային կյանքին մասնակցելու սահմանափակումների վերացումը։ Այդ պատճառով թուրքական իշխանության ներկայացուցիչների եւ կրոնական շրջանակների մի մասի համար Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումը հակասական իրավիճակ է ստեղծում. մի պետություն, որը Թուրքիան համարում է իր ամենամոտ դաշնակիցը, իրականացնում է քաղաքականություն, որը թուրքական իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչներ քննադատել են իրենց երկրի պատմական փորձի տեսանկյունից։
Սակայն խնդիրը միայն կրոնական համերաշխությունը չէ։ Բաքուն թուրքական քննադատությունն ընկալում է որպես սեփական ներքին քաղաքականության վրա ազդեցություն գործադրելու փորձ։ Ադրբեջանի իշխող կուսակցությունը հոկտեմբերի 13-ին թուրք պաշտոնյաների հայտարարությունները որակել է «անպատասխանատու» եւ զգուշացրել, որ դրանք կարող են վնասել երկկողմ հարաբերություններին։ Միաժամանակ Բաքուն հղում է արել «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ ընդգծելով, որ այդ ձեւակերպումը չի վերացնում երկու երկրների ինքնիշխանությունը եւ չի տալիս մեկին մյուսի ներքին գործերին միջամտելու իրավունք։
Այսպիսով, հիջաբի շուրջ վեճը դարձել է ավելի մեծ քաղաքական հակասության խորհրդանիշ։ Խնդիրն այն չէ, որ երկու երկրները հանկարծ դադարել են դաշնակից լինել։ Խնդիրն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը փորձում է հստակեցնել դաշնակից լինելու սահմանները եւ հասկանալ, թե ով ինչ չափով կարող է ազդեցություն ունենալ մյուսի որոշումների վրա։
Ալիեւի ինքնուրույնության հռետորաբանությունը իշխանության կենտրոնացման գործիք է
Ալիեւի հոկտեմբերի 2-ի ելույթը կարեւոր էր ոչ միայն թուրք-ադրբեջանական հարաբերությունների, այլեւ Ալիեւի արտաքին քաղաքական մտածողության տեսանկյունից։ Նրա խոսքում մի քանի անգամ կրկնվում էին ինքնուրույնության, տնտեսական անկախության, ռազմական հզորության եւ արտաքին հովանավորությունից հրաժարվելու գաղափարները։ Ալիեւը հայտարարում էր, որ Ադրբեջանը չի ցանկանում միանալ որեւէ ճամբարի, հարաբերություններ է կառուցում տարբեր ուժային կենտրոնների հետ եւ իր արտաքին քաղաքականությունը պետք է իրականացնի ոչ թե պաշտպանողական, այլ նախաձեռնողական դիրքերից։ Նա նաեւ առանձնահատուկ շեշտադրում էր այն հանգամանքի վրա, որ երկիրը զենք է գնել սեփական միջոցներով, այլ ոչ թե ստացել անհատույց օգնության տեսքով։
Այս հայտարարությունները կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի հետպատերազմյան քաղաքական ինքնության ձեւավորման մաս։ Ալիեւը ցանկանում է, որ Ադրբեջանը ընկալվի ոչ թե որպես Թուրքիայի աջակցությամբ ուժեղացած պետություն, այլ որպես ինքնուրույն տարածաշրջանային խաղացող, որն ունակ է միաժամանակ հարաբերություններ պահպանել տարբեր կենտրոնների հետ՝ առանց որեւէ մեկի ազդեցության ներքո հայտնվելու։ Այդ նպատակին են ծառայում նաեւ Բաքվի հարաբերությունները Եվրամիության առանձին երկրների, Չինաստանի, Միացյալ Նահանգների, Կենտրոնական Ասիայի պետությունների եւ Իսրայելի հետ։
Այս քաղաքականությունը, սակայն, ունի իր ներքին տրամաբանությունն ու սահմանափակումները։ Ալիեւի հայտարարությունը, թե Ադրբեջանը «Ղարաբաղյան հաղթանակին հասել է միայնակ», քաղաքական ուղերձ է, այլ ոչ թե տարածաշրջանային պատերազմի բոլոր գործոնների ամբողջական նկարագրություն։ Ռազմական հաջողությունների պատճառները վերլուծելիս հնարավոր չէ անտեսել Ադրբեջանի սեփական ռազմական ներդրումները, տարիների ընթացքում կուտակած տնտեսական ռեսուրսները, սպառազինության ձեռքբերումը եւ Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը։ Հետեւաբար, «միայնակ հաղթանակի» շեշտադրումը պետք է հասկանալ նախեւառաջ որպես քաղաքական ինքնուրույնության ցուցադրում եւ հաղթանակի հեղինակության կենտրոնացում ադրբեջանական պետության վրա։
