Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնվել է քրեական վարույթ․ գյումրեցի իրավապաշտպանին Շիրակի դատախազի թեմայով հրավիրել են ԱԱԾ

Հոկտեմբեր 10,2022 15:57

Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տեղեկացմամբ, այսօր իրեն հրավիրել են ԱԱԾ՝ Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանի մասին իր արած հայտարարությունների հետքերով:

«Ինձ հրավիրել են ԱԱԾ՝ տեղեկացնելով, որ մամուլով արած իմ հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրգործ: Հրավիրել են, որպեսզի ներկայացնեմ ՝ ինչ է տեղի ունեցել։

Անկեղծ ասած՝ ուզում եմ հավատալ, որ ԱԱԾ-ն իսկապես տրամադրված է գործի ամբողջական հանգամանքները բացահայտելու և ճիշտ իրավական գնահատական տալու։ Որպես առաջին քայլ՝ շատ կարևոր է, որ Շիրակի մարզի դատախազի պաշտոնավարումը կասեցվի, հակառակ դեպքում հավանականությունը, որ քրգործը մինչև վերջ արդար կգնա, կասկածի տակ է»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Վերջինս ասաց, որ հստակ տեղեկություն չունի, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է քրեական գործ հարուցված, ինքն ԱԱԾ-ի կենտրոնական վարչություն է ներկայանալու այսօր ժամը 15․00-ին, շատ հարցերի պատասխան տեղում կստանա։

Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ աղմկոտ հայտարարություններ անելով։ Ըստ նրա, Շիրակի դատախազը իր նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել, և երբ ինքն այս մասին բարձրաձայնել է սոցիալական ցանցերում՝ քննադատելով դատախազին, վերջինս քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ «գործարք առաջարկելով»։

Կարապետ Պողոսյանի այս հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն՝ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ։

Նշենք, որ Կարապետ Պողոսյանի ասուլիսից հետո Aravot.am-ը դիմել էր գլխավոր դատախազություն՝ թեմայի շուրջ երկրորդ կողմի պարզաբանումները ևս լսելու, սակայն անարձագանք էր մնացել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31