Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում չկա արդարադատություն, ու դա չկա վաղուց, նման գործերը ևս այդ ամեն ինչի ապացույցն են. Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 10,2022 21:12

Ակնհայտ է, որ Գերասիմ Վարդանյանն արդեն 5 ամիս է, շարունակում է ապօրինի կալանքի տակ մնալ, դա բոլորի՝ այդ թվում նաև էս ստրկամիտ դատավորների համար, ակնհայտ է, որ իրենք քաղաքական պատվեր են կատարում, և Գերասիմը, ըստ էության, անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար։ Այս մասին Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր, մերժեց 14 պատգամավորների և 10 մլն դրամով Վարդանյանին ազատ արձակելու միջնորդությունը և երեք ամսով երկարացրեց նրա կալանքը:

«Անձամբ դավաճան կապիտուլյանտի հրամանով Գերասիմին ապօրինի կալանքի տակ են պահում արդեն 5 ամիս։ Հայաստանում չկա արդարադատություն, ու դա չկա վաղուց, նման գործերը ևս այդ ամեն ինչի ապացույցն են։ Ամիսներ շարունակ մեր ընկերներին, իրենց քաղաքական հայացքների համար պահում են անազատության մեջ։ Մի քանի օր առաջ տղաներից մի քանիսը գրավով ազատ արձակվեցին, իսկ Գերասիմի գործով դատավորը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում չկա արդարադատություն»,- ասաց նա։

Սաղաթելյանը զուգահեռներ տարավ Խաչատուր Սուքիասյանի եղբոր և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ վարած արդարադատության միջև․ «Օրինակ՝ իրենց պատգամավոր Գռզոյի եղբայրը Երևանի կենտրոնում մարդ է կրակում, գրավով ազատ է արձակվում, կամ Սյունիքի մարզպետի տղան խուլիգանություն է անում, էսօր ազատության մեջ է, բայց ամբողջովին չհիմնավորված, ինչ-որ կասկածանքով, ենթադրությամբ մարդուն կալանքի տակ են պահում։ Սա է այսօր իրականությունը։ Լավ, ասենք թող պահեն Գերասիմին կալանքի տակ, միևնույնն է չեն մարսելու, շուտ թե ուշ հատ-հատ պատասխան են տալու, ու մեր երկրում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի»,- ասաց նա։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի ընտրությանը հորդորեց հարցը համակարգային տեսանկյունից դիտարկել․ «Մեկ թուրքահպատակ կուսակցության կողմից զավթվում են երկրի բոլոր պետական մարմինները. ՍԴ նախագահ ում է նշանակում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ով է դառնում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ով է դառնում։ Էս է Հայաստանում ժողովրդավարությունը, ջերմ բարևներս տիկին Վիկտորինին՝ Եվրամիության ներկայացուցչին և բոլոր նրանց, ովքեր իրենց աչքերը փակել են և ասում են՝ Հայաստանում կա ժողովրդավարություն։ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է և դա օր առաջ պետք է վերականգնվի»,- ասաց նա։

Նա մեկ օրինակ բերեց. «Վերջերս ՏԻՄ ընտրություններ էր, մարդը ժողովրդի կողմից ընտրվում է համայնքի ղեկավար, նրան թողնում են կալանքի տակ՝ խլելով ժողովրդից ստացած քվեն։ 11 ամիս ապօրինի կալանքի տակ պահեցին Բերդի համայնքապետին։ Մեր երկրում փորձում են հաստատել մեկ մարդու դիկտատուրա, որպեսզի կարողանան ավելի լիարժեք ու ավելի ամբողջությամբ ծառայել թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ նման դատավորներն ու դատախազներն էլ ընդամենը գործիք են այդ արանքում, ում վզներին ևս կա արյուն։ Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում պահում են Նիկոլի իշխանությունը, հստակ պետք է իմանան, որ իրենց յուրաքանչյուրի վզին կա արյուն։ Վերջին զոհերը, 200-300 հոգու արյունը նաև իրենց վզին է, որովհետև իրենք պահում են Նիկոլի իշխանությունը, Նիկոլը շարունակում է մարդկանց սպանել, շարունակում է երկիրը հանձնել, հետևաբար իրենք փայ են երկիրը հանձնելու ու բոլոր զոհերի համար»,- ավելացրեց պատգամավորը։

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ցույցերին, մասնավորապես՝ «Ազատություն» ռադիոկայանի շենք մուտք գործելու դրվագին։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31