Այստեղ կարեւոր է նաեւ անձնական իշխանության գործոնը։ Ալիեւի քաղաքական համակարգում ռազմական հաղթանակը դարձել է իշխանության լեգիտիմության առանցքային աղբյուրներից մեկը։ Եթե այդ հաղթանակը ներկայացվում է որպես արտաքին դաշնակցի օգնության արդյունք, ապա դաշնակիցը կարող է որոշակի քաղաքական հեղինակություն պահանջել դրա դիմաց։ Իսկ եթե հաղթանակը ներկայացվում է որպես սեփական ուժերով ձեռք բերված արդյունք, ապա դրա ամբողջ քաղաքական շահը կարող է վերագրվել պետությանը եւ նրա ղեկավարին։ Հետեւաբար, ինքնուրույնության հռետորաբանությունը նաեւ իշխանության կենտրոնացման գործիք է։
Ալիեւը, ըստ էության, փորձում է միաժամանակ երկու նպատակի իրագործման։ Առաջինը՝ պահպանել Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը, քանի որ այն շարունակում է կարեւոր նշանակություն ունենալ անվտանգության, ռազմական կապերի, էներգետիկայի եւ տրանսպորտային հաղորդակցությունների համար։ Երկրորդը՝ թույլ չտալ, որ այդ համագործակցությունը վերածվի քաղաքական ենթակայության կամ Բաքվի որոշումների նկատմամբ Անկարայի վերահսկողության մեխանիզմի։ Այս երկու նպատակները պարտադիր չէ, որ իրար բացառեն, բայց դրանց միջեւ հավասարակշռությունը կարող է դառնալ հարաբերությունների լարվածության մշտական աղբյուր։
Բաքվի համար կարեւոր է նաեւ ցույց տալ, որ իր արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում թուրքական օրակարգով։ Իսրայելի հետ ռազմավարական, ռազմական եւ էներգետիկ կապերի պահպանումը դրա ամենաակնառու օրինակներից է։ Մինչ Թուրքիան Գազայի պատերազմի ընթացքում կտրուկ քննադատել է Իսրայելի գործողությունները, Ադրբեջանը շարունակել է հարաբերությունները Իսրայելի հետ՝ առաջնորդվելով սեփական անվտանգության եւ տնտեսական շահերով։ Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի իշխող կուսակցությունը նաեւ պաշտպանել է Իսրայելի հետ հարաբերությունները՝ դրանք ներկայացնելով որպես միջազգային իրավունքի եւ փոխադարձ շահերի շրջանակում կառուցված կապեր։
Բաքվի համար սա բազմավեկտոր քաղաքականության ցուցադրություն է. Թուրքիան ռազմավարական դաշնակից է, բայց ոչ միակ գործընկերը եւ ոչ էլ այն պետությունը, որի դիրքորոշումը պետք է ինքնաբերաբար որոշի Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը։ Ալիեւը ձգտում է օգտվել տարբեր կենտրոնների հետ հարաբերություններից՝ պահպանելով մանեւրելու հնարավորությունը։ Նման քաղաքականությամբ նա ձգտում է բարձրացնել Ադրբեջանի բանակցային արժեքը, սակայն միաժամանակ մեծացնում է հակասությունների հավանականությունը այն գործընկերների հետ, որոնք ակնկալում են ավելի մեծ համերաշխություն իրենց համար առաջնահերթ հարցերում։
Այսպիսով, Ալիեւի ուղերձը պետք չէ ընկալել որպես Թուրքիայի հետ հարաբերությունները խզելու պատրաստակամության ապացույց։ Ավելի ճիշտ է այն մեկնաբանել որպես դաշնակցային հարաբերությունների ներսում ինքնուրույնության սահմանները վերագծելու փորձ։ Ալիեւը, թերեւս, ցանկանում է պահպանել Թուրքիայի աջակցությունը, սակայն միաժամանակ ապացուցել, որ այդ աջակցությունը չի տալիս Անկարային իր քաղաքականության վրա որոշիչ ազդեցություն ունենալու իրավունք։
Շարունակությունը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.10.2026



















































